Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումները կոնկրետ գործի հետ կապելը:
Նախարարն այսպես է արձագանքում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների եւ տուժողների հայտարարությանը՝ իրենց մասնակցությունը դատավարությանը դադարեցնելու մասին:
Բադասյանն ասում է, թե առանձին գործի վերաբերյալ մեկնաբանություն տալ չի կարող: Այդուհանդերձ ընդունում է, որ առանձին դեպքերում գործի քննություն ձգձգելու միտումներ ինքը եւս նկատել է եւ բարձրաձայնել է այդ մասին: Հիշեցնենք, որ զոհերի հարազատներն ասուլիսի ընթացքում հայտարարել էին, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո դատական համակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Ի թիվս մի շարք հայտարարությունների՝ նրանք նաեւ նշել էին, որ այլեւս չեն մասնակցելու «Մարտի 1»-ի գործով դատավարությանը։
«Ես, ճիշտն ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը եւ իրենց պատճառաբանություններին, բայց կարծում եմ՝ դատաիրավական բարեփոխումները, որոնք կատարվում են, բավական ինտենսիվ ընթացքի մեջ են: Բազմիցս մենք պարզաբանել ենք թե՛ այդ բարեփոխումների էությունը եւ բովանդակությունը, թե՛ կոնկրետ ձեռնարկվող քայլերը։ Կարծում եմ՝ ճիշտ չէ կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը»,- նշեց նա։
Բադասյանը անլուրջ է համարում կարծիքը, ըստ որի՝ Գերագույն դատարանը ստեղծվում է Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու համար։ «Այդ հարցը ինձ ուղղվում է, դա զարմանալի է, որովհետեւ չկա նման մի մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու համար հնարավոր է կայացնել բարձրագույն դատական մարմինները միավորելու որոշում։ Դա գաղափարական որոշում է, դա սահմանադրականության ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում, եւ դա ինտիտուցիոնալ ու հեռուն գնացող բարեփոխում է, որը արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դատական համակարգում փոփոխությունների շարքը շարունակելու միտումով»։
Նախարարը նաեւ ասաց, որ Գերագույն դատարանի հետ կապված՝ պլանավորում են հոկտեմբերի վերջին ունենալ հայեցակարգ, որը կդրվի հանրային քննարկման։
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի ընթացքին՝ Բադասյանը նշեց, որ դատախազության գործունեությունը այս փուլում հասարակության համար դեռեւս տեսանելի չի լինելու։ «Հիմա դատախազության ստորաբաժանումը արդեն կարող է, համապատասխան հիմքերը ստանալով, սկսել ուսումնասիրություններ, բայց ես ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այն կարծիքին եմ, որ այդ ուսումնասիրությունները այնքան ծավալուն են, որ ակնկալել, թե 21 թվականի առաջին եռամսյակից շուտ որեւէ հայց կգնա դատարան, եւ մենք ականատեսը կլինենք, կարծում եմ՝ սխալ կլինի։ Հիմա դատախազության գործունեության այն հատվածն է լինելու, որը հասարակության համար տեսանելի չէ, իսկ տեսանելի հատվածին մենք ականատես կլինենք 21թ.-ի ընթացքում։ Ծավալն էլ, կարծում եմ, դատախազությունը կհրապարակի կամ հանդես կգա հայտարարություններով»։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել են, որ պատրաստ են վերադառնալ, պատասխանել նախաքննության բոլոր հարցերին՝ առաջ քաշելով մեկ նախապայման, սակայն նրանց նախապայմանը չեն բավարարում, ու առնվազն տարօրինակ է, թե ինչու, եթե իրենց նպատակը մարտի մեկի բացահայտումն է. ինչո՞ւ են իրենք խուսափում օգտագործել բացահայտման վերջին շանսերը: Բացի այդ, ինչպես հայտնի է, Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, եւ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ կան միջպետական ամենատարբեր պայմանավորվածություններ, եւ ՀՀ իրավապահները կարող են հարցումներ ուղարկել ՌԴ իրավապահներին, որոնք էլ կհարցաքննեն ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին եւ պատասխանները կուղարկեն ՀՀ: Թե ինչու սա չի արվում, կրկին անհասկանալի է: Եվ այստեղ երիցս ճիշտ են մարտի մեկի զոհերի ծնողները, փաստաբանները, երբ այս ամենի մեջ մեղադրում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Պարզապես անհասկանալի է, թե ինչու են նրանք թիրախավորել դատախազին, այլ ոչ թե անմիջական հսկողություն իրականացնող ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, երբ քննության ողջ ընթացքը տարվում է ՀՔԾ-ի կողմից: Վերջնարդյունքում տպավորություն է, որ մարտի մեկի սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում, ու մենք այդպես էլ չենք իմանա, թե ովքեր Երեւանի կենտրոնում գնդակահարեցին ՀՀ տասը քաղաքացիներին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ
«Ինչպես արդեն տեղեկացրել էի, արդյունագործական ձկնորսության վերաբերյալ մեր մարզի ձկնորսների կողմից բարձրացված խնդիրների եւ առաջարկների հետքերով գնալով՝ պաշտոնական գրություն էի ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ ներկայացնելով ձկնորսների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկելով վերանայել պայմանագրերի ժամկետները, ձկնորսներին ոչ թե մեկ, այլ տարբեր տեղերից մուտք գործելու հնարավորություն տալ, վերանայել ցանցի չափը, որը թույլ չի տալիս վերահսկել որսացած ձկների քաշը»,-հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ներկայացնում եմ ձկնորսների բարձրացրած խնդիրների վերաբերյալ իմ ներկայացրած առաջարկների բովանդակությանը վերաբերող այն փոփոխությունները, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության N 1420-Ն ու N 1421-Լ որոշումներով։ Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) այսուհետ կլինի ոչ թե 200, այլ 300 տոննա, ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար՝ 400 գրամից ոչ պակաս՝ նախկին 500-ի փոխարեն, սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Սեւանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա՝ նախկինում Մեծ Սեւանի փոխարեն, նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն եւս 8-ը։ Սեւանա լճի ողջ ավազանում կգործի «Սեւան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս, Սեւանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020թ. մարտի 15-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 1-ը։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Նրանք անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին եւ կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը՝ մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման եւ մեր ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար: Խորհրդարանի ղեկավարն իր հերթին շեշտել է, որ Ազգային ժողովի գործունեության հիմնական առանցքը մեր պետականության եւ ազգի հավերժության ապահովումն է. տեղեկացնում են ԱԺ-ից:
ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան»-ՀՅԴ-«Հայրենիք» կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը: Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ»,- նշել է պատգամավորը:
ԿԹԵՍՏԱՎՈՐՎԵՆ
Դպրոցների անձնակազմը՝ շուրջ 30 հազար հոգի, նախքան դասերի մեկնարկը կորոնավիրուսի թեստ կհանձնի: Հիշեցնենք, որ դասերը մեկնարկում են սեպտեմբերի 15-ից, առաջին դասարանցիներինը՝ սեպտեմբերի 14-ից: Առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետարան եւ մարզպետարաններ, որպեսզի իրենց ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմի թեստավորումը կազմակերպեն: Ուսուցիչները կթեստավորվեն մոտակա պոլիկլինիկաներում՝ ըստ նախապես կազմված ժամանակացույցի։
ԱԱԾ-ԻՑ՝ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու մասով հարուցված քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը նախաքննության ավարտ է հայտարարել: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով նախաքննական մարմինը 10-ից ավելի անձանց է որպես մեղադրյալ ներգրավել:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել օրենքով գող, Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանը: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել եւս 8 անձինք: Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: