ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐԵՆՑ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հրապարակումից անցել է երկու տարի: Եվ եթե այս երկու տարիների ընթացքում չի ստացվում բացահայտել գաղտնալսման դեպքը, համենայնդեպս, հանրությունը չունի որեւէ տեղեկություն բացահայտման վերաբերյալ, ապա ի՞նչ սպասել ուժային կառույցներից այսքանից հետո: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի եւ Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Իսկ ի՞նչ ունենք գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց: 2020 թվականի հունիսի 10-ին ՀՔԾ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործը բացահայտված է: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանին, որը հայտնեց. «Տվյալ քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից նախկինում տրված մեկնաբաբություններին ավելացնելու ոչինչ չունենք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է»: Հիշում եք՝ 2019 թվականի հունիսի 9-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ եւ սպասում են պատասխանների: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մեր տեղեկություններով՝ չորս երկիր հարցում է ուղարկվել, սակայն մինչեւ հիմա դեռ պատասխան չկա որեւէ երկրից: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին եւ խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: Անգամ այլ ուժային կառույցներից են «գործին խառնվել», բայց դարձյալ որեւէ տեղաշարժ չկա: Ոչ մի երկրից չեն պատասխանել մեր հարցումներին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, Երեւանի Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը որոշել է միանալ «Սասնա ծռեր» նորաբաց կուսակցության թիմին: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Դարբինյանը համաձայնել է դառնալ նրանց քաղաքական առաջնորդը, թիմ հավաքել ու առաջիկայում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ Արմեն Դարբինյանից, որը տարակուսելի մեկնաբանություն տվեց. «Հաջողություններ եմ ցանկանում Ձեզ ամենայն… Կարդացե՛ք իմ բանաստեղծությունները, դրանք ավելի հետաքրքիր են»: Փորձեցինք այս հարցի առնչությամբ զրուցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ, որը նշեց. «Եղել է հրապարակային բնույթի առաջարկություն պարոն Դարբինյանի կողմից հոդվածի եւ հարցազրույցի տեսքով, որ Սահմանադրական խորհուրդ ձեւավորելու կարիք կա, եւ դա կարող է առողջ ուժերի համախմբման ձեւաչափերից մեկը լինել, հիմա ես բառացի չեմ հիշում: Եվ մենք էլ մեր խորհրդաժողովի ժամանակ դրական ենք վերաբերվել այդ առաջարկին եւ դրական վերաբերմունք ենք արտահայտել, որ, այո՛, ընդունելի է նման մոտեցումը, հնարավոր ենք համարում, որ այդ գաղափարի շուրջ համախմբում լինի»: Ըստ Ավետիսյանի՝ եղել է ընդհանուր գաղափար Դարբինյանի կողմից՝ համախմբում ինչ-որ գաղափարների շուրջ, որին իրենք ընդհանուր դրական են վերաբերվում, քանի որ, իրենց կարծիքով, այդ զարգացումները առողջ ուժերի, գործիչների համախմբման հարթակ կարող է դառնալ:

 

 

Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչեւ այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարեւոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10-ը անմեղ զոհերին: Ու թեեւ հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որեւէ նոր բացահայտում չկա: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. բոլորը կհիշեն, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»: Իսկ ինչո՞ւ ենք պնդում, որ Սասուն Խաչատրյանի խոսքերն ամենեւին էլ բացահայտում չեն եղել: Բանն այն է, որ դեռ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից հրապարակվել էր տեղեկատվական հաղորդում գործի ընթացքի վերաբերյալ, որտեղ արդեն իսկ նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները տեղակայված են եղել Լեո փողոցի խորքում՝ Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկում: Վերջին ստորաբաժանումն ավելի ուշ տեղափոխվել է Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ»: Այսինքն, դեռ 2011-ին նույն քննչական մարմինը հրապարակել է, որ զորքը տեղակայված է եղել մայրաքաղաքի կենտրոնում: Հետաքրքիր է՝ ինչու էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երկու տարի առաջ գրեթե նույնաբովանդակ ինֆորմացիան որպես դարի բացահայտում մատուցում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպետեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 893.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 77.0 տոկոսը: Միեւնույն ժամանակ մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.8 տոկոսով կամ շուրջ 54.8 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գերազանցել 15.1 տոկոսով կամ 117.0 մլրդ դրամով։ Իսկ ի՞նչ է սա նշանակում. բնականաբար, նման պատկերի եւ իրավիճակի պատճառը կորոնավիրուսային համավարակն է, ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում տիրող արտակարգ դրությունը: Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին երեկ կառավարության նիստում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, նա հայտնեց, որ 2020 թվականի օգոստոս ամսին, 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առեւտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առեւտրի օբյեկտներում, նվազել է 2.5 տոկոսով:

 

 




Լրահոս