«ԱՅՆՔԱ՜Ն ԲԱՆ ԵՄ ՏԵՍԵԼ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ». ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանը օրեր առաջ տոնել է իր 57-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթն այդ կապակցությամբ զրուցել է սիրված դերասանուհու հետ օրվա, թոռնիկների անակնկալի, տարիքի եւ հոգեվիճակի մասին:

 

Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմում է, որ  արթնանալիս իրեն զգացել է ինչպես երեք տարեկան մանուկ. «Արթնացել եմ երեք տարեկան մանուկի նման, քանի որ ես ինձ առաջինն ընկալել եմ հենց երեք տարեկանում:  Ես հիշում եմ՝ հետո մայրս հաստատեց, որ իրոք այդպես է եղել, երեք տարեկանում էլ այդ շորն էր հագս: Նայեցի հայելու մեջ եւ ասացի՝ այս ես եմ, ես եւ ես երեք  տարեկան եմ:  Եվ հիմա՝ ամեն օր, երբ արթնանում եմ, ինձ թվում է, որ ես նույն երեխան եմ, իսկ հետո արդեն օրն իր հետ բերում է առօրյա հոգսերը, եւ հասկանում եմ, որ, չէ, ես արդեն 57 տարեկան եմ: Եվ ինձ հանգստացնում է, որ հինգն էլ, յոթն էլ լավ թիվ են,  եւ, ընդհանրապես, բոլոր թվերն էլ: Ես բացարձակապես չեմ վախենում  ծերությունից»,- նշում է նա:

ՀՀ վաստակավոր արտիստուհու տարեդարձն առաջինը շնորհավորել են թոռնիկները եւ է՛լ ավելի պայծառ ու երջանիկ դարձրել նրա օրը:

«Առավոտյան թոռնիկներս օրս տոն դարձրին իրենց պատրաստած անակնկալով եւ շնորհավորանքով: Ինձ նվիրել են երբեւէ իմ ստացած ամենամեծ նվերները՝ ինձ համար նկարել են հրաշք նկարներ եւ ինձ համար երգել են: Վաղ առավոտից ինձ շնորհավորում են ինձ շրջապատող հրաշք մարդիկ, ցավոք, բոլորին չեմ կարող պատասխանել»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով տարիքին եւ հոգեկան ապրումներին՝ Աննա Էլբակյանն ընդգծում է, որ ամեն տարիք ունի իր բարդության սահմանները, որոնք պետք է հաղթահարել՝ անկախ վախի եւ տագնապի զգացողություններից:

«Ես հիշում եմ՝ երբ ավելի երիտասարդ էի, միշտ ինչ-որ սահմանագծեր կան անցնելու, տագնապներ, վախեր, որոնց պետք է հաղթահարել յուրաքանչյուր տարիքում, հատկապես անցման տարիքում դրանք շատ սրվում եւ ավելի շատանում են, բայց դրանից չենք վախենում մինչեւ կյանքի վերջ, եւ ես Ձեզ հավատացնում եմ, որ ինչ էլ բերի, նոր չի լինի ինձ համար: Ես այնքա՜ն բան եմ տեսել իմ կյանքում եւ հասկացել եմ, որ երբ հաղթահարում ես այդ նեղությունները, տագնապները, մարտահրավերները կյանքի, ապա դու դառնում ես ավելի ուժեղ եւ ավելի երիտասարդ, որովհետեւ մարդ զորանում եւ ավելի ուժեղանում է դրանից, եւ չի պակասում այդ մարդու ոչ մի բանը, այլ, հակառակը, պետք է պարզապես ճիշտ անցնել այդ փուլերը: Պետք է իմանալ, որ դրանք միշտ կլինեն, քանի որ դրանք մեր կյանքի ուղղորդող պայմաններն են, բայց դրանցով չի պակասում մեր կյանքը»,-շեշտում է նա:

Իսկ թե օրն ինչպես եւ ում հետ է անցկացնելու, դերասանուհին նշում է. «Այս օրն ինձ համար լինելու է տոնական օր, քանի որ  մենք դրսում, փողոցում անում ենք մեր արդեն ավանդական դարձած ներկայացումը, եւ արդեն մի քանի տարի է, եւ դա ինձ համար մեծ նվեր է: Շատ պարզ մարդիկ, եւ մարդիկ, որոնք ուղղակի անցնում են փողոցով, կամ որոնք նույնիսկ չգիտեն, թե ես ով եմ, գալիս ու ուրախանում են ինձ հետ: Ես բոլորովին ինքնահաստատվելու կարիք չունեմ, բայց ուզում եմ աչքերով  տեսնել իմ հարազատ եւ մտերիմ մարդկանց, ովքեր ապրում են Երեւանում՝ իհարկե պահելով հակահամաճարակային բոլոր անվտանգության կանոնները: Ես երբեք հատուկ հյուրեր չեմ ունենում, ինձ համար բոլորն են հատուկ: Մարդիկ, ովքեր ուղղակի անցնում են, անցորդներ, աղքատներ, ովքեր փողոցի անկյունում միշտ նստած են լինում եւ իմ ամենահարազատներն են դարձել»,- եզրափակում է նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ Է՝ ԷՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶԱՆԻՑ ՏԱՆՈՒՄ Է». ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան,  օրեր առաջ  երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Գոռ Մարտիրոսյանը երկրորդ անգամ հայրանալու, դստեր ծննդյան  եւ զգացողությունների մասին կիսվել է ArmLur.am-ի հետ:

 

«Երեխան լույս աշխարհ է եկել օգոստոսի 28-ին,  դստերս անվանել եմ մայրիկիս անունով՝ Անահիտ: Մեծ սրտով եւ սիրով եմ դրել մայրիկիս անունը, բացի այդ, շատ գեղեցիկ, չծերացող եւ աստվածուհու անուն է: Ես կարծում եմ, որ Աստծու տված ժառանգի վրա այլ անուն չպետք է դրվի: Փառք Աստծո, առաջներկս տղա է, իսկ երկրորդ բալիկս՝ աղջիկ: Կարեւորը՝ առողջ լինեն, եւ Աստված բոլոր բալիկներին պահապան լինի: Ես առհասարակ երեխաներ շատ եմ սիրում, եւ ցանկություն ունեմ շատ բալիկներ ունենալու»,-պատմում է սիրված դերասանը:

Խոսելով զգացողությունների եւ որդու արձագանքի մասին՝ դերասանն ընդգծում է, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ շատ է հուզվել. «Տղաս մի փոքր խանդով է մոտենում փոքրիկ քույրկին, բայց փորձում ենք այնպես անել, որ նա իրեն միայնակ չզգա, քանի որ հիմա մի փոքր ուշադրությունն ավելի շատ կենտրոնացրել ենք քույրիկի վրա: Մի փոքր իրեն վատ է զգում, բայց նա արդեն 4 տարեկան հասկացող երեխա է եւ շատ է սիրում  քույրիկին, գրկում է, համբուրում: Իսկ երեխայի հիմնական խնամքով զբաղում է մայրիկը, ես էլ ինչով կարողանում եմ, օգնում եմ»:

Գոռ Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով պետությանը,  հատուկ ընդգծում է, որ ժամանակն է, որպեսզի մեր երկիրը մտածի երեխաների ապագայի, այն ավելի լավը դարձնելու մասին:

«Երեսուն տարի է՝ էս պետությունը մեզանից տանում է, մենք չապրեցինք, տանջվեցինք, հիմա, Աստված տա, այնպես լինի, որ այս սերունդի բալիկները ապրեն, մենք չապրեցինք, գոնե իրենք ապրեն»,-հավելում է Գոռ Մարտիրոսյանը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀՖՖ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Երկարատեւ դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու: ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։ Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետեւում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում եւ կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքներում եւ չստեղծել ավելորդ լարվածություն»,- ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ։ Նշենք, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով, եւ ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաներկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր:

 

 

ՌՈԴՐԻԳԵՍԸ ՊԱՏՄԵԼ Է

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատմել է, թե ինչու է որոշել Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել անգլիական «Էվերտոն»։ Անգլիական ակումբը գլխավորում է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, որի հետ 29-ամյա ֆուտբոլիստն աշխատել է «Ռեալում»: «Անչափ ուրախ եմ այս մեծագույն ակումբ տեղափոխվելու համար: Ակումբն ունի հարուստ պատմություն ու մարզիչ, որը լավ ծանոթ է ինձ: Այստեղ եմ տեղափոխվել ավելի ուժեղ ու ավելի լավը դառնալու համար: Վստահ եմ, որ Անչելոտիի ու նրա օգնականների հետ մենք ի զորու ենք հասնել մեծ հաջողությունների: Իմ տեղափոխության գլխավոր պատճառներից մեկը հենց Անչելոտին է: Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել, երբ նրա հետ աշխատել եմ այլ ակումբներում: Դա ծանրակշիռ պատճառ էր ինձ համար»,-ասել է Խամես Ռոդրիգեսը։

Բրիտանական մամուլի համաձայն՝ կոլումբացի կիսապաշտպանի տրանսֆերը կազմել է 22 միլիոն ֆունտ ստերլինգ:

 




Լրահոս