Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանում, դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, շուրջ մեկ տարի ընթանում էր՝ «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության շուրջ հարյուր աշխատողների հայցի քննությունն ընդդեմ գործատուի, որով աշխատողները պահանջում էին վճարել իրենց վաստակած աշխատավարձը 2007-2019 թվականների համար:
Աշխատողները փաստարկում էին, որ իրենք աշխատում են 12 ժամյա աշխատանքային ռեժիմով, որի պարագայում գործատուն պարտավոր էր, սակայն չի հաշվարկել և պակաս է վճարել օրենքով նախատեսված հավելումը արտաժամյա աշխատանքի համար, որը իրենց վաստակն է՝ սեփականությունը և որևէ մեկը իրավունք չունի նրանց զրկել այն տնօրինելու իրավունքից:
Աշխատողները, համոզված լինելով իրենց պահանջի արդարացիության մեջ, այնուհանդերձ, հաշվի առնելով գործատուի հզորությունը, կարգավիճակն ու հնարավորությունները, խիստ մտահոգված էին անկաշկանդ և լիարժեք արդարադատություն իրականացնելու դատարանի համարձակության, կողմնակի հնարավոր ճնշումներին դիմակայելու, արդարադատությունը և արդարությունը ամեն ինչից վեր դասելու դատարանի կամքի դրսևորման հարցում:
2020 թվականի սեպտեմբերի 11-ին, թիվ ԵԴ/25493/02/19 քաղաքացիական գործով հրապարակած վճռով, բավարարելով աշխատողների պահանջը, երիտասարդ, սակայն փորձառու և բանիմաց իրավաբան, դատավոր Տաթևիկ Ստեփանյանը բացահայտեց արդարադատության բուն էությունը, ի լուր աշխարհի ազդարարելով, որ Հայաստանը ինքնիշխան է և իրավական, որտեղ իրավունքի գերակայությունը անձեռնմխելի է, իշխանության թևերը ինքնուրույն են և անկախ, արդարադատությունը ենթարկվում է բացառապես օրենքին, որտեղ տեղ չունի կողմնակալությունը, անգամ եթե հանուն արդարության անհրաժեշտ է շոշոփել և միջամտել դաշնակից հզոր պետության անուղղակի շահին, ապա խոսքը միայն օրենքինն է, քաղաքական իշխանությունը չի խառնվում, քաղաքական նկատառումներով չի միջամտում դատարանին, իսկ դատարանը անառիկ է պահում արդարադատության ամրոցը, որի բանալիները ժողովուրդը հանձնել է դատավորին, ով պարտավոր է արժանի լինել իր բարձր կոչմանը:
«ՌՈՒՍԱԼ Արմենալ» ՓԲԸ-ից մեզ հայտնեցին, որ ընկերությունն համարում է անօրինական և անհիմն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ աշխատակիցների փոխհատուցման վճարման հայցի վերաբերյալ:
Ընկերությունը անշեղորեն պահպանում է աշխատանքային օրենսդրության պահանջները, ժամանակին և ամբողջությամբ վճարում է իր աշխատողներին աշխատավարձը, օրենքով սահմանված բոլոր հավելավճարները և փոխհատուցումները:
Առաջին ատյանի դատարանի որոշումը պարտադիր կարգով կբողոքարկվի վերադաս դատական ատյանում: