ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ ՇՐՋԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի հունվարի 1-ից շրջածախ առեւտրի, ավելի պարզ ասած՝ փողոցում փուչիկ, գրիչ, անձեռոցիկ վաճառողների համար նոր պահանջներ եւ նոր պայմաններ կսահմանվեն:

 

Երեւանի ավագանին ձայների 31 կողմ, 6 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում ընդունեց, ըստ որի՝ շրջածախ առեւտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրելու է Երեւանի քաղաքապետը կամ վարչական շրջանի ղեկավարը: Շրջածախ առեւտուր իրականացնողը պետք է ապահովված լինի ՀԴՄ սարքով, առեւտուրն էլ պետք է իրականացնի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին:

Որոշումը մեկնաբանող՝ քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը բացատրում էր՝ սա պարզապես փողոցային առեւտուրը քաղաքակիրթ ձեւով կազմակերպելու եւ օրինական դաշտ բերելու միջոց է: Այդուհանդերձ, այդ բացատրությունը չբավարարեց ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությանը:

Մասնավորապես, Թեհմինա Վարդանյանը հարց բարձրացրեց՝ փուչիկ, ծաղիկ, անձեռոցիկ վաճառողներն օրվա հաց են վաստակում, հարուստ տնտեսվարողներ չեն, ինչու է որոշել իշխանությունը «պարանը հենց նրանց վզին գցել». «Ո՞նց է մարդը աշխատելու: Այսինքն՝ փուչիկը 10-15 ձեռքը, ՀԴՄ ապարատը, լիցենզիան, չգիտեմ, դրամապանակը, իրավունք չունի դնի գետնին, իրավունք չունի ինչ-որ պատվանդան լինի: Ուզում եմ հասկանամ՝ ո՞նց եք պատկերացնում էդ աշխատանքը: Է՞լ ինչ կարաք անեք, որպեսզի մարդկանց վզին էդ պարանը ավելի սեղմ սեղմեք, է՞լ ինչից հարկեք»:

«Ընդհանրապես, պարանը վզին սեղմելու որեւիցե գործիքակազմ նախատեսված չի, Ձեր ասած, ուղղակի կարգավորում ենք տվյալ հարցը: Ես մի անգամ էլ նշեցի, որ ամենահեշտը կլիներ արգելել, ինչպես փողոցային ապօրինի առեւտուրը, եւ վերջացնել այդքանով, բայց մենք այդ ճանապարհը չընտրեցինք, մենք ընտրեցինք կարգավորման ճանապարհը»,- արձագանքեց Սաֆարյանը: «Մենք էս պահին հարկում ենք ամենաամենաճնշված, ամենավատ վիճակում գտնվող խավին»,- հակադարձեց ավագանու ընդդիմադիր անդամը:

«Որեւիցե հարկային բեռ, որեւիցե գումարային բեռ չի դրվում, ուղղակի կարգավորում է տրվում, եւ հնարավորություն է տրվում այսօր ապօրինի աշխատող մեր քաղաքացիներին աշխատել օրինական դաշտում»,- վստահեցրեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Իշխանական «Իմ քայլից» Իզաբելլա Աբգարյանը թեպետ ընդունում է՝ խնդիրը կա, մարդկանցից բողոքներ են ստանում, կենտրոնը Օպերայի հարակից տարածքից մինչեւ Օղակաձեւ այգի առեւտրականներն են գրավել, այնուամենայնիվ, նաեւ նկատում է՝ հարցի մյուս կողմում կանգնած է խոցելի քաղաքացին:

«Չեմ կարծում, որ լավ կյանքից ելնելով՝ մարդիկ կգնան եւ փողոցներում օրուգիշեր, նաեւ հանդիպելով հազար ու մի խուլիգանների՝ նրանք էլ բավականին դժվարություններ են ունենում, փողոցում առեւտուր անելը շատ բարդ է իրականում… Այնպես որ, մենք, սոցիալական բաղադրիչը հաշվի առնելով, կարծում եմ՝ պետք է հաշվի առնեինք վայրեր, որտեղ նրանց գործունեությունը եկամտաբեր կլինի այնուամենայնիվ: Իսկ զբոսայգին սեզոնային է՝ ձմռանը ի՞նչ են անելու այդ մարդիկ», – ընդգծեց Աբգարյանը:

Տուրիստ չկա, Հանրապետության հրապարակի երգող շատրվանն էլ լռում է ու չի գրավում անցորդներին, շրջածախ առեւտրով զբաղվողներն էլ մտահոգ են. փող աշխատել չի ստացվում:

Շրջիկ առեւտրականներից մեկի խոսքով՝ մի փուչիկից օգուտ է լինում 1000 դրամ: «Մենք փուչիկը առնում ենք 400 դրամով, բատարեյկեն դնում ես՝ 500 դրամ ա նստում, ձեռի աշխատանք ա՝ փչում ես, մեջը լցնում ես…: Կարամ ասեմ՝ էղել ա՝ սկի տրանսպորտի փողը չեմ աշխատել: Հիմնական տան ՀԴՄ-ի տարբերակ, մենք էլ տանք: Ես համաձայն եմ դրան. ավելի լավ ա, քան քաղաքապետարանը գա հալածի, թաղապետարանը գա հալածի, կամ նման բաներ…: Էս ամենը դնես ծանրությունը վզիդ ման գաս դժվար կլինի: Էս առեւտրի համար սխալ ա կտրոնը, էլի: Ավելի լավ է չափ մշակի քաղաքապետարանը, էդ չափով տանենք մուծենք, թուղթը տա, իրանց մարդկանցից էլ ֆռռա, ով թուղթ ունի, նրան թողեն: Մարդ կա՝ էրեխա չունի, ստիպված էժան եմ տալի, իսկ ես չեմ կարա ՀԴՄ-ն էդ գնով խփեմ տամ…»:

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Արարատի մարզ վերամշակող ընկերություններում խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման ընթացքին հետեւելու նպատակով: Փոխնախարարին ուղեկցել են Հայաստանի Հանրապետության խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսուչներ եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

 

Այցի շրջանակում փոխնախարարը «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի մթերման կետում հետեւել է մթերումների գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ: Շրջայցի ընթացքում հատկապես կարեւորվել է գյուղացիներից մթերվող խաղողի ընդունման, կշռման եւ որակի վերահսկման արդյունավետ կազմակերպումը։ Գործարանի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Առաքելյանը տեղեկացրել է, որ «Պռոշյանի կոնյակի գործարանում» այս տարի, նախորդ տարիների համեմատ, ավելի շատ խաղող է նախատեսվում մթերել: Այնուհետեւ Արման Խոջոյանն այցելել է Երասխի գինու գործարանի Արալեզի մասնաճյուղ, որտեղ մթերման շրջանի ընթացքում կանխատեսվում է մթերել շուրջ 3,5-4 տոննա խաղող։ Այստեղ դեռեւս ոչ մի բողոք չի եղել կապված խաղողի կշռման կամ շաքարայնության չափման հետ։ Նախարարության աշխատակիցները տեղում զրուցել են խաղողագործների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։

Ամփոփելով այցի արդյունքները՝ Արման Խոջոյանը նշել է, որ ստուգայցերը վերամշակող կազմակերպություններ շարունակական են լինելու, ավելի ակտիվ շրջանում մթերման կետերին կցվելու են մասնագետներ, որոնք մթերման շրջանում յուրաքանչյուր օր կվերահսկեն խաղողի գնումների գործընթացը? «Մթերման կետեր մեր ստուգայցերի միջոցով նպատակ ունենք տեղում ծանոթանալ խաղողի մթերման գործընթացին եւ հավաստիանալ՝ արդյոք կատարվել է կշեռքների ստուգաչափում, նաեւ իրականացնել փաստաթղթերի նկատմամբ վերահսկողություն, ինչը հնարավորություն կտա ոչ տեխնոլոգիական փուլը դարձնել վերահսկելի»,- նշել է փոխնախարարը։

 

 

ԳՐՈՀՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին շարժական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,00%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 2,08%, իսկ Ադրբեջանում՝ 3,37%։ Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, Վրաստանում՝ 1,67%-ին, Ադրբեջանում՝ 4,05-ին։ Սյս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը: Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Իրանում՝ 43,62%, Ալժիրում՝ 21,97%, եւ Բանգլադեշում՝ 19,30%։ Ընկերության լուծումները 2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 1 245 894 վնասաբեր տեղադրման փաթեթ։ Մեկ տարի առաջ դրանք 753 550-ն էին։ Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը եւ սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաեւ համակարգը եւ հավելվածները մինչեւ արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով եւ չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում եւ բրաուզերներում։ Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։

 

 

1 ՆՈՐ ԴԵՊՔ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու եւ հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Առողջացել է 6 քաղաքացի: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 131 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12502 փորձանմուշի հետազոտություն:




Լրահոս