«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է անկեղծ զրույցների շարքը երիտասարդ դերասանների հետ: Այս անգամ զրուցել ենք Համազգային թատրոնի դերասանուհի Ժաննա Վելիցյանի հետ, ով հեռուստադիտողին հայտնի է դարձավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից: Դերասանուհու հետ խոսել ենք զբաղվածության, առաջիկա անելիքների, Տաշիրից Երեւան տեղափոխվելու դժվարությունների մասին եւ ոչ միայն։
-Ժաննա՛, ի՞նչ զբաղվածություն ունեք այսօր եւ ի՞նչ նորություններ են սպասվում Ձեր երկրպագուներին։
-Այս պահին ցավոք չունեմ զբաղվածություն, իսկ նորությունների մասին դեռեւս չեմ ցանկանում խոսել։
-Դուք բավականին հետաքրքիր թեմատիկաներով ընտրված ֆոտոշարքեր եք ներկայացնում, հետաքրքի՞ր է Դուք եք ընտրում թեման, թե կա՞ ինչ-որ մեկը ով Ձեզ ուղղորդում է։
-Գաղափարները հիմնականում իմն են լինում: Ստացվում է նաեւ այնպես, որ լուսանկարիչների կողմից եմ ստանում առաջարկներ ՝ արդեն հստակ որոշված թեմայով:
-Իսկ կա՞ արդյոք հոգեվիճակ, որը Ձեզ ավելի հոգեհարազատ եւ բնորոշ է։
-Հոգեհարազատ թեմա չունեմ: Սիրում եմ հանդես գալ տարբեր կերպարներով:
-Ժաննա՛, եթե չընտրեիք դերասանի մասնագիտությունը եւ արվեստի այդ ճյուղը, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
-Չգիտեմ: Ես միշտ խուսափում եմ այս հարցից: Չեմ ուզում անգամ մտածել այդ մասին։
-Յուրաքանչյուր մարդ, արտիստ, անկախ մասնագիտությունից ունի հոբի, Դուք ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Սիրում եմ մոդելինգը: Գիրք կարդալն ու ֆիլմեր դիտելը չեմ համարում հոբբի, դրանք առօրյայիս անբաժան մասն են: Սիրում եմ լողալ:
-Իսկ ծնողներդ ինչպե՞ս արձագանքեցին դերասան դառնալու Ձեր ընտրությանը։ Սովորաբար հայկական ընտանիքներում հատկապես հայրերը դեմ են լինում։
-Հայրս սատար կանգնեց: Ասաց, որ միշտ երազել է, որ զավակներից մեկը շարունակի արվեստի որեւէ ճյուղով զբաղվել: Եվ ահա դուստրը հայտնում է, որ ուզում է դառնալ դերասանուհի: Շատ ուրախացավ եւ, իհարկե, օգնեց:
-Ժաննա՛, ծնունդով Տաշիր քաղաքից եք: Ինչպե՞ս տեղափոխվեցիք Երեւան եւ ինչպե՞ս ինքներդ Ձեզ գտաք այստեղ:
-Այո՛, ծնունդով Տաշիրից եմ: Ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան` սովորելու նպատակով: Սկզբում, իհարկե, շատ բարդ էր, գյուղի և մայրաքաղաքի տարբերությունը` ահռելի մեծ էր, բայց երբ ունես երազանք (նպատակ) ու հոգ ես տանում նրա մասին ու քայլում նրան ընդառաջ, ամեն ինչ հաղթահարվում է եւ մնում անցյալում։
-Դուք ձեր մարմնի վրա ունեք դաջվածք: Ինչպես արձագանքեցին ծնողներդ, դեմ էին, թե …
-Դաջվածքի մասին երազել եմ տարիներ շարունակ: Կար մտավախություն, որ շատ շուտ կհիասթափվեմ եւ կփոշմանեմ: Բայց ոչ… Ընտանիքում նորմալ ընդունեցին: Հո հանցանք չէի գործե՞լ։
-Դուք ինքներդ Ձեզ կարծրատիպեր կոտրող մարդ համարում եք:
-Ճիշտն ասած այո։ (Ժպտում է)
-Չեք անի երբեք…
-Ինչպես գիտենք, երբեք պետք չէ ասել երբեք, բայց կարծում եմ, անհեթեթ եւ մարմինը տգեղացնող վիրահատական միջամտություններ երբեք չեմ անի:
-Տղամարդու մեջ առաջինն ի՞նչն եք նկատում:
-Եթե տղամարդը կարողացավ ինձ ծիծաղեցնել, առաջիկա մի քանի րոպեներին գուցե ոչինչ չգրավի ուշադրությունս: Իսկ առհասարակ ` մաքուր եւ կոկիկ ձեռքերը:
-Կինը պետք է լինի…
-Կինը պետք է լինի… Կինը ՉՊԵՏՔ է լինի: Կինն այնպիսին է ինչպիսին կա: «Պետք է»-ները եւ կաղապարները կնոջ համար չեն(համենայն դեպս ինձ համար էդպես է)։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը