ԱՅՍՈՒՀԵՏ «ԲԵՐԵՏՆԵՐԸ» ՇՐՋԵԼՈՒ ԵՆ «ՄՈԼԵՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքում գործող «մոլերից» 2020 թվականի 8 ամիսների ընթացքում արձանագրված հափշտակությունների /գողություն, կողոպուտ/ դեպքերի առթիվ քննվել է թվով 370 քրեական գործ: Երեւան քաղաքում գործող «մոլերից» գողություն կատարելու համար հայտնաբերվել են 369 անձ, որոնցից 269 կամ 72.9%-ը՝ տղամարդ, իսկ 100 կամ 27.1%-ը՝  կանայք,  որոնք գողություններ կատարել են ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին:

 

Արձանագրված դեպքերի առթիվ քննված քրեական գործերից 39-ով կամ 10.6% հափշտակությունները կատարվել են խմբերով: Պատասխանատվության ենթարկված անձանցից 12-ի կամ 3.2%-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը,   իսկ մնացած 357-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, տեւական ժամանակ էր՝ փոձում էիք պարզել, թե ինչ ավազակային հարձակումներ են տեղի ունենում Երեւանի «մոլերում»՝ առեւտրային կենտրոններում: Դուք դիմել էիք իրավապահ մարմիններին, որպեսզի հարցին լուծում տային: Ի վերջո, Ձեզ հաջողվե՞լ է այս հարցում աջակցություն գտնել:

-Կարանտինից հետո, երբ  առեւտրի կենտրոնները բացվել են, արդեն դիմակավորված են հանցագործները, եւ դժվար է նրանց բացահայտելը: Կադրեր կային, որ հենց տրամադրել էին տնտեսվարողները, թե ինչպես են  խանութի աշխատողներին խփել եւ այլն:

-Դա բոլո՞ր «մոլերին» էր վերաբերում:

-Այո, բոլոր մոլերում ավազակային հարձակումները կան: Ես խնդրեցի արձագանքեն, քանի որ տնտեսվարողները շատ անհանգիստ են, չգիտեն, թե ինչով է ավարտվելու: Նրանք օպերատիվ արձագանքեցին՝ ի տարբերություն նախկին ոստիկանապետի, որն ընդհանրապես ոչինչ չնախաձեռնեց, ասաց՝ մենք այդքան ժամանակ եւ ռեսուրս չունենք: Վերլուծությունները հանեցին, թե ինչ տիպի հանցագործություններ են արել, ովքեր են կրկնակի հանցագործություններ արել, քանի գործ է գնացել դատարան, եւ քանի հոգի է կալանավորվել այդ միջադեպերից հետո: Այնտեղ կար մի քանի տոկոսի շեղում, որոնք կրկնահանցագործություն էին արել  կամ առաջաին անգամ էին արել, բայց առաջին մասով  եթե 500.000 դրամը չի գերազանցում, ապա կալանք չի կիրառվում: Մնացած դեպքերում բացահայտումը գրեթե 93%-ի չափ էր: Դա շատ լավ ցուցանիշ է: Ոստիկանության պետի  հետ համաձայնության եկանք, որ նախկինում նորից ոչ մեկ չէր նախաձեռնում՝ «բերետավորների» պատահական շրջայցեր լինեն: Նրանք պատահական մտնեն «մոլերի» տարածք, պտտվեն, շրջեն, որպեսզի կանխարգելիչ դերակատարում  լիներ: Այսինքն՝ կզգուշանային ավազակային հանցագործները:

-Պարո՛ն Բաբայան, այսինքն՝ այն դիմումը, որով ցանկանում էիք առեւտրի կենտրոններում կանխարգելել ավազակային  հարձակումները, կարելի է ասել՝ բացահայտվա՞ծ է, թե՞ ինչ-որ կանխարգելիչ հատուկ գործողություններ են արվում նաեւ այս պահին:

-Գործերի բացահայտումները, մոտ 93 տոկոս բացահայտելիություն կա, այսինքն՝ այդ աշխատանքները լավ են ընթանում, ոստիկանությունը ճիշտ է աշխատում: Իսկ ինչ վերաբերում է կանխարգելիչ գործողություններին, դա պրոֆիլակտիկ «բերետավորների» հաճախակի այցերը պետք է լինեն այդ  տարածքներում, որպեսզի ավելի սթափ լինեն: Այսինքն՝ մեր համագործակցության հետեւանքը նաեւ դա է, ինչը նախկինում ոչ մեկ չէր նախաձեռնում, ուղղակի պրոֆիլակտիկ շրջայցերը, պահատական այցերը, որով ժամանակին կկանխվեր ավազակախմբերի գողությունները:

-Պարո՛ն Բաբայան, իսկ բացահայտվա՞ծ է՝առեւտրի կենտրոնների վրա տեղի ունեցող հարձակումները արդյոք մեկ ավազակային խմբի կողմից է իրականացվում:

