«Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Իսկ ո՞վ է Յոլչյանը: Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր նաեւ Մելքոնյանի հարցաքննության արձանագրությունը, որտեղ նա խոսել էր իրային ունեցվածքի բախշման մասին եւ նշել. «Այդ ժամանակ իրային ծառայության պետը՝ գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք, իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի: Վարդան Պողոսյանը ներկայումս հանգուցյալ է»։ Եվ, ահա, 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորայր Յոլչյանն ազատվեց Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ ժամանակ տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա պաշտոնանկությունը կապված էր հնարավոր չարաշահումների հետ:
Եւ ի՞նչ է ստացվում հիմա. «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը, որի անունը կապվում է մարտի 1-ի արյունալի իրադարձությունների օրը ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովելու գործընթացի հետ, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն եւ նաեւ հետաքրքրվեց, թե ինչ պաշտոն է ստացել Նորայր Յոլչյանը: Ի պատասխան՝ ՊՆ լրատվականից հայտնեցին, որ Յոլչյանը նշանակվել է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, որը քաղծառայողի պաշտոն է, նշանակվել է օրենքով սահմանված կարգով՝ մրցույթով, 2020 թ-ի փետրվարին: Դե, իհարկե, մրցույթով, թափանցիկ, օրինական եղանակով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չի ընտրելու նախագահի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանին: Բանն այն է, որ իշխող խմբակցությունն այսպես որոշել է հակադրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը հուլիսի 3-ին՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Սահմանադրական դատարանի դատավորներին պետք է ուղղակի նշանակել հետագայում,ոչ թե ընտրել»: Եվ այժմ, մերժելով նախագահի առաջադրած թեկնածուին, իշխող խմբակցությունը ցանկանում է ցույց տալ, որ դեմ է նաեւ Արմեն Սարգսյանի առաջադրած տարբերակին եւ թեկնածուին: Այսինքն՝ իրավիճակն ավելի է թեժանում, եւ, բացի Վճռանեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը հակադրվելուց, իշխող խմբակցության անդամները որոշել են այսպես հակադարձել նաեւ հանրապետության նախագահին: Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներքին կարգով վատ եզրակացություն էր տվել Երվանդ Խունդկարյանի կատարած աշխատանքի մասով եւ ընդգծել, որ Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել Հայաստանը: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը, այդ եզրակացությունից ելնելով, կարող է նրան էլ դեմ քվեարկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը մինչ այս ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր, եւ նախագահի տեղակալի նոր ընտրություն կատարելը կապված է հենց այն հանգամանքի հետ, որ վերջինս դուրս է եկել խմբակցությունից: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, նա իրավունք չունի լինել հանձնաժողովների, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովների եւ խորհրդարանական կազմակերպությունների կազմերում: Եվ, ահա, ելնելով այդ հանգամանքից՝ այժմ Սերգեյ Բագրատյանի փոխարեն պետք է նոր թեկնածու առաջադրվի այդ պաշտոնի համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Վարդեւան Գրիգորյանը: Հավելենք, որ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Սերգեյ Բագրատյանի անունը հանված է նաեւ ԱԺ պաշտոնական կայքից, եւ առաջիկայում փոփոխություններ կլինեն նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում:
Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, այսօր պարզ է դառնում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը բավականին կրճատվել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր հանրապետություն հունվար-հունիս ամիսներին ժամանել է 311 հազար 264 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 770 հազար 55: Մյուս կողմից՝ ապրիլ-հունիսին ՀՀ սահմանային անցման կետերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով արձանագրված ժամանողները եւ մեկնողները որակվել են որպես զբոսաշրջիկ, քանի որ, ըստ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման, անցակետով թույլատրվում է Հայաստանի քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը ՀՀ տարածք: Իսկ, ահա, ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 140 հազար 158, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 235 հազար 456: Նշվածից միայն 24 հազար 278-ի նպատակը գործնական է եղել, իսկ հանգստի եւ ժամանցի նպատակով ՀՀ ժամանածները 100 հազար 24-ն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 7245 քաղաքացի Հայաստան եկել են բուժման նպատակով: Ի դեպ, այս տվյալներն արտացոլում են հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկներին: