«ՄԱՐՏԻ 1»-Ի ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԻՑ ՄԵԿՆ ՈՒ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը Պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Դեռեւս 2019 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց մի շարք պաշտոնատար անձանց ցուցմունքները: Գրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն Մելքոնյանը «Մարտի 1»-ի գործով որպես վկա հարցաքննվել էր Հատուկ քննչական ծառայությունում  եւ ցուցմունք էր տվել:

 

Հարց

Նախաքննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնապահներին հատկացվել է զինվորական համազգեստ։ Այդ մասին իր զեկույցում անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը եւ իր զեկույցին կցել «01-02.03.2008թ. բաշխված իրային ունեցվածքի ցուցակ» վերնագրով փաստաթուղթը։ Դուք 2008թ. հանդիսացել եք ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալը։ Ձեզ եմ ներկայացնում նշված ցուցակը եւ առաջարկում եմ հայտնել Ձեր ունեցած տեղեկությունները նշված ցուցակի, դուրս գրված զինվորական համազգեստի խմբաքանակների, այն բաշխելու հանձնարարություն տված անձի, հանձնարարությունը կատարող ծառայողների եւ այլ մանրամասների վերաբերյալ։

Պատասխան

Ծանոթացա ինձ ներկայացված իրային ունեցվածքի բաշխման ցուցակին, այն ինձ ծանոթ փաստաթուղթ է։ Այն ես առաջին անգամ տեսել եմ 2008թ. ապրիլի սկզբներին, երբ դուրս էի գրվել հոսպիտալից եւ ներկայացել աշխատանքի։ Այդ ժամանակ նշված ցուցակը նույն տեսքով ինձ է ներկայացրել ՀՀ ՊՆ իրային ծառայության պետի տեղակալ Վարդան Պողոսյանը։ Նշեմ, որ դեռեւս հոսպիտալում բուժվելու ժամանակ նույն Վարդան Պողոսյանը զանգահարել է ինձ եւ զեկուցել, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից բանավոր հրաման է տրվել այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովենք։ Ես չէի կարող առարկել, քանի որ զինվորական կանոնագրքով վերադասի հրամանները չեն քննարկվում։ Դա ընդունելով ի գիտություն՝ Վարդանին ասացի՝ տվեք։ Վարդանը կատարել է հրամանը, բաշխել է համազգեստը եւ կազմել նշված ցուցակը, թե ում ինչ քանակի ու տեսակի համազգեստ է բաշխել։ Ցուցակում նշվել են այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ում թիկնազորին հատկացվել են համազգեստի խմբաքանակները։ Սակայն պետք է նշեմ, որ այդ ժամանակ իրային ծառայության պետը՝ գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք, իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի։ Վարդան Պողոսյանը ներկայումս հանգուցյալ է։

Հարց

Ո՞րն էր ԱԺ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստներ բաշխելու նպատակը։

Պատասխան

Իմ կարծիքով՝ դա ինչ-որ գործողություններ քողարկելու նպատակ է հետապնդել, որ այդ գործողություններն իրականացվեին զինվորականների անվան տակ։ Պատկերացնենք՝ եթե այդ անձինք զինված հարձակում գործեին ցուցարարների վրա, ապա տպավորություն կառաջանար, որ զինված հարձակում կատարողները զինվորականներ էին։ Ստույգ տեղեկություններ այդ նպատակի եւ գործողությունների մասին չունեմ։

Հարց

Նշված ցուցակը, ըստ տեղեկությունների, փաստահավաք խմբին է փոխանցել ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այն մասին, թե Լեւոն Զուրաբյանին ով է փոխանցել համազգեստների բաշխման նշված ցուցակը։

