Ինչու է Արաբկիրի նախկին թաղապետն այսօր հրավիրվել ԱԱԾ․ Հովհաննես Շահինյանը մանրամասներ է պատմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այսօր առավոտյան հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայության՝ Երեւան քաղաքի վարչություն։ Պատճառների եւ այլ մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ։

«Այո՛, այսօր ժամը 12։00-ին հրավիրված եմ եղել ԱԱԾ-ի Երեւան քաղաքի վարչություն։ Մեր թվարկության 2005-ից 2007 թվականներին Արաբկիր համայնքում իմ պաշտոնավարման ժամանակահատվածը, երբ ես զբաղեցրել եմ համայնքի ղեկավարի պաշտոնը, ուսումնասիրություններ են անցկացվել, որի արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, բայց քանի որ դա արդեն մտնում է վաղեմության ժամանակի մեջ, առաջարկում են կարճել այս գործը կամ գործերը՝ վաղեմության հիմքով։ Իսկ ինչո՞ւ պետք է կարճեն, եթե կարճում եք կարճեք, իսկ եթե չեք կարճում, եթե ինձ եք հարցնում, ես համաձայն չեմ կարճելու հետ, խնդրեցի եւ պահանջեցի, որ այդ գործերը հարուցվեն, գնան քննչական մարմիններին եւ քննություն կատարվի, եւ եթե կան խախտումներ, ապա թող պատժվեն խախտողներն՝ ինձանից սկսած։ Սա նաեւ անունի, հեղինակության հարց է, ինչ է նշանակում ես ինչ-որ բան պետք է ընդունեմ, քանի որ կա վաղեմություն։ Ես չեմ տեսնում, որ ունենք խախտումներ։ Ես չեմ ասում, որ աշխատանքի ընթացքում չեն եղել խախտումներ, խախտում չի ունենում նա, ով չի աշխատում։

Բայց հիմա որքանով է արդի, որ այդ խախտումները վեր բարձրացվեն, եւ քեզ առաջադրեն մեղադրանք, եթե ընդունես, կարճեն, կամ եթե չես ընդունում , թող գնա քննություն։ Ես չեմ ընդունում եւ պահանջում եմ, որ գնա քննության։ Ես ինքս հակված չեմ այդ մեղադրանքներն ընդունելուն եւ նաեւ իմ ցանկությունն է եղել, որ պարտադիր հարուցվի քրեական գործ, կատարվի քննություն եւ եթե կան մեղավորներ, ապա այդ մեղավորները պետք է կրեն պատիժ»,-մեզ հետ զրույցում հատուկ ընդգծում է նախկին թաղապետը։

Հովհաննես Շահինյանի խոսքով՝ նա ԱԱԾ-ում է անցկացրել մոտ մեկ ժամ, որի ընթացքում , օգտվելով օրենքով վերապահված իր իրավունքներից, հրաժարվել է հարցաքննությունից եւ բացատրություններ տալուց։

Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ Հովհաննես Շահինյանը կրկին հրավիրվել էր Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս