ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւանն այս տարի ունի առաջին դասարանի մեկ աշակերտ: Օթեւանի գյուղապետ Ջամալ Սալմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղից մեկ հոգու ուղարկել են առաջին դասարան՝ հարեւան Կաքավաձոր գյուղ: Գյուղի դպրոցը փակվել է տարիներ առաջ՝ աշակերտ չլինելու պատճառով:
-Պարո՛ն Սալմոյան, գյուղը քանի՞ աշակերտ ունի:
-Ընդհանուր 6… գնում են Կաքավաձորի դպրոց:
-Ինչո՞ւ է փակվել գյուղի դպրոցը…
-Իմ օրոք չի փակվել, նախկին գյուղապետի ժամանակ էր…
-Ե՞րբ:
-Եթե չսխալվեմ, 2006 թվականից դպրոցը փակվել է, աշակերտները քիչ էին, դրա համար էլ փակվեց: Սաղ արտագնա աշխատանքի են, էս կողմ, էն կողմ են, աշխատանք չկա, չեն ամուսնանում…
-Իսկ աշակերտներին ո՞ւմ միջոցներով եք տեղափոխում հարեւան գյուղ:
-Ես եմ տանում իմ մեքենայով. տանում եմ, իջեցնում, հետ եմ գալիս գործի, հետո նորից գնում բերում եմ: Այդ 6 աշակերտներից 3-ը՝ իմ թոռներն են, մյուսները՝ հարեւաններին են:
-Պարո՛ն Սալմոյան, կհիշե՞ք, թե երբ է Օթեւանում վերջին երեխան ծնվել…
– 2014 թվականին: Եկեք գյուղ, գյուղի ճանապարհները տեսեք, նոր ասեք: Մարդիկ հիասթափվել են… որ գյուղից գնացել են իրենց բարեկամների տուն, էս հիվանդության պատճառով ոչ էլ կգան:
-Օթեւանում կորոնավիրուսով հիվանդներ եղե՞լ են…
– Չէ, չէ… կորոնավիրուսը Օթեւան չի եկել, տոմսը հանել ա, պետք ա գա (կատակում է-Ս.Հ.)
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը