«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ՝ պարզելու համար, թե երբ է ի վերջո նախատեսվում ՍԴ դատավորի ընտրությունը խորհրդարանում: Բանն այն է, որ իշխանությունները որոշում էին կայացրել ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 11-ին՝ արտահերթ նիստով, սակայն կարծես թե իշխանությունների համար առաջադրված երեք թեկնածուները դեռեւս խնդրհարույց են:
-Պարո՛ն Շաթիրյան, երբ է տեղի ունենալու սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունը: Շրջանառվում էր, որ այն պետք է կայանար երեկ՝ արտահերթ նիստով, բայց կարծես թե այն նորից չեղարկվել է: Ո՞րն է խնդիրը: Ի՞նչ տեղեկություններ ունեք:
-Բացարձակապես անտեղյակ եմ՝ երբ է տեղի ունենալու ընտրությունը: Ամեն դեպքում, հարցի լուծումը գտնվում է Ազգային ժողովի իրավասության տիրույթում, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Աժ-ի հերթական նստաշրջանը, իսկ հարցին լուծում կտրվի հերթական արտահերթ նիստի միջոցով, դա արդեն Ազգային Ժողովի որոշելիքն է: Այս պահին այս առնչությամբ որեւէ տեղեկատվություն չեմ տիրապետում:
-Այսինքն, Դուք իշխանության ներկայացուցիչների հետ այս հարցով որեւէ զրույց չե՞ք ունեցել:
-Բացարձակապես:
-Հանդիպում ունեցել եք միայն իշխանության ներկայացուցիչների հետ, թե՞ ընդդիմության հետ եւս հանդիպել եք:
-Եթե նկատի ունեք ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին, հանդիպում եղել է իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ: Մյուս երկու խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում չի եղել: Իրենց կողմից այդպիսի նախաձեռնություն չի դրսեւորվել: Ես պատրաստ եմ հանդիպել, որեւէ խնդիր չեմ տեսնում:
-Ընդդիմությունն էլ ասում, որ պետք է թեկնածուն իր ցանկությունը հայտներ, որպեսզի իրենց հետ հանդիպեինք: Փաստորեն երկու կողմից էլ առաջարկ չի՞ եղել:
-Անկեղծ ասած, ես չգիտեմ այդ ձեւաչափով շփումների կոնտեքստում նախաձեռնությունը ումից պետք է գա: Ես կարծում եմ էստեղ որեւէ հստակ բան չկա: Ինքս մեկ անգամ էլ վերահաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել բոլոր ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, եթե նման ցանկություն դրսեւորեն:
-Պարո՛ն Շաթիրյան, մի տեղեկություն էլ կա, որ Դուք միակ թեկնածու եք, որ կարող եք այս պահին ընտրվել խորհրդարանի կողմից, դրական եզրակացություն կա Ձեզ ընտրութան հետ կապված : Մյուս թեկնածուներն են խնդիրը՝ Երվանդ Խունդկարյան եւ Արթուր Վաղարշյան: Դուք իրենց ճանաչո՞ւմ եք, համարո՞ւմ եք, որ իրենք այն աձինք են, որոնք պետք է լինեն Սահմանադրական Դատարանում:
-Մասնագիտական էթիկայից ելնելով՝ ձեռնպահ կմնամ թեկնածուների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց կամ պդնելուց արժանի են, թե՝ ոչ: Անգամ իմ արժանիքների մասով զուտ թող գնահատականներ տան ինձ ընտրելու իրավասություն ունեցող սուբյեկտները: Այս հարցի վերջնական որոշումն Ազգային Ժողովինն է: Նպատակահարմար կհամարեն ընտրել, շատ լավ, չեն համարի՝ կյանքը շարունակվում է:
-Պարո՛ն Շաթիրյան, բացասական եզրակություն է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Երվանդ Խունդկարյանի հետ կապված: Դուք, որպես դատավոր, իրեն չե՞ք ճանաչել:
-Նախ պարոն Խունդկարյանին անձնապես չեմ ճանաչում: Առավել եւս ձեռնպահ կմնամ իր թեկնածության շուրջ եւ ընդհանրապես գործունեության շուրջ գնահատականներ հնչեցնելուց: Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացություններին, ապա օրենքով հստակ ամրագրված է, որ դրանք իրենց բնույթով խորհրդատվական լինելուց զուգահեռ, խորհրդապահական են, այսինքն՝ գաղտնի: Իսկ թե այս արտահոքսը որտեղից է եղել, ես չեմ կարող պատասխանել: Ես անգամ անտեղյակ եմ, թե իմ վերաբերյալ ինչ եզրակացություն է ներկայացվել:
զրուցեց Սոնա Գրիգորյանը