Պատասխան

Տեղեկություններ չունեմ, նույնիսկ չեմ էլ կարող պատկերացնել, ենթադրել, թե այդ ցուցակն ով կարող էր փոխանցած լինել ՀԱԿ որեւէ անդամի, այդ թվում՝ Լեւոն Զուրաբյանին։ Ինքս այդ ժամանակ ճանաչել եմ Լեւոն Զուրաբյանին, սակայն շփում չեմ ունեցել։ Ցանկանում եմ նշել, որ երբ հոսպիտալից վերադարձա աշխատանքի, ես Միքայել Հարությունյանին հարցրի, թե համազգեստը երբ են վերադարձնելու, նա պատասխանեց, թե պետք չի վերադարձնել, արդեն հագած շորեր են, ի՞նչ ենք անելու։

Հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Ըստ տարածված լուրերի՝ չի բացառվում, որ նրա պաշտոնանկությունը կապված լինի չարաշահումների հետ: Սակայն հիմա «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը, որի անունը կապվում է ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովելու գործընթացի հետ,   Պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Փորձեցինք Պաշտպանության նախարարությունից տեղեկությունը պարզել, թե ինչ պաշտոն է ստացել Նորայր Յոլչյանը, ի պատասխան ՊՆ լրատվականից հայտնեցին, որ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ է, քաղծառայողի պաշտոն է, նշանակվել է օրենքով սահմանված կարգով՝ մրցույթով, 2020 թ.-ի փետրվարին:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Երեկ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Պարզվել է, որ քաղաքացին (արական սեռի) ցանկացել է ինքնասպանություն գործել։ Կենտրոնի ոստիկանության բաժնի աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են ոստիկանության բաժին։

 

 

ԿԱՇԽԱՏԵՆ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԻՆ

Հաշվի առնելով վարորդական իրավունքի վկայականներ ստանալու նպատակով որակավորման քննություններին մասնակցելու եւ տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ (կամ) հաշվառման հետ կապված գործողությունների համար Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումների աննախադեպ քանակը՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաեւ սույն թվականի  սեպտեմբերի 12-ին, 19-ին, 26-ին եւ հոկտեմբերի 3-ին (շաբաթ օրերին)։

 

 

ԴԻ՝ ՋՐԱՆՑՔԻՑ

Նախօրեին Արգինա գյուղի մոտակայքում՝ ջրանցքում, հայտնաբերվել է Նարեկ Մ.-ի (ծնված 2001թ.) դին: Փրկրարաները քաղաքացիների հետ համատեղ ուժերով դին դուրս բերեցին ջրանցքից: Նշենք, որ ահազանգ էր ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ:

 

 

ԸՆԿԵԼ Է 8-ՐԴ ՀԱՐԿԻՑ

Երեւանում նախօրեին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորակառույց շենքի բակ, որտեղ հայտնաբերել են Ա. Մ.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 62-ամյա Արմեն Մ.-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։ Նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում որպես բանվոր։

 

 

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐ՝ ՊԱՐԵՏԻ ԿՈՂՄԻՑ

ՀՀ պարետի նոր որոշմամբ՝ սահմանվել են անվտանգության նոր եւ որոշ դեպքերում վերանայված կանոններ՝ արտակարգ դրության շրջանում գործելու թույլտվություն ունեցող ոլորտների համար։ Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացմամբ՝ սկսել են գործել նաեւ գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ եւ շարունակական կրթությունը՝ մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները եւ կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը եւս վերապահվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին։

Գրադարանների համար, մասնավորապես, սահմանվել է.

յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքն առանձնացվում է եւ չի տրամադրվում առնվազն 1 օր,

ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջեւ առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

Թանգարանների համար, մասնավորապես, սահմանվել է.

անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում,

անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը,

հնարավորության դեպքում սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար եւ անհպում կազմակերպելու նպատակով։

Ոչ ֆորմալ եւ շարունակական կրթության հաստատությունների համար, մասնավորապես, սահմանվել է.

յուրաքանչյուր խմբի դասընթացը սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,

դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

Մշակույթի ոլորտի համար, մասնավորապես, սահմանվել է.

արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի,

նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով,

միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչեւ հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։

Ի գիտություն տնտեսավարողների` ԱԱՏՄ-ն շեշտում է, որ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ եւ ծավալով, ուստի հորդորում են խստագույնս պահպանել սահմանված կանոնները։




Լրահոս