ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Էրեբունի վարչական շրջանում

Այս փողոցի բնակիչները չեն կարողանում մաքուր պահել իրենց շրջակայքը։ Հուսանք, որ գոնե աղբահանման գործընթացն այստեղ մի փոքր այլ  ընթաքցով կիրականացվի։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որքան գումար է գանձվում Հայաստանի Հանրապետության  կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակում ստորագրությունների իսկության ճանաչման համար:

Լիդա Նուշիկյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ստորագրությունների իսկության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի կողմից կատարվում է անվճար: Պայմանագրի փաստաթուղթը ստորագրելուց հետո կողմերը այն հանձնում են պետական գրանցման եւ վճարում են միայն պայմանագրի պետական գրանցման համար սահմանված պետական տուրքն ու գրանցման վճարը:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա: Եթե կողմերին անհրաժեշտ է ներառել լրացուցիչ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրերում, ապա նման դեպքում գործարքը կպահանջի նոտարական վավերացում:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Քոլեջի շրջանավարտը կարո՞ղ է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում: Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե կրթության ինչ ձեւով:

Անգին Ղազարյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ՝ մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը: Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:

 

 




Լրահոս