-Ոչ, կա՝ ավազակային խումբ չէ, կա եւ համակարգված խմբային հարձակումներ, եւ կան անհատական մարդիկ, որոնք եվրոպաներից են դեպորտ եղել, եկել են, աշխատանք չեն գտնում: Եվ կան խմբեր, որոնք խմբակային հարձակվում են, պլանավորված գողություն են անում: Բայց ոստիկանությունը ճանաչում է խմբերին, իրենց ղեկավարներին, նրանց հնարավոր է եղել չեզոքացնել,  եւ ովքեր հիմա ինչ-որ չափով ազատության մեջ են, նրանք  տեղափոխված են, գիտեն՝ որտեղ են, եւ կրկնակի հանցագործության դեպքում կիրագործվի կալանքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտնի է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի եւ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հարաբերությունները գերլարված են։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է ՝ Ջուլֆալակյանը ցանկություն է ունեցել նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար: Ըստ Ջուլֆալակյանի՝ սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը: Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել:

Ըստ մեր տեղեկությունների՝ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Գրիշա Թամրազյանը մերժել են Ջուլֆալակյանի բոլոր առաջարկները՝ կապված սպորտի ոլորտի զարգացման հետ։ Նախարարությունում առավել ընդունում են ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին, որին դիտարկում են որպես Գյումրի քաղաքի քաղաքապետ։ Ստացվում է, որ Արսեն Ջուլֆալակյանին մերժում են բոլոր հարցերում՝ նախապատվությունը տալով Արթուր Ալեքսանյանին։

Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում օր օրի հասունանում է բողոքի ալիք՝ ընդդեմ նախարար Արայիկ Հարությունյանի։ Ըստ Ջուլֆալակյանի՝ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ձախողել է սպորտի ոլորտը։ Դեռեւս մայիսին Ջուլֆալակյանն անդրադարձել էր փոխնախարար Թամրազյանի աշխատանքին՝ նշելով. «Մոտ 1 տարի է, մի քիչ ավելի, մի քիչ պակաս՝ ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում, ինչը բացաձակ հակառակի մասին է խոսում՝ ոչ թե հաշվետվողականության, այլ 0 հաշվետվողականության: Բազմաթիվ սպորտային լրագրողներ առնվազն, բայց վստահ եմ՝ նաեւ ոչ սպորտային լրագրողներ, ակնկալում են տարբեր հարցերի պատասխաններ ստանալ նրանից, ինչը դեռ չկա, եւ դա շատ բացասական է: Անհատների հետ աշխատանքը եւս բացասական եմ համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում, ոչ թե անհատական: Երբ անհատական մոտեցում ես դրսեւորում, նշանակում է՝ դու առաջնորդվում ես անձնական ինչ-ինչ շահերով, այսինքն՝ կոպիտ ասած, ճաշակի հարց է դառնում՝ ում խնդիրը լուծել, ումը ոչ»։

 

 

ՆԻՍՏ ԿԼԻՆԻ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 17:00-ին, տեղի է ունենալու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Մենք տեղեկացանք, որ այսօրվա նիստի թեման լինելու է սեպտեմբերի 14-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ու ընդգրկված հարցերը: Ինչպես հայտնի է, այդ օրը մեկնարկելու է աշնանային առաջին նստաշրջանը, որի օրակարգում մեծ թվով հարցեր են  ընդգրկված, եւ խմբակցության նիստում նպատակ կա անդրադառնալ հենց այդ հարցերին: Ինչպես հայտնի է, դեռ հստակ չէ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների վերաբերյալ դիրքորոշումը, եւ նախատեսվում է այսօրվա նիստում դրանց շուրջ եւս դիրքորոշում հստակեցնել:

 

 

ՑՈՒՅՑ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ Վարդենիսի դատարանի շենքը շրջափակված էր: Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ դատարանում կայացած հերթական դատական նիստից հետո բարկացած ծայրահեղ այդ քայլին են դիմել, քանի որ 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի գործով միակ կալանավորված Վահագն Մանուկյանին դատարանը հրաժարվում է գրավի դիմաց կամ որեւէ այլ եղանակով ազատ արձակել: Բանն այն է, որ Վահագն Մանուկյանը մեղադրվում է Սոթքի ոսկու հանքի հսկիչների վրա կրակելու համար, իսկ վերջիններս 2016-ից հետո հեռացել են Հայաստանից, չեն մասնակցում դատական նիստերին (թեեւ գործով դատակոչված են որպես տուժողներ): Եվ ստացվում է՝ գործով տուժողները երկրում չեն, չեն հետաքրքրվում իրենց առնչվող դատական գործով, սակայն գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ դատական գործն էլ մտել է փակուղի: Դեռ հայտնի չէ, թե քանի տարի կարող է տեւել այս գործի քննությունը: Հենց սրա համար էլ վարդենիսցիները շրջափակել են դատարանի շենքը, որպեսզի դատական եւ քաղաքական ղեկավարության ուշադրությունը գրավեն:

Հավելենք, որ կալանավորված Վահագն Մանուկյանը երկու անչափահաս երեխաների հայր է:

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը օրերս դատարանում ուշագրավ հայտարարություն է արել իր առողջականի մասով: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Ի դեպ, ներկայումս դատարանում քննվում է այն հարցը, թե Թորոսյանին տանեն հարկադիր բուժման, թե ոչ, սակայն Թորոսյանը ուշագրավ հայտարարություն է արել: Ինչպես հայտնի է, աղմկահարույց այս գործը դատարանում է, եւ  քրեական գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը: Արթուր Թորոսյանը անմեղսունակ է ճանաչվել։ Թորոսյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն:

 

 




Լրահոս