ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՆԱՅՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ զոհված անձանց ծնողները նախօրեին զայրացած ասուլիս էին հրավիրել եւ հայտարարել, որ այլեւս չեն մասնակցելու այդ գործով դատական նիստերին: Իհարկե, վաղուց սպասելի էր, որ մի օր զոհվածների ծնողների եւ հարազատների նյարդերը կարող էին տեղի տալ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Բոլորի համար էլ հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս պաշտոնյաներին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրելու ՀՔԾ-ի եւ դատախազության որոշումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, եւ մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այդպես էլ դատարանում չէին կարողանալու բացահայտել իրենց որդիներին սպանողներին, չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին եւ դրանից հետո եւս մի քանի անգամ հայտարարեց. «Մենք կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտված մինչեւ վերջ նաեւ այն պատճառով, որ քննչական խմբի ղեկավարն ապացույցները կեղծել է, տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են հաջորդ օրը այլ տեղում կրակված փամփուշտներով։ Քննչական խմբի ղեկավարը հիմա փախուստի է դիմել եւ թաքնվում է արդարադատությունից: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի առիթով հրապարակել էր, որ ՀՀ վարչապետին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն  ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղմ ասած, խաբել են: Ինչո՞ւ ենք այդպես պնդում. այդ պաշտոնյաներն իրենց իրավական անկարողությունը փորձում են բարդել հետախուզման մեջ գտնվողների վրա: Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել են, որ պատրաստ են վերադառնալ, պատասխանել նախաքննության բոլոր հարցերին՝ առաջ քաշելով մեկ նախապայման, սակայն նրանց նախապայմանը չեն բավարարում, ու առնվազն տարօրինակ է, թե ինչու, եթե իրենց նպատակը մարտի մեկի բացահայտումն է. ինչո՞ւ են իրենք խուսափում օգտագործել բացահայտման վերջին շանսերը: Բացի այդ, ինչպես հայտնի է, Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, եւ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ կան միջպետական ամենատարբեր պայմանավորվածություններ, եւ ՀՀ իրավապահները կարող են հարցումներ ուղարկել ՌԴ իրավապահներին, որոնք էլ կհարցաքննեն ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին, եւ պատասխանները կուղարկեն ՀՀ: Թե ինչու սա չի արվում, կրկին անհասկանալի է: Եվ այստեղ երիցս ճիշտ են մարտի մեկի զոհերի ծնողները, փաստաբանները, երբ այս ամենի մեջ մեղադրում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Պարզապես անհասկանալի է, թե ինչու են նրանք թիրախավորել դատախազին, այլ ոչ թե անմիջական հսկողություն իրականացնող ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, երբ քննության ողջ ընթացքը տարվում է ՀՔԾ-ի կողմից: Վերջնարդյունքում տպավորություն է, որ մարտի մեկի սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում, ու մենք այդպես էլ չենք իմանա, թե ովքեր Երեւանի կենտրոնում գնդակահարեցին ՀՀ տասը քաղաքացիներին:

Հ.Գ. Հանրության շրջանում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող բազմաթիվ կասկածահարույց հարցեր են շրջանառվում, այդ թվում՝ նրա ունեցվածքի՝ չորս միլիարդ դոլարի մասով: Հետաքրքիր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ինչու չգնաց այս կարեւոր առարկայական թեմայի հետեւից, այլ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցեց 301` գրեթե չապացուցվող հոդվածի հատկանիշներով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր եռյակ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների օրակարգում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փակել է այն թեման, թե ով կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի իրենց թեկնածուն: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ երբ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մյուս ուժերին առաջարկել է որոշել, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը որեւէ հավակնություն չունի վարչապետ դառնալու, ավելին՝ Վանեցյանն էլ չի կարող հավակնել դառնալու եռյակի վարչապետի թեկնածուն: ՀՅԴ-ն եւս նման հեռանկար չի տեսել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ «Հայրենիք» կուսակցությունից: Խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն ասաց. «Նմանատիպ խոսակցություն, որքանով ես տեղյակ եմ, եղել է ամիսուկես, երկու ամիս առաջ, երբ նոր սկսվում էր եռյակի գործունեությունը: Որեւէ մեկը հարց չի բարձրացրել, թե ով պետք է լինի վարչապետ. այո, եռյակն ասել է, որ մեր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ, եւ այն ինքնանպատակ չէ: Մեր պայքարը առհասարակ իշխանությունների դեմ է, որը մենք իրականացնում ենք, վարչապետի հարց չկա օրակարգում»: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց. «Ես նման ձեւաչափով, առավելեւս նման բովանդակությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունեմ, եռյակի ձեւաչափում տեղի ունեցող բոլոր պաշտոնական հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն եւ հաղորդագրություններ տրամադրվում են ԶԼՄ-ներին: Եվ ես խորհուրդ եմ տալիս լրատվամիջոցների բոլոր իմ գործընկերներին առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով եւ ոչ թե տարատեսակ ու կասկածելի աղբյուրներից լրատվական դաշտ նետված տեղեկատվությամբ»: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է հոկտեմբերին կայանալիք հանրահավաքին մասնակցել միայնակ՝ առանց դաշնակիցների: Ավելին, Ծառուկյանը երկու ամսից ավելի է, ինչ չի հանդիպել ինչպես Վանեցյանին, այնպես էլ «Դաշնակցության» լիդերներին: Ընդդիմադիր եռյակի համագործակցությունը շարունակվում է միայն աշխատանքային խմբի ձեւաչափով, որի անդամներն են ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը եւ Արթուր Գրիգորյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը եւ Լիլիթ Գալստյանը, իսկ «Հայրենիքից»՝  Արա Սահակյանը եւ Արսեն Բաբայանը: Թե ուր կհասնեն, դժվար է ասել:

 

 

 

Նախորդ ամիս «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բավականին հետաքրքիր մի իրավիճակի է ականատես եղել: Երեւան-Մոսկվա չվերթից առաջ օդանավակայանի VIP սրահում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սրճարանում նստած, զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այնուհետեւ, երբ նախկին վարչապետի հետ զրույցն ավարտվել է, այլ սեղանի շուրջ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որը Մոսկվա էր մեկնում Չեխիա գնալու նպատակով: Նիկոլ Փաշինյանի իշխանության արմատական ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը համարվող Վիկտոր Սողոմանյանն ու Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ներկայացող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկար ու ջերմ զրուցել են: Թե ինչի շուրջ են զրուցել վերջիններս, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ Սողոմոնյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ «Ժողովուրդ» օրաթերթին այդ թեմայով: Հավելենք, որ Վիկտոր Սողոմոնյանի օրը ավարտվել է ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ զրույցով: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետը ավագանու նիստը չի վարել, քանի որ վատառողջ է: Ինչ է պատահել Մարությանին՝ դա էլ չկարողացանք պարզել. քաղաքապետի խոսնակը դարձյալ հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել:

 

 

 

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 19 հազար 530, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 19 հազար 372, 2018-ին 19 հազար 652: Այսինքն ծնվածների քանակն 158-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2018-ի հունվար-հուլիսի համեմատ այն հակառակը՝ պակասել է՝ 122-ով: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների քանակն է ավելացել: Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մահացել է 17 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հուլիսին մահացածների թիվը կազմել է 15 հազար 793, 2018-ին՝ 15 հազար 565 մարդ է մահացել: Այսինքն 1343-ով ավելացել է մահացածների քանակը: Պաշտոնական տվյալներով, հուլիսին Covid-19-ից մահացել է 320 մարդ, հունիսին՝ 355: Բացի այս, ըստ Հհ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-հուլիսի ժողովրդագրական որոշ ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով:




Լրահոս