Սեպտեմբերի 10-ին ԱԱԾ -ն նոր բացահայտում է արել ՊԵԿ պաշտոնատար անձանց մասով:
Մասնավորապես, Արմեն Մինասյանը հանդիսանալով ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության «Բավրա» մաքսակետի մաքսային տեսուչ և պաշտոնատար անձ ընդունել է «Նառա տուր» տուրիստական կազմակերպության համասեփականատեր, Թուրքիայի քաղաքացի Երվանդ Քեչիջյանի առաջարկը՝ առանձնապես խոշոր չափերով 1.436.610 ՀՀ դրամի համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել նրա կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող 4.546 կգ ընդհանուր քաշով ուղեբեռը:
Արդյունքում, դրա շուրջ նախնական համաձայնության է եկել պաշտոնատար անձ հանդիսացող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանի, նույն հերթափոխի տեսուչ Արմեն Մարտիրոսյանի հետ:
Դրանից հետո ստանալով խոստացված կաշառքի գումարից 1.000 ԱՄՆ դոլարը, Արմեն Մինասյանը և թվարկված պաշտոնատար անձինք ծառայության շահերին հակառակ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, մաքսային ստուգման չեն ենթարկել Վրաստանից «Բավրա» մաքսակետ մուտք գործած «MAN» մակնիշի VUO 72 CC բեռնատարը, չեն արձանագրել դրա մեջ ընդհանուր 6.617.180 ՀՀ դրամի ընդհանուր մաքսային արժեքով ռետինե խողովակների, տարատեսակ հագուստի, հարդարանյութի և եզրաժապավենի առկայությունը: Ընդհակառակը գործընկերների հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց նշված ուղեբեռն առանց մաքսային ստուգման և ձևակերպման բաց թողնելու նպատակն իրագործելուց խոչընդոտները վերացնելու համար Արմեն Մինասյանը դիմել է ծանոթին ՀՀ քաղաքացի Վարդան Թումանյանին, ով 200 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց օժանդակելով ընկերոջը և ուղեկցելով բեռնատարը «Բավրա» մաքսակետում իր գործողություններով շեղել է այլ մաքսային տեսուչների ուշադրությունը , ինչի արդյունքում Ա. Մինասյանը, Դ. Հակոբջանյանը և Ա. Մարտիրոսյանը պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ բեռնատարի վարորդին թույլատրել են առանց ապրանքների մաքսազերծման հեռանալ մաքսատան տարածքից, դրանով իսկ խաթարելով բնականոն գործունեությունը և էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:
Այս դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվում են նյութեր:
Ք.Մ․