ArmLur.am-ի տեղեկություններով Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կարեն Եղիազարյանը քաղաքապետի ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածուն էր, դա հաստատել է նաև ինքը՝ Եղիազարյանը, հարցազրույցներից մեկում: Ընտրություններից առաջ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ ՀՀԿ-ի ներսում Կարեն Եղիազարյանին հատկապես սատարում է քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը. գործարարն այս հրապարկումները չի հերքել: Կ. Եղիազարյանը Ապարանի քաղաքապետի պաշտոնում է 2017թ. նոյեմբերից, այդ ժամանակվանից էլ համատեղում է համայնքի կառավարումն ու գործարարությունը: