«Քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին: Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրելու, իրացնելու համար քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: Սակայն սննդամթերքի դեպքում նման կարգավորում չկա, ինչը, մեր կարծիքով, բացթողում է»,-երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս մասին նշեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով իր համահեղինակությամբ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու» նախագիծը, որով սահմանվում է քրեական պատասխանատվություն՝ կեղծ սննդամթերք արտադրելու եւ իրացնելու համար:
Դավթյանը նշեց, որ հույս ունեն՝ նման փոփոխությունից հետո կեղծված սննդամթերք չեն հրամցնի մեր սպառողներին:
Այսպիսով, ըստ առաջարկվող կարգավորումների՝ կեղծված սննդամթերք արտադրելու եւ իրացնելու համար կպատժվեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, իսկ եթե այդ արարքը մարդու առողջությանը պատճառի ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվելու են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 300 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամով, ու զրկվելու են որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից կամ ազատազրկվեն մինչեւ 2 տարի ժամկետով: Իսկ եթե նման արարքը անզգուշությամբ մարդու մահվան պատճառ է դարձել, պատժվելու են ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով:
Իմքայլական Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ եթե ծանր վնաս են պատճառել մարդու առողջությանը, դրամական տուգանք է նախատեսվում, չպե՞տք է պատիժն ավելի խիստ լինի, ինչո՞ւ պիտի մարդու առողջությանը վնաս պատճառեն, ու տուգանքով հարցը փակվի: Դավթյանը պատասխանեց, որ իր համար ընդունելի է, ու եթե առաջարկը ավելի խստացնեն, կընդունի այդ առաջարկը: Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց ավելի լայն դիտարկել խնդիրը, որովհետեւ մարդիկ միայն կեղծված սննդամթերքից ու ալկոհոլից չեն տուժում, օրինակ, իր ընկերը վերջերս գիպսակարդոն է գնել ու տունը վերանորոգել, բայց քանի որ իր մակնշման չափանիշներին չի համպատասխանել, ամբողջը փլվել է:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ օրենսդրության մեջ արդեն սահմանված դրույթներ կան սպառողներին մոլորեցնելու, թյուրիմացության մեջ գցելու, թերակշռելու համար: Ըստ Դանիելյանի՝ նախագծում նշված է, որ սննդամթերքը կեղծված է համարվում, երբ բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը: Սա խնդրահարույց է. «Օրինակ, կաթնամթերքի դեպքում, եթե յուղայնությունը գրված է 2.5 տոկոս, բայց պարզվի՝ 2.6 տոկոս է, այս անձանց ուրեմն պետք է ենթարկել քրեական պատասխանատվությա՞ն»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երեւանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:
Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։ Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը:
Պացիենտներից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում։
Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որի պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից:
ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
283 ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 195 հրդեհի, երեք փլուզման, երկու պայթյունի, մեկ որոնողափրկարարական, 10 ինքնասպանության փորձի, 37 օձի հայտնաբերման դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ 133 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 22 մահ: Արձանագրվել է թունավորման 11 դեպք: Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ինը քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված յոթ տրանսպորտային միջոց:
ՉԵՆ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՆԱ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան՝ սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնել են. «Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղեւորները, նրանք, ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման, իրավունք ունեն մուտք գործելու երկիր, այլեւս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու` այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։ Միեւնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը»: