ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձևավորվել է արգելանքներին առնչվող հարցերով արագ արձագանքման խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման և սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով, Կենտրոնական բանկի և այլ մարմինների հետ պարտապանին պատկանող մեկից ավելի հաշիվների միաժամանակ արգելադրումը նման անհրաժեշտության բացակայության դեպքում բացառելու, աշխատավարձն ամբողջությամբ արգելադրելը բացառելու և այլ անհարմարությունները կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքին զուգահեռ, ձևավորել է #ՔոԱրգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Այսուհետ, օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․

կատարված վճարումների ճշգրտումը և արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը,
կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայելը,
անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելը,
բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրումը.
աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելը կամ արգելանքի չափը վերանայելը,
բանկերում սառեցված գումարները գանձելը, կիրառված այլ արգելանքները վերացնելը և վարույթը կարճելը,
հայցի ապահովման հետ կապված միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալը։

#ՔոԱրգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու անհնարինության դեպքում՝ զանգահարել (077), (091), (055) 713-437 հեռախոսահամարներով։

Այլ խնդիրների դեպքում Ծառայության հետ կարող եք կապ հաստատել 060 713-435 հեռախոսահամարով կամ e-request.am հարցումների միասնական հարթակի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս