ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հրապարակումից անցել է երկու տարի: Եվ եթե այս երկու տարիների ընթացքում չի ստացվում բացահայտել գաղտնալսման դեպքը, ապա ի՞նչ սպասել ուժային կառույցներից այսքանից հետո:

 

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի եւ Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Իսկ ի՞նչ ունենք գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց:

Նախ նշենք, որ վերջին անգամ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ եւ սպասում են պատասխանի: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ չորս երկիր հարցում է ուղարկվել, սակայն մինչեւ հիմա դեռ պատասխան չկա: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն զանգահարել է նշված երկրների իրավապահ մարմիններին եւ խնդրել է, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն դրան չեն պատասխանել: Մինչեւ այժմ ուժային կառույցներին ոչ մի երկրից չեն պատասխանել:

Ուշագրավ է, որ 2020 թվականի հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ներկայացել էր Քննչական կոմիտե եւ մոտ 2,5 ժամ պատասխանել քննիչի հարցերին, որոնք վերաբերում էին հենց 2018 թվականի սեպտեմբերին ու դեկտեմբերին համացանցում տարածված վարչապետ Փաշինյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման փաստով հարուցված երկու քրեական գործերին։

Ընդ որում, հարցաքննության մասին առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ անձամբ տեղեկացրել էր կառավարության ղեկավարը՝ տեղադրելով քննիչի աշխատասենյակում արված սելֆին։ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,- գրել էր Փաշինյանը՝ կատակելով. «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաեւ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու եւ համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում եւ ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների եւ օրինական շահերի խախտման եւ գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ», – հայտնել էր Քննչական կոմիտեն։ Երկու հարցաքննությունները տեւել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե: Այս  նույն քրեական գործերի շրջանակում հարցաքննվել են նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ինչպես վարչապետի դեպքում, նրանք եւս մի գործով ունեն վկայի, մյուսով՝ տուժողի կարգավիճակ։ Երկու քրեական գործերն էլ Գլխավոր դատախազությունում հարուցվել էին 2018 թվականի սեպտեմբերին՝ համացանցում առաջին հրապարակումից հետո, այնուհետեւ այն ուղարկվել էր Քննչական կոմիտե, ուր վարույթ ընդունվելով՝ ստեղծվել էր քննչական խումբ:

Իսկ ի՞նչ ունենք այժմ. մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քննչական կոմիտեի լրատվական բաժին, որի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Տվյալ քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից նախկինում տրված մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունենք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

40 ՀԱՍՏԻՔ ԵՎ 6 ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր նիստում հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը եւ հաստիքացուցակը: Հանձնաժողովը կունենա 40 հաստիք եւ 6 վարչություն: Ըստ այդմ, հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար: Հանձնաժողովի վարչություններն են՝

Հայտարարագրերի վերլուծության վարչություն, Վարույթների եւ իրավական ապահովման վարչություն, Անհամատեղելիության պահանջների եւ  այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության եւ շահերի բախման վարչություն, Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն, Մեթոդական աջակցության վարչություն, Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչություն:

 

 

20 ԿԵՏԵՐ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

«Մենք փոփոխություն ենք իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված. այլ երկրներից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ եւ 1 օրում ստանալ պատասխանները, եւ եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որեւէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով: «Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր, եւ այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,-ասել է նա:

 

 

ԿԹԱՆԿԱՆԱ

Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի համաձայն՝

սահմանվելու է ավտոմեքենաների գազաբալոնների պարտադիր վկայագրման պահանջ, կայագրումը կիրականացնեն լիցենզավորված մասնավոր ընկերությունները, այդ ընկերությունների քանակը, մարզային բաշխվածությունը, ծառայությունների արժեքը կառավարությունը մտադիր է թողնել շուկային (այսօր շուկայում այդ ծառայությունը արժե 10000-15000 դրամ), պարտադիր վկայագրման պարբերականությունը կլինի 2-3 տարի, վկայագրման ոչ ենթակա գազաբալոնները պետք է փոխարինվեն (այսօր շուկայում նոր բալոնի տեղադրումը արժե 200000-900000 դրամ), չվկայագրված գազաբալոնների լիցքավորումը կարգելվի, ըստ էության, գազաբալոնների վկայագրված լինելու նկատմամբ հսկողությունը դրված կլինի գազալցակայանների վրա:

 

 

ԾՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Armlur.am-ը տեղեկություններ է ստացել, որ  ՀՀ Պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր բողոք է ստանում ժամկետային զինծառայողների հարազատներից այն բանի համար, որ ՊՆ պայմանագրային զինծառայողներն իրավունք ունեն տուն գնալու, արձակուրդ մեկնելու, բացի ժամկետային զինծառայողներից: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ամիսներին ՊՆ-ն իր «թեժ գծին» ռեկորդային զանգ-բողոքներ է ստացել նշված հարցի մասին:

Ըստ մեր աղբյուրների՝ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձում է լուծում գտնել՝ այդ հարցի հետ կապված, քանի որ օր օրի իրավիճակը թեժանում է: Նույնիսկ տեղեկություններ կան, որ ծնողները պատրաստվում են դիմել հայրենի կառավարությունը՝ պահանջելով թույլատրել իրենց զավակներին տեսնել: ArmLur.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան հետ՝ պարզելու համար, թե ինչ է որոշել այս հարցերի հետ կապված անել ՊՆ-ն: Ստեփանյանը, խոսելով հարցի մասին, հայտարարեց.  «Իրենց ծառայության ընթացքում, ընդհանրապես, կատարվում է ջերմաչափում, որոնք ծառայության ընթացքում պարտադիր լինում են դիմակով, ինչը չես ասի ժամկետային զինծառայողների մասին, նրանք զորամասում դիմակով չեն, իսկ պայմանագրայինները պարտադիր կրում են դիմակ: Հետո երբ որ իրենք գնում են տուն, ու հայտնաբերվում է, որ, ասենք, իրենց հարազատներից որեւէ մեկը հիվանդ է, կամ իրենք կոնտակտավոր են, իրենք այդ մասին անպայման տեղեկացնում են զորամասի հրամանատարությանը ու 14 օր գտնվում են կարանտինում: Այսինքն՝ իրենց նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացվում»:

Ինչ վերաբերում է ռեկորդային ահազանգերին, մեր զրուցակիցն ասաց, թե այն իրականությանը չի համապատասխանում. «Մեծ թվով զանգեր մենք ստացել ենք զորակոչի շրջանում, հիմնականում զորակոչի թեմայով պարզաբանումներ ստանալու համար են դիմել, տվյալ հարցով ռեկորդային զանգեր չենք ստացել»:

Շուշան Ստեփանյանի խոսքով՝ առաջիկայում, երբ ավարտվի ՀՀ-ում արտակարգ դրությունը, իրենք կտեսնեն, թե ինչ սահմանափակումներ են հանվելու:

 

 

ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը՝ մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երեւանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Դեռեւս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում (ծանր վիճակում):

 




Լրահոս