ՀՐԴԵՀ՝ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 8-ին: Այրվել են մոտ 5000 քմ կուտակած աղբ եւ 5000 քմ խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 4 ջրատար։ Տեղում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն։

 

 

ՏԵԽԶՆՆՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

Ազգային ժողովում երեկ քննարկվեց մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների տեխզննման գործընթացում: Այսպես, կառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա թույլ կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:  Բացի այդ, փոխվելու է նաեւ տեխնիկական զննության պարբերականությունը,մասնավորապես. «Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչեւ թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր՝ տարեկան մեկ անգամ: Ուղեւորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննում կանցնեն մինչեւ 10 տարեկանը՝ տարին մեկ անգամ, դրանից հետո՝ տարին երկու անգամ: Եթե կարգը խախտվի, ընդհուպ կարող է լիցենզիայից զրկում լինի»: Տեխզննման կտրոնն ավտոմեքենայի ապակուն փակցնելն այլեւս պարտադիր չի լինի:

 

 

ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել եւ առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է սահմանել, որ  Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվի 10 տոկոս դրույքաչափով: Ավելին, խմբակցությունը նաեւ առանձին հաշվարկ է ներկայացրել: Բանն այն է, որ ներկայումս Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործում են 197 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ աշխատում են թվով 3170 ուսուցիչներ: Նշված հաստատություններում դրույքների ընդհանուր թիվը կազմում է 3070.9, իսկ յուրաքանչյուր դպրոցին բաժին ընկնող դրույքների թիվը` 15.7: Մեկ ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 0.96 դրույք, իսկ միջին ամսական դրույքաչափը` 108655.3 ՀՀ դրամ:

Առաջարկվող արտոնության տրամադրման դեպքում սահմանամերձ շրջանների ուսուցիչների եկամտային հարկի գումարի տարեկան չափը կկազմի396791770.8ՀՀ դրամ/108655.3ճ0.96x3170x10%x12ամիս/, իսկ պակաս հավաքագրվող եկամտային հարկի չափը 2021 թվականի համար կկազմի 476150124.9 ՀՀ դրամ, 2022 թվականին` 436470947.8 ՀՀ դրամ, իսկ 2023 թվականին եւ հետագա տարիներին` 396791770.8 ՀՀ դրամ:

 

Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործով հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ, առհասարակ,  դիրքորոշում հայտնել իր նկատմամբ հարուցված քրեական գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  նախաքննական մարմինը  ԱԺ նախկին պատգամավորին ասել է, որ նա կարող է ընդունել մեղադրանքը, եւ իր նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության հիմքով կկարճվի:

 

Իսկ ի՞նչն է այս իրավիճակում ուշագրավը: Ըստ էության, եթե Մհեր Սեդրակյանը համաձայնում  է նախաքննական մարմնի մեղադրանքի հետ, եւ հարուցված քրեական գործը, վաղեմության ժամկետ հիմքով, կարճվում է, ապա ստացվում է, որ նա մեխանիկորեն ընդունում  է, որ պաշտոնեական կեղծիք են թույլ տվել: Այսինքն՝ ընդունում  է իր մեղքը:

Ասել է թե՝ այս քայլով Քննչական կոմիտեն կարողանում է նաեւ ձերբազատվել այն կարծիքներից, որ անհիմն քրեական գործ է հարուցել: Կոմիտեն հետագայում կարող է հանգիստ ասել՝ խնդրեմ, կոնկրետ անձը ընդունեց իր  մեղքը, եւ նրա մասով քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը այդ պահին Քննչական կոմիտեում ասել է, որ առայժմ ոչինչ ասել չի կարող, կգնա, կմտածի եւ հետո կորոշի, թե ինչ դիրքորոշում կհայտնի՝ կընդունի Կոմիտեի առաջարկը, թե ոչ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու եւ եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:

Մհեր Սեդրակյանը, վերոնշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունները եւ զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ, նախ, համայնքի, ապա՝ որդու եւ եղբոր սեփականության իրավունքը գրանցելու համար 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ միաժամանակ տրամադրելով ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ չափագրական տվյալներ: Վերոգրյալի հիման վրա՝ ՀՀԿԱ ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված հատակագիծը ներկայացվել է Երեւանի քաղաքապետարան, որից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երեւանի քաղաքապետի՝ 2004թ. հուլիսի 19-ի թիվ 1319-Ա որոշմամբ՝ Երեւան քաղաքի Վարդավառի զբոսայգու եւ Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը:

Այնուհետեւ՝ 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա՝ կատարվել է վերը նշված անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին կատարվել է բաժանված գույքերի նկատմամբ Էրեբունու թաղապետարանի իրավունքների պետական գրանցում:

Մ. Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վարդավառ զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն եւ եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ. ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾՈՎ

2020թ. սեպտեմբերի 1-ին ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու եւ օգտագործելու կասկածանքով Երեւանի Չեխովի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 57-ամյա տղամարդ: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն, «Հերոին» տեսակի, թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,6 գրամ: 2020թ. սեպտեմբերի 2-ին,  ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու եւ օգտագործելու կասկածանքով, Երեւանի Ն. Շենգավիթ 13 փողոցից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել երկու քաղաքացի: Նրանցից մեկին՝ 55-ամյա տղամարդուն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն, «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,9 գրամ: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Պարզվել է, որ նշված անձինք թմրամիջոցը ձեռք են բերել միեւնույն անձից՝ Երեւան քաղաքի 61-ամյա բնակչից: Նրան մեղադրանք է առաջադրվել: 57-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

 

ԿԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Armlur.am-ի տեղեկություններով` «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դիակի հայտնաբերումից հետո ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ արդեն ձերբակալված անձ կա, եւ առաջիկայում շատ հանգամանքներ կպարզվեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին՝ Ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:  Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ եւ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը Մալաթիայի քննչական բաժնից տեղափոխվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին:  Ավելին՝ իրավապահները պարզել են, որ կրակոցներին ու վիճաբանությանը մասնակցել են 25-ից ավել անձինք:

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները դեռեւս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի եւ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի հետ: Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես՝ գործընթացում ծագող անհարմարությունների եւ գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները:

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաեւ ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու եւ աշխատելու նպատակով։ Մոտ 30 րոպե տեւած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները, եւ հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության եւ տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը, կքննարկվեն այդ խնդիրները:

Սակայն քաղաքացիները տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից եւ փոխարենը նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ։ Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին եւս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները եւ համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ:

 




Լրահոս