Հավատում եմ, որ իմ հետազոտությունները կարող են ծխողներին օգնել ավելի լավ ուղի ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաղանդավոր հայերն ամենուր են։ Սա Լուսինե Խաչատրյանի պատմությունն է՝ հայ գիտնական, Կենսաբժշկական գիտությունների դոկտոր, ով աշխատում է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության «Cube» գիտահետազոտական կենտրոում՝ Շվեյցարիայի Նևշատել քաղաքում։ Լուսինեն հավատում է, որ իր հետազոտությունները կարող են ծխողներին օգնել ավելի լավ ուղի ընտրել և անկեղծորեն ուրախ ու հպարտ է, որ ՖՄԻ ընկերության գիտահետազոտական կենտրոններից մեկն այժմ գտնվում է Հայաստանում։

 

Հարգելի՛ Լուսինե, խնդրում եմ մի փոքր պատմեք Ձեր մասին՝ կրթություն, աշխատանքային փորձ, հոբբիներ։

Մագիստրոսի աստիճանս ստացել եմ Մոսկվայի Լոմոնոսովի Պետական Համալսարանի Կենսաինժեներիայի և Կենսաինֆորմատիկայի Ֆակուլտետում։ Իմ մագիստրոսական նախագիծն իրականացրել եմ Հոլանդիայի Լեյդենի համալսարանի հետ համատեղ․ այս ուժեղ կապի շնորհիվ էլ ես վերադարձա Լեյդեն՝ սկսելու իմ ասպիրանտուրայի ծրագիրը և ստացա Կենսաբժշկական գիտությունների դոկտորի աստիճան։

 

Դուք Հայաստանու՞մ եք ծնվել, Ձեզ հայ համարու՞մ եք։

Այո՛, ես ծնվել եմ Հայաստանում՝ իմ համեստ կարծիքով ամենագեղեցիկ փոքրիկ քաղաքում՝ Ջերմուկում։ Ես միջազգային ընտանիք ունեմ՝ մայրս ռուս է, հայրս՝ հայ։ Երբ ընդամենը չորս տարեկան էի, տեղափոխվեցինք Ռուսաստան․ վերջին տասը տարիների ընթացքում ես ապրել եմ շատ տարբեր երկրներում՝ Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Կանադայում և Շվեյցարիայում,ամուսինս դանիացի է։ Այսպիսով՝ չեմ կարող ասել, որ հոգիս մեկ ազգի կամ վայրի է պատկանում։ Ընդհակառակը, ես հպարտ եմ բազմամշակութային լինելու հանգամանքով։Ես հարգում եմ իմ հայկական ժառանգությունն ու միշտ փորձում եմ ընդլայնել Հայաստանի հետ իմ կապը՝ հատկապես հորս մահից հետո։ Ես հավատում եմ, որ արմատներս ավելի լավ ճանաչելն օգնում է ինքս ինձ ավելի լավ ճանաչել։

Առաջին գումարը, որն աշխատել եմ, եղել է իմ համալսարանական տարիների ընթացքում՝ երեխաներին ուսուցանելով, երբ այցելում էի Հայաստան։ Այդ ժամանակից իվեր՝ փորձում եմ ինչքան հնարավոր է հաճախ գնալ Հայաստան ու հանդիպել այնտեղ ապրող ընտանիքիս անդամներին։ Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2019թ․-ին։ Մենք մեկ այլ արձակուրդ էինք ծրագրել 2020թ․ Ջերմուկում անցկացնելու համար, բայց, դժբախտաբար, կորոնավիրուսի ճգնաժամը հետաձգեց մեր բոլոր ծրագրերը։ Եվ, իհարկե, ես փորձում եմ Հայաստանի նկատմամբ ունեցած սերը փոխանցել երեխայիս։ Նա ավելի բազմամշակույթ է, քան ես, բայց ես հույս ունեմ, որ մի օր Հայաստանն իր ապշեցուցիչ մշակույթով, հզոր և ողբերգական պատմությամբ և աննկարագրելի ջերմ հոգով նրա սրտում տեղ կգտնի։

Չեմ կարող պնդել, որ Հայաստանից դուրս ապրելը դժվար է։ Ի վերջո՝ ծնողներս տեղափոխվեցին Ռուսաստան՝ ամեն ինչ հետևում թողնելով, քանի որ եղբայրներիս ու ինձ համար ավելի լավ ապագա էին ցանկանում։ Դա շատ ցավալի էր։ Ես կարոտում էի լեռները, ընկերներիս, անհամար զարմիկներիս։ Ես կարոտում էի հայերի վերաբերմունքը երեխաների նկատմամբ։ Ձմեռները Ռուսաստանում անտանելի ցուրտ էին, բնատեսարանը՝ ահավոր հարթ։

 

Ինչու՞ ընտրեցիք գիտությունն ու որոշեցիք Ձեր ապագան կառուցել՝ նվիրվելով այս ոլորտին։ Ի՞նչը գրավեց Ձեզ։

Հայրս միշտ կատակում էր, որ կրթությունը կնոջն անհրաժեշտ է միայն իր ամուսնու հետ հետաքրքիր զրույց պահպանելու համար։ Իհարկե, նա ցանկանում էր, որ ես գումար աշխատելու ընդունակ մասնագետ դառնամ, և նա ամեն ինչ արել է իմ երազանքներին աջակցելու համար։ Այնուամենայնիվ, նա միշտ ընդգծել է, որ ինձ համար ընտանիքը պետք է լինի առաջնային։ Մեկ անգամ նա ինձ ասաց, որ գիտության ոլորտում կարիերան ինձ կզրկի հաջող ամուսնությունից։ Իսկ ես, իհարկե, ցանկանում էի գիտնական դառնալ, որ նրան հակառակն ապացուցեմ։ Դպրոցում ես միշտ առաջիններից էի, սիրում էի կենսաբանությունը, քիմիան ու մաթեմատիկան։ Ծնողներս հույս ունեին, որ կարիերաս կսկսեմ բժշկության ոլորտում, բայց ես հոգուս խորքում միշտ ապստամբ եմ եղել։Կենսաինժեներիան, գենետիկան, մոլեկուլային կենսաբանությունն ինձ համար մարտահրավեր էին, թարմություն և ուղղություններ, որոնց ուղղակի չկարողացա դիմակայել։ Իրականում, հայրս ու ես ստել էինք մայրիկիս՝ խոստանալով, որ կդիմեմ բժշկական ֆակուլտետ, բայց ինքներս փաստաթղթերը տարանք Կենսաինժեներիայի ու Կենսաինֆորմատիկայի ֆակուլտետ։ Ես հավերժ շնորհակալ կլինեմ հորս՝ ինձ աջակցելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ դա իր սեփական տեսակետին դեմ էր։

 

Ինչո՞վ եք զբաղվում «Ֆիլիպ Մորրիս»-ի գիտահետազոտական կենտրոնում։

ՖՄԻ-ի գիտահետազոտական կենտրոնում ես իրականացնում եմ մետագենոմիկայի տվյալների վերլուծություն։ Այն ծրագրերը, որոնց վրա ես աշխատում եմ, հիմնականում նվիրված են մարդկային միկրոբիոտայի բիոինֆորմատիկական վերլուծությանը հիվանդ և առողջ ժամանակ, ինչպես նաև զարգացնում եմ նոր մոտեցումներ այս վերլուծության համար։

 

Ինչու՞ որոշեցիք միանալ ՖՄԻ թմին

 

Բավականին դժվար որոշում էր ինձ համար։ Այրվող սիգարետ ծխելը հորս մահվան պատճառներից մեկն էր։ Սկզբում դիմել էի մեծ վերազգային ընկերությունում հարցազրույցի փորձ ունենալու համար։ Այնուամենայնիվ, դիմումի և հարցազրույցի ընթացքում ծանոթացա Ֆիլիպ Մորիսի նոր առանց ծուխ արտադրատեսակներին և ընկերության աշխարհը ծխից ազատելուն նվիրվածությանը։ Հավատում եմ, որ այստեղ իմ հետազոտությունը կարող է օգնել սիգարետ ծխողներին, ինչպես հայրս էր, ընտրել ավելի լավ ուղին՝ անցնելով առանց ծուխ արտադրատեսակներին։ Դա է պատճառը, որ հպարտ եմ լինել ՖՄԻ Գիտահետազոտական կենտրոնի մի մասնիկ։

 

Ի՞նչ եք զգում այժմ՝ իմանալով, որ ՖՄԻ-ն այժմ գիտահետազոտական կենտրոն է հիմնել Հայաստանում։

Ես անկեղծորեն երջանիկ եմ ու հպարտ, որ ՖՄԻ-ի գիտահետազոտական կենտրոններից մեկն այժմ Հայաստանում է։ Իմ կարծիքով՝ սա երկկողմանի օգտակար որոշում է․ ՖՄԻ-ը հիանալի գործատու է, իսկ Հայաստանը լի է տաղանդավոր և նպատակասլաց մասնագետներով։ Չնայած ես երբեք չեմ համագործակցել հայ կոլեգաներիս հետ, ես գիտեմ որ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր կենսաինֆորմատիկներ։

 

Երիտասարդ հայ տաղանդները հնարավորություն ունե՞ն դառնալ գիտահետազոտական քարտեզի մի մասնիկ։

Մոսկվայում և Լեյդենում ուսանողական տարիներիս ընթացքում հանդիպել եմ փոխանակման ծրագրերով Հայաստանից ժամանած բազմաթիվ երիտասարդների։ Նրանք բոլորն էլ հիանալի գիտելիքներ ունեին գիտության ոլորտում, կազմակերպված էին, նվիրված։ Մեկ այլ բան, որ նկատել եմ՝ կարծում եմ՝ երիտասարդ հայ գիտնականները նոր շրջապատում շատ ավելի լավ էին ադապտացվում՝ ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանից եկած ուսանողների։ Դա կապված է ոչ միայն նրանց արտակարգ լեզվական ունակությունների, այլ նաև բարության, համակործակցելու ունակության և անկեղծության շնորհիվ։ Այսպիսով՝ Հայաստանն ապահովում է կրթության բարձր չափանիշ՝ առնվազն համալսարանական և հետավարտական մակարդակում։

 

Ի՞նչ կմաղթեք այն ուսանողներին, ովքեր ցանկանում են մուտք գործել գիտության աշխարհ։

Մաղթում եմ,որ չվախենան մտածել․ սովորելու գործընթացը կարող է շատ հաճելի լինել։ Իրականում՝ մարդկությանը տրված ամենամեծ հաճույքներից ամենաբացառիկը Ձեր ուղեղն օգտագործելն է։ Անկախ մտածելը խիզախություն է պահանջում, բայց արդյունքները պարգևատրող են։

 

Կցանկանայի՞ք ապրել Հայաստանում։

Կարծում եմ՝ մի քանի տարով Հայաստան տեղափոխվելը հիանալի փորձ կլիներ։ Ես դեռ չունեմ մշտական բնակավայր, դա կապված է իմ և ամուսնուս աշխատանքի բնույթից։ Մենք տեղափոխվում ենք երկրից երկիր, բայց դեռ չենք որոշել որտեղ ենք ցանկանում բնակվել մշտապես։ Հնարավոր է՝ հենց Հայաստանը լինի այդ վայրը։




Լրահոս