ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿԱՊՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԱՂՄԿՈՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է:

-Պարո՛ն Բաբաջանյան, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հարցը, կարծես թե, իշխանությունների համար եւս օր օրի ավելի անորոշ է դառնում, քանի որ առաջադրված թեկնածուներից առնվազն երկուսը, այսպես ասած, իշխանական պատգամավորների սրտով չեն: Ըստ Ձեզ՝ ՍԴ ճգնաժամը ինչես կլուծվի, Դուք տեսնո՞ւմ եք առաջիկայում որեւէ լուծում այս հարցում:

-Անկեղծ ասած, չգիտեմ՝ թեկնածուներից որ մեկն է իշխանական պատգամավորների սրտով կամ հակառակը, բայց կարող եմ ասել, որ Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացն ընթացավ անթույլատրելիորեն անորակ, վատ հունով, եւ դրանում մեղքի ամենամեծ բաժինն ունի առաջին հերթին իշխանությունը։ Որովհետեւ եթե ժամանակագրորեն դիտարկենք, Սահմանադրական դատարանի դատավորի առաջին թեկնածուին առաջադրեց կառավարությունը՝ ի դեմս արդեն իսկ իր թեկնածությունից հրաժարված Վահրամ Ավետիսյանի՝ թեկնածու, որը չափազանց խոցելի էր ու անընդունելի։ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելով՝ կառավարությունը, այսինքն՝ իշխող մեծամասնությունը, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընկալման նշաձողը, չափանիշն անթույլատրելիորեն իջեցրեց։ Դա, ըստ էության, ազդակ դարձավ Դատարանների ընհանուր ժողովի, ապա հանրապետության նախագահի համար, որ կարելի է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրել կամայական մեկին։ Տրամաբանությունը շատ պարզ է. Դատավորների ընդհանուր ժողովում մտածել են, որ եթե կառավարությունն առաջադրում է դատական համակարգի նախկին ամենախոցելի, ամենասկանդալային ու արատավոր ներկայացուցիչներից մեկի՝ Դավիթ Ավետիսյանի որդուն, ապա ինչն է խանգարում, որ իրենք առաջադրեն այդ նույն համակարգի նույնքան արատավորված մյուս ներկայացուցչին՝ Երվանդ Խունկարյանին։ Սահմանադրական դատարանը երկրում սահմանադրական արդարադատության ու, որ ամենակարեւորն է, ժողովրդավարության պաշտպանության կարեւորագույն, առանցքային ինստիտուտներից մեկն է, որն ունի համակարգաստեղծ նշանակություն, եւ նման, թույլ տվեք ասել, փնթի մոտեցումը ուղղակի անթույլատրելի է։

-Արդեն հայտնի է, որ ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանի հետ կապված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, ու, կարելի է ասել, այն ազդելու է նրա ընտրության վրա: Ինչպես հայտնի է, Դուք եւս ուսումնասիրություններ էիք իրականացրել Խունդկարյանի գործունեության վերաբերյալ: Խնդրում եմ մի քիչ մանրամասներ ներկայացնել, թե ինչեր եք բացահայտել:

-Կա մի կարեւոր ու մտահոգիչ հանգամանք. որքան ինձ է հայտնի, քաղաքական որոշում է կայացվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակվելու, գաղտնի է պահվելու ու այդպիսով չի ազդելու Խունդկարյանի ընտրության վրա։ Դա խիստ մտահոգիչ է, որովհետեւ այդպիսով հեղինակազրկվում է առաջին հերթին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին մենք ենք ընտրել՝ օժտելով կարեւորագույն լիազրություններով։ Եվ այսօր, երբ եկել է այդ լիազորությունների իրացման գործնական պահը, մենք հրաժարվում ենք դրանից։ Ինչ վերաբերում է Խունդկարյանի վերաբերյալ իմ ուսումնասիրությանը, ապա ես հիմնվել եմ առավելապես բաց աղբյուրների, հրապարակային փաստերի վրա, որոնք արդեն իսկ բավարար են նրա թեկնածությունը մերժելու համար։ Խունդկարյանի անունը կապվում է մեր երկրի ամենաաղմկոտ դատական գործերի հետ՝ սկսած Ա1+ հեռուստաընկերության փակման խայտառակ գործից մինչեւ տասնյակ քաղաքացիների ունեզրկում, Թեղուտում, Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրողների գործերի մերժում՝ պայմանավորված Սերժ Սարգսյանի եղբոր շահերի սպասարկման հանգամանքով, եւ այլն։ Այդ պատկերն ավելի ամբողջական է դարձնում այն փաստը, որ, որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, Երվանդ Խունկարյանի կայացրած շուրջ մեկուկես տասնյակ վճիռներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնց արդյունքում պետությունը վճարել է ավելի քան 300 հազար եվրոյի փոխհատուցում։ Բայց ես նույնիսկ չեմ քննարկում Խունդկարյանի հասցրած վնասի դրամական արտահայտությունը, թեեւ այն, անշուշտ, փոքր չէ։ Շատ ավելի կարեւոր ու անդառնալի է այն վնասը, որ նա հասցրել է Հայաստանի հեղինակությանը, դատական համակարգի համբավին, երկրի գործարար ու ներդրումային գրավչությանը։ Ցավոք, այդ վնասի պոտենցիալ դրամական արտահայտության գնահատման հնարավորություն մենք չունենք, բայց վստահ եմ, որ եթե լիներ նման մեթոդոլոգիա, Խունկդարյանի վնասակարարությունը կհաշվվեր տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլոն դոլարներով։ Եվ նման մարդուն, դատական համակարգի բոլոր արատների համար անձնական, հասցեական պատասխանատվություն կրողին ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ կնշանակի խաչ քաշել բոլոր այն հռչակումների վրա, որոնք ընկած էին թավշյա հեղափոխության հիմքում, բոլոր այն դրդապատճառների վրա, որոնք մեզ ստիպեցին քայլեր ձեռնարկել սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար։ Եվ եթե մենք Երվանդ Խունդկարյանին թույլ ենք տալիս դառնալ ՍԴ դատավոր, նշանակում է՝ մենք Սահմանադրական դատարանը թողնում ենք հրայրթովմասյանական իշխանության տակ, քանի որ գործնականում Թովմասյանն ու Խունդկարյանը նույն համակարգի հոգեզավակներ են՝ նախկին հանցավոր իշխանությանը մատուցած գրեթե նույնական ծառայություններով։ Այնպես որ, իրականում խաղասեղանին դրված է շատ ավելին, քան սոսկ ՍԴ դատավորի պաշտոնը։ Եթե ընդհանրացնենք, այս ընտրությամբ մենք ցույց ենք տալու կա՛մ մեր հավատարմությունը հեղափոխության արժենքներին ու հռչակումներին, կա՛մ արձանագրելու ենք դրանիցից մեր նահանջը ու հակահեղափոխության հաղթանակը նաեւ այս փուլում, քանի որ Խունդկարյանը մասմաբ ուղիղ, մասամբ փոխաբերական իմաստով մարմնավորում է նախկին իշխանություններին, եւ նրա ընտրությունը մեկ քայլով նպաստելու է ռեւանշի արդեն իսկ անթաքույց դարձող նկրտումների իրացմանը։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի խորհրդարանի նախագահին: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

 

«Այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի նրա հետագա ճակատագիրն, ըստ «Կանոնակարգ» օրենքի, դրվի ընթացքի մեջ: Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց տիրույթներ, որոնց նախատեսված չափով հնարավորություն կտրվի տեղեկանալ թե՛ հասարակությանը, թե՛ ԱԺ պատգամավորներին, թե՛ անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին»,- ասել է Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը, սակայն, նշել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին:

Նշենք, որ 2019թ. մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի փակ նիստերին մասնակցել են բազմաթիվ ներկա եւ նախկին պաշտոնյաներ, ռազմական գործիչներ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել Ապրիլյան պատերազմի հետ:

 

 

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգում փոփոխություն կատարվեց աշխատանքային օրենսգրքում։ Մասնավորապես, առաջարկվում է ներդնել, այսպես կոչված, հայրության արձակուրդ։ Ըստ փոփոխություններից մեկի՝ «երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»։ Նշենք, որ նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որը նաեւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Մյուս նախագծով առաջարկվում է այնպիսի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին լքել աշխատանքի վայրը սահմանված աշխատաժամի ավարտից մեկ ժամ շուտ՝ բացառելով պայմանավորված աշխատավարձի պահումները։ Այս նախագիծը եւս մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

 

 

ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Ընտրական օրենսգիրք»  սահմանադրական օրենքում եւ ամրագրել, որ պատգամավորների թեկնածուները պետք է դիպլոմի հետ ներկայացնեն նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված հայերենի գրավոր` թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի եւ ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Պատգամավորն իր հիմնավորման մեջ նշում է, որ Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի այս հոդվածներից բխում է նաեւ, որ պատգամավորի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, որն էլ բխում է նաեւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքից եւ ապահովում է պետական ինստիտուտի նկատմամբ հանրային հարգանքը: Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ խմբակցությունից եւ խորհրդարանում հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Միեւնույն ժամանակ սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Այդ օրը Վարդեւան Գրիգորյանը կընտրվի որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ հենց Սերգեյ Բագրատյանի փոխարեն:

 




Լրահոս