Շոումեն, դերասան Գրիշա Աղախանյանի եւ դերասանուհի Շողեր Թովմասյանի ընտանիքում այսօր տոն է: Նրանց միակ որդին՝ Ալեքսանդրն այսօր իր առաջին առաջին քայլերն է անում դեպի դպրոց: ArmLur.am-ի հետ իր հայրական զգացողություններով եւ որդու առաջին քայլերի մասին խոսել է Գրիշա Աղախանյանը։
«Որդիս՝ Ալիկը, հաճախելու է Չեխովի անվան 55 դպրոցը։ Այդ դպրոցն ինձ համար շատ հարազատ դպրոց է , քանի որ այդտեղ է հաճախել հայրս, ես, եղբայրս, հիմա արդեն երրորդ սերունդը՝ տղաս է հաճախելու»,-նշում է Գրիշան։
Մեզ հետ զրույցում նա ընդգծում է, որ ինչպես յուրաքանչյուր հոգատար եւ սրտացավ ծնող, նա նույնպես իր որդուն խորհուրդ է տվել լավ սովորել, լավ մարդ դառնալ․ «Ինչ պետք է հայրն ասի որդուն, որ պետք է լավ սովորես, լավ մարդ դառնաս․ այսպիսի խորհուրդներ եմ տվել որդուս։ Ի զարմանս ինձ՝ երեխան շատ լավ գնաց դպրոց, ճիշտ է առաջին հանդիպումն էր եւ շատ ոգեւորված դուրս եկավ դպրոցից։ Դպրոցից դուրս գալուց հետո, երբ հարցրի՝ ինչպես էր, ասաց՝ ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ՝ մի քիչ սպասում էի, որ կարող է լարված լիներ կամ դուրը չգար , բայց շատ ոգեւորված, լավ տրամադրությամբ դուրս եկավ»։
Գրիշա Աղախանյանի խոսքով մեծ հույսեր է կապում որդու լավ ապագայի հետ։ Ծնողները ցանկություն ունեն, որ փոքրիկ Ալեքսանդրը բժիշկ դառնա։
«Ալիկի մասնագիտության առումով կցանկանայինք, որ ընտրեր բժշկի մասնագիտությունը, պապայից բան դուրս չեկավ գոնե որդիս կլրացնի այդ բացը։ Մի խոսքով, տրամադրված ենք, որ բժիշկ դառնա, եւ ինքն էլ արդեն տրամադրվել է, բայց դե կարծում եմ, որ ժամանակը շատ բան կփոխի»,-կատակով ասում է դերասանը ։
Հարցին, թե ինչ հետաքրքիր հիշողություններ, դրվագներ կարող է պատմել իր դպրոցական տարիներից, մեր զրուցակիցը չկարողացավ մտաբերել, սակայն հավելեց, որ այդ տարիներն իր կյանքում զբաղեցնում են առանձնահատուկ տեղ։
«Իմ դպրոցական տարիներից դրվագներ, որպես այդիսին, չեմ հիշում այս պահին, բայց հիշում եմ, որ այդ տարիներն ամենահավես տարիներն են եղել իմ կյանքում, եւ շատ լավ տպավորություններ են թողել։ Այդ տասը տարիներն անցել են շատ հավես իր ամեն ինչով»,-եզրափակում է մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան