«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բավականին լուրջ գործընթաց է սկսել: Ոչ մեկ անգամ գրել էինք, որ իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից նա իր ծանոթ-բարեկամներին տարբեր պաշտոնների է նշանակել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ արդարադատության նախարար Ռոստամ Բադասյանը պատերազմ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Մեր տեղեկություններով՝ վերջինս անգամ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հեռացման հարցն է բարձրաձայնում եւ նրանից առկա տարբեր դժգոհությունները ներկայացնում է քաղաքական ղեկավարությանը՝ փորձելով հասնել նրան, որ Արթուր Դավթյանին ստիպեն հրաժարական տալ, եւ դրվի նրա հեռացման հարցը: Եվ ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանի նշանակումը՝ ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում, նույնպես պատահական չէր: Բանն այն է, որ Սրբուհի Գալյանը դատախազությունում լինելու է Ռուստամ Բադասյանի աչքերն ու ականջները, որպեսզի նախարարը կարողանա նրա միջոցով ամեն ինչ իմանալ Արթուր Դավթյանի եւ, առհասարակ, դատախազությունում տիրող իրավիճակի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչու է նախարարը Դավթյանի նկատմամբ նման գործընթաց նախաձեռնել: Սակայն նա վստահեցրեց, թե Արթուր Դավթյանի դեմ պատերազմ չի հայտարարել, իսկ խոսելով Սրբուհի Գալյանի նոր պաշտոնի մասին՝ նշեց. «Սրբուհի Գալյանը մասնակցել է մրցույթի, նրան ոչ մեկ ոչ մի տեղ չի տարել: Եվ նա պատասխանատու է լինելու ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում», – նշեց նախարարը: Ամեն դեպքում, Սրբուհի Գալյանի նոր պաշտոնն ամենեւին էլ պատահական չէ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։