ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՀԱՐՑ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունը դեռ պահպանվում է, եւ որքան էլ սեպտեմբերի 11-ից հետո այն կոչվելու է կարանտին, այնուամենայնիվ, ռեժիմը նույնն է: Եւ ինչպես բառն է հուշում, արտակարգ դրության ժամանակ ենթադրվում են ոչ դասական լուծումներ: Մանկապարտեզների թեման ողջ երկրում լուրջ խնդիր է դարձել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ից պետք է վերաբացվեն մանկապարտեզները, սակայն առկա են մի քանի կանոններ, մասնավորապես՝ 10-12 հոգանոց խմբեր պետք է լինեն, առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, տվյալ հաստատություն աշխատակցի երեխային, իսկ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ծնողներից ահազանգեր է ստացել, որ մանկապարտեզի տարիքի երեխաներին չեն կարողանում տեղավորել մանկապարտեզներում, ունեն 5 տարեկանից փոքր տարիքի երեխա, ինչպես վարվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչ է անում քաղաքային իշխանությունը խնդիրը կարգավորելու համար. ի վերջո, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ունեն մանկապարտեզային տարիքի երեխա եւ կանգնած են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը համակարգում է մայրաքաղաքի դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքը, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություններ է անցկացնում:

«Մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից ողջ ծավալով բացվելու են, բայց կան պարետատան կողմից ներկայացված կանոններ: Եվ, ըստ նոր կանոնների, մենք հնարավորություն կունենանք 31 հազար երեխաներից ապահովել 29-30 տոկոսի հաճախելիություն: Եթե առաջին փուլով հասկանանք, որ այս պահին թույլատրելի 10 հազար տեղը չի լրանում, եւս մի քանի խմբի կսկսենք ներառել այս համակարգում, որ կարողանան իրենց երեխաներին բերել: Ինչ վերաբերում է ընդունելությանը, քանի որ մենք հիմա ունենք հերթի մեջ սպասող անձանց, ապա նոր անձանց հերթագրումների մասին խոսք լինել չի կարող», – նշեց Վիրաբյանը:

Փառահեղ պատասխան, փառահեղ կառավարում, փառահեղ որոշում: Թվում է՝ քաղաքապետարանը քափ ու քրտինքի մեջ աշխատում է, Տիգրան Վիրաբյանը մտատանջվում է՝ ինչպես անել, որ մանուկները կարողանան իրենց կյանքի կարեւորագույն սոցիալականացման խնդիրը կարգավորել, բայց ստացվում է, ինչպես միշտ: Վատ կառավարման արդյունքում երեխաների մեծ մասը մնալու են մանկապարտեզից դուրս, իսկ շատ ծնողներ՝ գործազուրկ: Բայց գլխավորն այն է, որ Տիգրան Վիրաբյանը խորհրդակցություններ է կազմակերպում, ոչինչ, որ խնդիրը այդպես էլ չի լուծվելու: Հիշեցնենք որ հունիսից ՀՀ-ում մանկապարտեզներն ու դպրոցները փակ են, ու կոնկրետ Վիրաբյանն ու նրա՝ լրազորություններով օժտված պաշտոնյաները  երեք ամիս ժամանակ ունեին այսօրվա խնդիրը կարգավորելու, արտակարգ լուծումներ գտնելու համար:

 

 

Իրավապահ համակարգում տարակուսած են, թե ինչպես կարող է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ նշանակված Սրբուհի Գալյանը զբաղվել նախկին պաշտոնյաների հարցերով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար հատուկ պաշտոնի նշանակված Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ: Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը: Հիշեցնենք, որ Հովսեփյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավ է ունեցել: Եվ հիմա ուժային կառույցներում անհանգիստ են՝ արդյոք Գալյանը կարող է անկաշկանդ գործել, եւ իր ընտանիքի ունեցած նախկին կապերը չեն խանգարի պայքարել կոռուպցիոներ պաշտոնյաների դեմ: Հիշեցնենք նաեւ, որ Սրբուհի Գալյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ նոր հաստիքի նշանակվեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջամտությամբ:  «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Սրբուհի Գալյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե օրենքի հիման վրա ցանկացած անձի վերաբերյալ ես ազդակ ստանամ, օրենքի հիման վրա պատրաստ եմ վարույթ սկսելու վերաբերյալ որոշում կայացնել եւ վստահ կարող եմ ասել, որ կաշկանդվածություն չունեմ»:

 

 

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի շուրջ շարունակում են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Խունդկարյանի հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական խորհրդատվական կարծիք է տվել, ու կարելի է ասել, որ այն ազդելու է թեկնածուի ընտրության վրա խորհրդարանում: Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների թեկնածուների հետ կապված ուսումնասիրություններ էր անցկացրել նաեւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ բացահայտումներ են սպասվում: «Ես հիմնվել եմ առավելապես բաց աղբյուրների, հրապարակային փաստերի վրա, որոնք արդեն իսկ բավարար են նրա թեկնածությունը մերժելու համար։ Խունկարյանի անունը կապվում է մեր երկրի ամենաաղմկոտ դատական գործերի հետ՝ սկսած Ա1+ հեռուստաընկերության փակման խայտառակ գործից մինչեւ տասնյակ քաղաքացիների ունեզրկում, Թեղուտում, Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրողների գործերի մերժում՝ պայմանավորված Սերժ Սարգսյանի եղբոր շահերի սպասարկման հանգամանքով, եւ այլն։ Այդ պատկերն ավելի ամբողջական է դարձնում այն փաստը, որ, որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, Երվանդ Խունդկարյանի կայացրած շուրջ մեկուկես տասնյակ վճիռներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնց արդյունքում պետությունը վճարել է ավելի քան 300 հազար եվրոյի փոխհատուցում։ Շատ ավելի կարեւոր ու անդառնալի է այն վնասը, որ նա հասցրել է Հայաստանի հեղինակությանը», – նշեց Բաբաջանյանը։

 

 

 

Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո քանի անձ է տուգանվել, եւ քանիսն են վճարել այդ տուգանքը։ Ոստիկանության ներկայացված պատասխանում ասվում է. «ՀՀ կառավարության մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով (Դիմակ չկրելու համար) կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշում: ՀՀ պետական բյուջե, որպես տուգանք, վճարվել է 12.100.000 դրամ»: Իսկ հիմա մի փոքր հաշվարկ կատարենք. դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 10 հազար դրամ, այսինքն՝ ստացվում է՝ իրենց տուգանքները վճարել է 1210 քաղաքացի, այնինչ կայացվել է 99.574 որոշում, եւ դեռ է 98 364 քաղաքացի քաղաքացի պարտավոր է վճարել 10 հազար դրամ տուգանք: Ու եթե բոլորը վճարած լինեին իրենց տուգանքները, այդ գումարը կկազմեր 995 740 000 դրամ: Նշենք, որ օգոստոսի 19-ին հրապարակված տվյալների համաձայն՝ կայացվել էր 66.530 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, ստացվում է՝ մոտ տասը օրվա ընթացքում վարչական տույժերի թիվը շեշտակի աճել է: Ու թեեւ վարչական տույժերի թիվն ավելանում է, սակայն, միեւնույնն է, քաղաքացիները չեն շտապում եւ չեն ցանկանում վճարել տուգանքները:

 




Լրահոս