ՀԱՐՑ. Գազամատակարարման աշխատանքներն իրականացնելու համար Եսաման Ալավերդյանից պահանջում են, որպեսզի նա վճարի 70.000 դրամ, բայց նա այդքան գումար չունի: Նա զոհված ազատամարտիկի մայր է, միայնակ թոշակառու: Այդ հարցով բազմիցս դիմել է քաղաքապետարան, թաղապետարան, բայց ապարդյուն: Կցանկանայի օրենքն իմանալ, թե զոհված ազատամարտիկի մայրն ինչ արտոնություններից կարող է օգտվել, արդյոք այս դեպքում զեղչային որեւէ համակարգ չի գործում: Խնդրում եմ հնարավորության սահմաններում օգնել: Անահիտ Ալավերդյան, 40 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշման պահանջներից ելնելով` ՀՀ պաշտպանության նախարարի 04.03.2008թ. թիվ 255 հրամանով հաստատված կարգի համաձայն` զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների դիմելու դեպքում որպես սոցիալական աջակցություն տրվում է 5-10 հազար դրամ միանվագ դրամական օգնություն` ԶՍՊ վարչության պետի որոշմամբ: Վերը նշված որոշման եւ հրամանով հաստատված կարգի համաձայն` զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների ամուսնության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվում է հարյուր հազար դրամ միանվագ դրամական օգնություն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների համար բնակարանի գազաֆիկացման նպատակով դրամական օգնություն կամ զեղչ օրենքով նախատեսված չէ: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ազատամարտիկի մայրը ՊՆ դիմի, միգուցե 5000-10.000 դրամ հատկացվի վերջինիս, ինչը, միեւնույն է, չի բավարարի բնակարանը գազաֆիկացնելու համար: Այսուհանդերձ, մենք հետեւողական ենք լինելու Եսաման Ալավերդյանի բնակարանի գազաֆիկացման հարցը «Հայռուսգազարդ»-ի միջոցով անվճար լուծելու համար:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