ՈՒԶՈՒՆՅԱՆԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԱԾԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունիսին 51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Ու մինչ նախաքննական մարմինը կասեցնում է Ուզունյանի մասով հարուցված քրեական գործը, դատավորի դեմ կաշառքի մասով հաղորդում ներկայացրած անձի մասով դատարանը որոշում է կայացրել:

 

Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց ո՛չ կաշառքի չափը, ո՛չ էլ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, թե ով է եղել այն անձը, որը կաշառքի մասով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել:

Մեզ հայտնի դարձավ, որ վերջինիս դեմ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանը: Փոս փորողն ինքն ընկավ փոսը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործով ՀՔԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է մեկ քաղաքացիական գործ: Սմբատ Հարությունյանը, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի դրդմամբ, իր օգտին դատական ակտ կայացնելու համար առանձնապես խոշոր չափի՝ 6.110.910 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Սամվել Ուզունյանն այդ գումարը մտադիր չի եղել փոխանցել որեւէ պաշտոնատար անձի եւ խարդախությամբ հափշտակել է այն:

Ի՞նչ քաղաքացիական գործի մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց եւ պարզեց, որ 2009 թվականի օգոստոսի 14-ին Սմբատ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչի, ինչը դատարանը բավարարել է, քանի որ քաղաքացիական գործով բոլոր կողմերը՝ ինչպես հայցվորները, այնպես էլ պատասխանողները հաշտության համաձայնության են եկել, իսկ, ահա, այս գործն էլ քննել է դատավոր Սամվել Ոոզունյանը: Նկատենք, որ Սմբատ Հարությունյանը անցած տարի աչքի ընկավ իր կատարած գործողություններով: Մասնավորապես, 2019 թվականի մայիսի 20-ին, երբ վարչապետը հայտարարեց դատարանների դռները փակելու գործընթացի մասին, Շենգավիթի դատարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, որպեսզի խափանեին դատավորների մուտքը դատարանի շենք։ Ու երբ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը վերը նշված օրը գնացել էր այն դատարան, որտեղ աշխատում է, եւ փորձել էր մուտք գործել բաց լուսամուտից, շենքի դիմաց հավաքված քաղաքացիները նրան թույլ չտվեցին ներս մտնել:

Երբ քաշքշեցին Բալայանին, նա վայր ընկավ։ Բալայանին քաշքշողներից մեկն էլ հենց Ուզունյանի դեմ հաղորդում տված Սմբատ Հարությունյանն էր: Հավելենք, որ Սմբատ Հարությունյանի մասով ՀՔԾ-ն գործը առանձնացրել է, հայտարարել է նախաքննության ավարտ ու այն ուղարկել դատարան: Եվ, ահա, գործը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 4-ին հրապարակեց վճիռը, դատավոր Սամվել Ուզունյանի դեմ կաշառքի մասով հաղորդում ներկայացրած անձին՝ Սմբատ Հարությունյանին, մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում եւ դատապարտեց ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ամբաստանյալ Սմբատ Հարությունյանին ազատեցին նշանակված պատիժը կրելուց: Ասել է թե՝ նա համաներվեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է ՄԵԾ ՊԱԼԱՏԻՆ

Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատի վճիռը մինչեւ օրինական ուժի մեջ մտնելը բողոքարկվել է Մեծ Պալատին։ Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Սահակյանը հիշեցրել է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մակուչյանը եւ Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ:

«Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին ներում շնորհելով՝ Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի եւ Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, եւ արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը եւ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետեւություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաեւ պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:

Նկատի ունենալով այս գործի իրակավան կարեւորությունը եւ դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին»,- նշել է Սահակյանը։

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը 2020թ. մարտի 5-ին կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր ՀՀ զինվորական դատախազի կողմից ներկայացված բողոքը՝ 26 տարի առաջ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանելու եւ գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ 2020 թվականի մայիսի 17-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը՝ խնդրելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանը օրերս որոշում է կայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանի՝ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան քննության ուղարկելու մասին, ինչը նշանակում է, որ Մհեր Պողոսյանի սպանության գործով նոր երեւան եկած հանգամանքների լույսի ներքո կիրականացվի նոր դատական քննություն:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու եւ եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում: Մհեր Սեդրակյանը, վերոնշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինություններն ու զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ, նախ, համայնքի, ապա՝ որդու եւ եղբոր սեփականության իրավունքը գրանցելու համար 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ միաժամանակ տրամադրելով ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ չափագրական տվյալներ: ՀՀԿԱ ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված հատակագիծը ներկայացվել է Երեւանի քաղաքապետարան, որից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երեւանի քաղաքապետի 2004թ. հուլիսի 19-ի թիվ 1319-Ա որոշմամբ՝ Երեւան քաղաքի Վարդավառի զբոսայգու եւ Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը:

Այնուհետեւ՝ 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա՝ կատարվել է վերը նշված անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին կատարվել է բաժանված գույքերի նկատմամբ Էրեբունու թաղապետարանի իրավունքների պետական գրանցում: Մ. Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող, «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն եւ եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ. ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 




Լրահոս