Հայտնի է Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։

Սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված 300 տոննա սահմանաչափն այս պահին դեռևս սպառված չէ։

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք Սևանա լճում զբաղվում են սիգի արդյունագործական ձկնորսությամբ, մինչև սեպտեմբերի 16-ը հայտեր ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ, ապա պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ ձկնորսությունն օրինական կարգով իրականացնելու համար։

Կարգի գործարկման պահից՝ սեպտեմբերի 18-ից, յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։

Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։

Հավելեք նաև, որ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ նախագծում իրականացված լրացումների համաձայն․

– Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։

– Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։

– Նոր լրացումներով կթույլատրվի որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։

-Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։

Հավելենք նաև, որ փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:




Լրահոս