«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը օրերս դատարանում ուշագրավ հայտարարություն է արել իր առողջականի մասով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Ի դեպ , ներկայումս դատարանում քննվում է այն հարցը, թե Թորոսյանին տանե՞ն հարկադիր բուժման, թե ոչ, սակայն վերջինս ուշագրավ հայտարարություն է արել:
Ինչպես հայտնի է, աղմկահարույց այս գործը դատարանում է, եւ քրեական գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը: Արթուր Թորոսյանը անմեղսունակ է ճանաչվել։ Թորոսյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն: Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ բան: Եթե Արթուր Թորոսյանը ի սկզբանե առողջական խնդիրներ է ունեցել, ապա նա ինչպե՞ս է կարողացել օրինական ճանապարհով զենք գնել եւ այդ զենքով ներխուժել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն:
Այս հարցերի պատասխանը փորձել էինք ստանալ փաստաբան Էդուարդ Աղաջանյանից, որը հայտնեց . «Այո՛, այդ հարցը հետաքրքրել է նաեւ վարույթ իրականացնող մարմնին, քանի որ մի կողմից, ըստ դատահոգեբուժական փորձաքննության, վերջինս տառապել է եւ տառապում է հոգեկան հիվանդությամբ, մյուս կողմից, դեպքը կատարվելուց մեկ շաբաթ առաջ վերջինս համապատասխան բուժհիմնարկից տեղեկանք է ստացել, որ ինքը հոգեպես առողջ է, ու այդ տեղեկանքը վերջինիս իրավունք է տվել օրինական կարգով զենք ձեռք բերել:
Այս առումով վարույթն իրականացնող մարմինը համապատասխան միջնորդագիր է ներկայացրել նշված բուժհիմնարկին , թե ինչպես է` այդ հիվանդությունը չի նկատվել բուժհիմնարկի աշխատակիցների կողմից եւ նրան հոգեպես առողջ լինելու մասին տեղեկանք են տրամադրել, ինչի շնորհիվ նա ձեռք է բերել զենք՝ օրինական ճանապարհով : Նկատենք` բուժհիմնարկը այդ հարցին չի պատասխանել․ այդ հարցի պատասխանը առանձին կքննվի: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ , որ վերոնշյալ տեղեկանքը, թե իբր Արթուր Թորոսյանն առողջական խնդիր չունի, տրամադրել է Արտաշատի պոլիկլինիկան:
Ստացվում է, որ իրավապահները «Էրեբունի պլազայի» կրակոցների գործով տարբեր դրվագներով քննություն են իրականացնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.