ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐԵՎՈՐ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս հարցով հիմնական զեկուցողը ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն էր, իսկ հարակից զեկուցողը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

 

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը, եթե, բժշկի կարծիքով, նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

Հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց բարձրացրեց, թե արդյոք այս նախագծի ընդունմամբ խնդիրներ չեն առաջանալու սահմանադրականության հետ, ապա փոխնախարարից նաեւ հետաքրքրվեց, թե ինչու է օրենքի նախագիծը քննարկվում հիմա, երբ նախապես որպես ժամկետ էր նախանշված հունիսը:

Սահմանադրականության մասին հարց բարձրաձայնեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք պետք չէ նախագծում խմբագրումներ անել՝ ելնելով փորձաքննության արդյունքներից:

Հավելենք՝ նախագծով սահմանվել է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Փոփոխվող հոդվածում ասվում է. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի 32-րդ հոդվածում 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ մասեր.

16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե՝

1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով՝ 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները,

2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային,

3) կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն:

16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված կամ 18 տարին չլրացած անձանց հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր՝ այն հաշվով, որ չխախտվի իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի մաս կազմող՝ սահմանափակման համար ընտրված միջոցների՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ լինելու պահանջը:

Վերոնշյալ բոլոր պահանջները պետք է կատարվեն ինչպես անձի՝ իր համաձայնությամբ բժշկական միջամտության ենթարկվելու, այնպես էլ անձի՝ իր առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու իրավունքների իրացման համատեքստում:

Անհրաժեշտ է ընդգծել, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում 30.05.2020թ. եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում 18.06.2020թ. ուժի մեջ մտած փոփոխություններով արդեն իսկ տրվում են առանձնահատուկ կարգավորումներ երեխայի՝ իր առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման մասին տեղեկություն ստանալու, երեխայի կողմից բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքների վերաբերյալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՍՏՈՒԳԱՅՑԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երեւանում. կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երեւանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ողջ մայրաքաղաքով մեկ։

 

Եթե նախորդ օրերին ուժեղացված դիտարկումներն առանձին վարչական շրջաններում էին, ապա կիրակնօրյա դիտարկումը խոշորացույցի տակ է առել ողջ Երեւանը։ Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության կանոնները պահպանելու առումով որոշակիորեն թուլանում է, տեսչականի աշխատակիցների 24 խմբերը մանրակրկիտ ծրագրված ուղղություններով անակնկալ այցելել են ամենատարբեր ոլորտներ։

Դիտարկումներին մասնակցել են նաեւ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը, վարչությունների ղեկավարներ։ Ամիրյանի խոսքով՝ արձանագրվող խախտումների եւ, ըստ այդմ, կասեցումների կտրուկ նվազմամբ հանդերձ էլ ԱԱՏՄ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ. այն բացառություններ չի ճանաչում ո՛չ ոլորտների, ո՛չ էլ տնտեսավարողների առումով։

Գրիգորյանն անդրադարձել է ստուգումների ամփոփ պատկերին՝ նկատելով, որ արտակարգ դրության սկզբում տնտեսավարողների մեծ մասն անտեղյակ էր համավարակի կանխման նորմերին, ու դրանց խախտման հիմքով պարետի որոշմամբ կասեցվում էր ստուգվածների մոտ 50-60 տոկոսը, մինչդեռ ներկայում կասեցվում է դիտարկվածի 7-8 տոկոսն ընդամենը։ Խախտումները նվազել են մոտ 80 տոկոսով։ Գրիգորյանը սա բնորոշում է որպես, նախ, լայն իրազեկման, ապա՝ խիստ վարչարարության արդյունք։

Արձանագրվող խախտումների մեջ գերակշռում են ախտահանման եւ ջերմաչափման խնդիրները, դրանց գրանցամատյանների պատշաճ չվարելը, սոցիալական հեռավորություն չպահպանելը։ Ուժեղացված վերահսկողական աշխատանքներն ամեն օր են՝ առանց հանգստյան օրերի։ Ավելին, դրանք այժմ ավելի ինտենսիվ են. ամեն մարզում օրական հարյուրավոր տնտեսվարողների մոտ ստուգայցեր են։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելու անվտանգության նորմերը, այլապես վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

 

 

ԶՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻՑ

Տավուշի մարզում աշխատող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները մասնագիտական տոնի կապակցությամբ պարգեւատրվել են իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով։ Այդ կապակցությամբ Տավուշի սահմանագոտին պաշտպանող պայմանագրային զինծառայողներն ասում են, որ իրենց գործը փրկարարներից պակաս վտանգավոր չէ, սակայն իրենք չեն պարգեւատրվում։ Հայաստանի սահմանը հսկող պայմանագրային  զինծառայողների աշխատավարձը մեկ տարի առաջ միջինը 20 տոկոսով բարձրացվել է, սակայն  նրանք այլեւս   զրկվել են  նախկինում  տրվող  պարգեւավճարներից։ Եռամսյակը մեկ պայմանագրային զինծառայողներին տրվող 60 հազար դրամ պարգեւավճարը,  շուրջ մեկ տարի է, վերացվել է։

 

 

ԹԶԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ՝ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Բերդ համայնքի մաս կազմող  սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչներն  անհանգստացած են այս տարի գյուղից  Ռուսաստան թուզ արտահանելու դժվարություններով։ Անցած տարի Չինարից 350 տոննա թուզ է գնվել կիլոգրամը 800 դրամով, որը արտահանվել է Ռուսաստան։ Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Չինարիի թոռ, Վրաստանի հայկական Շուլավեր բնակավայրից մի գործարար այս տարի թուզը  չինարեցիներից գնել է կիլոգրամը 400 դրամով, արտահանված թզի առաջին բերքի խմբաքանակը  կազմել է 85 տոննա։ Արտահանող գործարարները թուզը մթերում են Չինարիից, Չորաթանից, Արծվաբերդից։  Սամվել Սաղոյանի վկայությամբ՝ հետո շուլավերցի մթերողը, պատճառաբանելով, որ Ռուսաստանում թուզը դժվարությամբ է իրացվում, իր կողմից գնվող թզի գինը իջեցրել է, դարձրել 200 դրամ։ Դա առաջացրել է չինարեցիների դժգոհությունը։ Գյուղացիներին  օգնության են  հասել Մոսկվայում բնակվող չինարեցի  գործարարները, ովքեր կազմակերպել են 5 խոշոր բեռնատարներով ընդհանուր առմամբ 65 տոննա թզի առաքումը Մոսկվա: Այդ  խմբաքանակը  գյուղացիներից գնվել է կիլոգրամը 400 դրամով։ Ներկայումս շուլավերցի գորածարարը Բերդի սահմանամերձ բնակավայրերում թուզը գնում է կիլոգրամը 200 դրամով՝ անմիջապես վճարելով դրա դիմաց։ Այդ գործարարը սահմանագոտում 30 բանվոր է աշխատեցնում, որոնք գնված թուզը դասավորում, տեսակավորում են։ Ս. Սաղոյանը հայտնեց, որ  համագյուղացի գնորդ կա, ով  թուզը գնում է կիլոգրամը 250 դրամով, սակայն դրա դիմաց որոշ ժամանակ անց է վճարում։ Չինարիի վարչական ղեկավարն ասաց, որ Ռուսաստանում թզի իրացման դժվարարությունները կապված են  նաեւ ամռան սեզոնի ավարտի հետ, քանզի այնտեղ թուզը հիմնականում իրացվում է ծովափնյա քաղաքներում, Ռուսաստանում սկսվել է նոր ուսումնական տարին, եւ բնակիչները հիմնականում իրենց երեխաների դպրոց հաճախելու հետ կապված գնումներ են անում։  Սաղոյանը հայտնեց, որ թզի առաքումը կշարունակվի մինչեւ  հոկտեմբեր, շատ չինարեցիներ թզի  առատ բերք ունեն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս