ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնյաներն այլևս չեն կարող թաքցնել իրենց պատկանող գույքը. կարգը կխստացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը խորհրդարանում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Հիշեցնենք, որ այս նախագծերի փաթեթով փոփոխություններ են արվելու հայտարարագրեր ներկայացնելու ենթակա անձանց ցանկում և հայտարարագրման ենթակա տվյալներում:

Օրենքում կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում ներկայումս հայտարարագիր ներկայացնում են շուրջ 5000 պաշտոնատար անձ: Սակայն ամեն դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ ազատված է հայտարարագրման պարտականությունից: Խոսքը մասնավորապես համայնքի ավագանու անդամների և աշխատակազմերի քարտուղարների մասին է: Բանն այն է, որ նշված պաշտոնատար անձանց գործունեության արդյունքում կարող են առաջանալ հնարավոր շահերի բախման կամ այլ իրավիճակներ, ուստի, նման ռիսկերը վերահսկելի դարձնելու համար անհրաժեշտ է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ ներառելով նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց:

Ճշգրտման կարիք ունեն նաև հայտարարագրման ենթակա գույքի տեսակները, ուստի, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել այդ շրջանակը ևս: Մասնավորապես, օրենքի ներկա խմբագրությամբ հայտարարատու պաշտոնատար անձինք փաստացի տիրապետվող գույքի մասին տեղեկատվություն ներկայացնելու պարտավորություն չեն կրում: Սակայն այս ճանապարհով նրանք  հաճախ թաքցնում են փաստացի իրենց պատկանող գույքը՝ այն ձևակերպելով որպես այլ անձանց սեփականություն:

Եվ նախագծերի այս փաթեթով առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը: Առաջարկվում է ներդնել նաև ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Նաև առաջարկվում է սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:

Միաժամանակ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու:

Ավելին, նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օժտվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս