ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՆՁ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ. «ԳՈՒՉԻ»-Ի ՀԱՅ ՄՈԴԵԼ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ իտալացի գրաֆիտի արտիստ Ռաֆֆոն Նեապոլի արվարձաններում նկարել է «Գուչի»-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին, այնուհետու գրաֆիտի արտիստը լուսանկարը տեղադրել է Ինստագրամի իր էջում եւ մակագրել այն.  «Կա հաջողության մեկ ճանապարհ` անել այն, ինչ ցանկանում եք»:

 

Նշենք, որ նկարում Արմինե Հարությունյանը պատկերված է յուրահատուկ ոճով, իսկ նրա կողքին «Գուչի»-ի տարբերանշանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը Արմինեի հետ զրուցել է նկարի, արձագանքի, առաջիկա անելիքների եւ հաճախ քննադատության ենթարկվելու մասին:

Ըստ Արմինեի՝ նկարիչը տեղադրել էր լուսանկարն «Ինստագրամում» եւ իրեն նշել, ապա տեսնելուց հետո նկարը նա անմիջապես մեկնաբանել է եւ վերջինիս հետ զրուցել. «Անկեղծ ասած, հիացմունքս շատ-շատ մեծ էր եւ նկարն ինձ շատ է դուր եկել: Մինչեւ այդ հայտնի չէր ինձ նկարիչը, նրա այդ ցանկությունը, գաղափարը: Նկարը տեսնելուց հետո մեջս նոր էմոցիաներ են արթնացել: Ավելի ճանաչում ունենալու հետ մեկտեղ մոտս նոր հուզմունք, նոր զգացողություններ են, քանի որ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ Իտալիայում են սկսել խոսել, ինձ ճանաչել, իսկ Հայաստանից հեռու՝ մեկ այլ երկրում կամ Իտալիայում ապրելու դեռ ցանկություն չունեմ»:

«Գուչի»-ի հայ մոդելի խոսքով՝  հայկական նորձեւության եւ եվրոպական նորաձեւության աշխարհների միջեւ կան անսահման մեծ տարբերություններ, այնքան շատ, որ անգամ նա դժվարացավ ընդգծել դրանք, միայն նշեց, որ  այնտեղ գործն անում են հարյուր տոսկոսանոց, ոչ թե միայն ներքին շուկան բավարարելու համար:

«Տարբերություններն անսահման է այստեղի եւ եվրոպական նորաձեւության միջեւ, չեմ կարող ասել, անսահման մեծ տարբերություններ կան: Առաջինը՝ մենք պետք է ամեն հարցին մոտենանք պրոֆեսիոնալ ձեւով, գլոբալ, այնպես, որ զգացվի, որ մենք ուզում եք լավը ցույց  տալ: Հենց այնպես, պարզապես գործ անելու համար չանել ոչ մի գործ, ու ամեն ինչին լուրջ մոտենալ, անել հարյուր տոկոսով ամեն մի գործը: Հայաստանում ամեն ինչ անում են տեղի շուկան բավարարելու համար, մեծ արժեքների մասին չեն մտածում»,-նշում է նա:

Հարցին, թե տեղի մոդելային գործակալությունից առաջարկներ ստանում է, թե ոչ, մեր զրուցակիցը պատասխանում է. «Անկեղծ ասած, այստեղի մոդելային աշխարհի ներկայացուցիչների հետ չեմ համագործակցում, բայց եթե հետաքրքիր առաջարկ  լինի, կարող է մտածեմ, բայց հիմա կոնկրետ համագործակցություններ չունեմ, իհարկե առաջարկներ լինում են, պարզապես ես ընտրում եմ այն, որն ինձ դուր է գալիս, ինձ հոգեհարազատ է, իսկ «ԳՈՒՉԻ»-ի հետ կապված պլաններիս մասին չեմ ուզում հիմա խոսել»:

Մեր զրուցակցի խոսքով՝  նրան ոգեշնչում եւ թեւեր են տալիս ծնողները. «Ես ոգեշնչվում եւ ապրում եմ իմ ընտանիքով, իմ ծնողներով, եւ իմ ամեն ինչը կապված է իմ ընտանիքի հետ: Իմ ուժը, իմ թիկունքը միշտ իրենք են եղել եւ կլինեն:

Անդրադառնալով կրթությունը արտասահմանում շարունակելուն եւ հետաքրքրություններին՝ նա ընդգծում է, որ դեռ չի մտածում  այդ մասին, բայց այլ նախասիրություններ եւս ունի:

«Ես իմ ուսումն ավարտել եմ շատ վաղուց, մագիստրատուրան նույնպես, հիմա աշխատում եմ եւ նոր հետաքրքրություններ դեռ չունեմ, իհարկե հետաքրքիր կլիներ իմ մասնագիտությամբ  կրթությունս շարունակեի արտասահմանում, բայց նման պլաններ դեռ չունեմ: Հիմա իմ մտքում միայն ցուցահանդեսներն են: Ես հիմա օգնում եմ իմ պապիկին , ով պատրաստվում է հաջորդ տարի մեծ ցուցահանդեսի: Սիրում եմ ֆոտոնկարչություն եւ իրականում շատ-շատ բաներով եմ հետաքրքրված»,-ասում է նա:

Հարցին, թե կարանտինային ամիսներին ինչով է զբաղվել, նա պատմում է. «Այս ամիսներին փորձել եմ տանը մնալուց հաճույք ստանալ, մայրիկիս հետ շփվելուց, քանի որ մեր շփումը հաճախ չի լինում աշխատանքն ուշ ավարտելու պատճառով, իսկ հիմա փորձում ենք միասին անել հետաքրքիր բաներ եւ այդ բացը լրացնել»:

Իսկ թե ինչպես է նա վերաբերվում եւ արձագանքում իր մասին հաճախ հնչող քննադատություններին, նա հավելում է, որ պարզապես անտարբեր է.

«Իմ անձի հետ կապված քննադատություններին ոչ մի կերպ չեմ արձագանքում: Սովորել դրան չի լինի, ուղղակի անտարբեր եմ, այդքան բան»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արմինե Հարությունյանն առաջին հայ մոդելն է, ով մասնակցել է աշխարհահռչակ «Գուչի» բրենդի ցուցադրությանը:

 

 

 

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԻԱՅՆԱԿ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼ ԱՅՍ ԿՅԱՆՔԻՑ». ԻՆՆԱ ԽՈՋԱՄԻՐՅԱՆ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շուտով կներկայանա իր համար նոր ձեւաչափում. նա իր մասնակցությունն ունի «Վիտամին փրոդաքշընի» նոր՝ Whywomenswomens նախագծում: Այս եւ այլ հարցերի շուրջ  դերասանուհին խոսել է ArmLur.am-ի հետ զրույցում:

 

-Իննա՛, նախ կցանկանայի խոսել Ձեր՝ «Վիտամին փրոդաքշընի» նոր՝ Whywomenswomens նախագծում հանդես գալու, համագործակցության եւ հրավերի առաջարկի մասին:

– Առաջարկը ստացել եմ «Վիտամին փրոդաքշընի»  պրոդյուսեր Վլադ Սահակյանից: ԱՆկեղծ ասած, այս նախագիծն ինձ հաար նոր հաթակ էր, երբեւէ հումորային ժանրում չեմ եղել: Կարծում եմ՝ ինձ համար այս նախագծում հանդես գալը հետաքրքիր եւ պատասխանատու փորձություն է:

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ նոր ոճում: Ի՞նչ բարդությունների եք հանդիպել:

-Դեռ խմորում ենք կերպարը, իրականում շատ եմ  հավանել: Արդեն իսկ շատ-շատ ենք աշխատել, բայցեւ դեռ շատ աշխատելու տեղ կա:

-Իննա՛, նկատում ենք, որ բավականին հաճախ եք կերպարանափոխվում, կտրուկ ոճային փոփոխությունների դիմում:

-Չէի ասի, թե հաճախ եմ դիմում ոճային փոփոխությունների: Ինձ համար կինը գունեղ էակ է. երանգներ, գույներ, տրամադրություն փոխելը  դեռեւս  փոփոխություն չէ, այն ինձ համար հոգեվիճակ է:

-Արդեն տեւական ժամանակ է, ինչ դադրեցվել է «Երկուսով» ամենառեյտինգային հեռուստասերիալի եթեր հեռարձակվելը: Արդյոք նոր եթերաշրջան սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

-«Երկուսով» հեռուստասերիալն, ըստ նախնական կանխատեսումների, եթեր կհեռարձակվի սեպտեմբերի կեսին արդեն, հստակ ժամկետ նշել չեմ կարող: Ամեն դեպքում շատ սպասեցնել մեր հեռուստադիտողին եւ հետեւորդներին չենք տա:

-Իննա՛, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, թե այս տարվա Ձեր երազանքներն ու նպատակները կապված են բնակարան ձեռք բերելու հետ: Անձնական միջոցներով կարո՞ղ եք այն ձեռք բերել, թե՞ ծնողների աջակցությունն ամեն դեպքում կլինի այդ հարցում:

-Ծնողներս ինձ բոլոր հարցերում են միշտ աջակցել, բայց ես ինքնուրույն կայանալու կողմնակից եմ, եւ արդեն վաղուց ժամանակն է միայնակ գլուխ հանել կյանքից:

– Իննա՛, Ձեր եւ Զիրոյանի  սիրավեպի մասին լեգենդներ են հյուսվում: Իրականում ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները:

-Այն, ինչ ենթադրվում է իբրեւ անձնական, ուրեմն անձնական է, եւ ոչ մի դեպքում հանրային չէ:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մեկնել է Լյուքսեմբուրգ: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2021 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հերթական հանդիպումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

 

 

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 9-ին նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ռինգում։ Անգլիական MTK Global (Mack The Knife Global) մենեջերական ընկերության բռնցքամարտիկների մասնակցությամբ մենամարտերը Rotunda Rumble IV մրցաշարում տեղի կունենան Դուբայում: Հիշեցնենք, որ հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global-ի հետ: Հայ բռնցքամարտիկի խոսքով՝ վաղուց է ցանկացել տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ըստ պայմանագրի՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկին վնասվածք է ստացել Իտալիայի հավաքականի մարզումներից մեկի ընթացքում: 26-ամյա Բեռնարդեսկին մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 1 ամսվա ընթացքում: 2019/20 մրցաշրջանում Բեռնարդեսկին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 38 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

 

 

ՌԱՄՈՍԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը: «Ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ եւ նպաստել իմ թիմի հաղթանակին: Մենք շատ կարեւոր 3 միավոր վաստակեցինք: Լուիս Էնրիկեն հաղթող թիմ է կառուցում: Իսպանիայի հավաքականը ճիշտ ուղղու վրա է եւ մեծ հաջողությունների կհասնի առաջիկա տարիներին»,- ասել է Ռամոսը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականը տանը 4:0 հաշվով հաղթանակ տարավ Ուկրաինայի ազգային թիմի նկատմամբ:

 

 




Լրահոս