Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատել է Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման (ժամանակավոր) մեթոդական ուղեցույցը։
Ընդհանուր դրույթներ
Կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19 (այսուհետ՝ COVID-19) դեմ պայքարի ուղղությամբ կազմակերպվել եւ իրականացվել են մի շարք հանրային առողջապահական եւ սոցիալական միջոցառումներ՝ ներառյալ տեղաշարժի սահմանափակումներ, դպրոցների եւ տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասնակի կամ լրիվ դադարեցում, մեկուսացման եւ/կամ ինքնամեկուսացման սահմանում կոնկրետ աշխարհագրական տարածքներում, միջազգային ճամփորդությունների սահմանափակումներ:
Կախված համաճարակային իրավիճակից տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները համապատասխանաբար փոփոխվել են (սահմանափակումների վերացում):
Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետեւաբար, սույն փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագա նոր մոտեցումները:
Մեթոդական ուղեցույցը նախատեսված է նրանց համար, ովքեր ներգրավված են աշխատավայրում COVID-19 տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ) մշակման գործում, ինչպես նաեւ հանրային առողջապահական մարմինների մասնագետների համար եւ ներառում է աշխատավայրերի համար ոչ առողջապահական բնույթի ընդհանուր ցուցումներ:
Աշխատավայրի ռիսկների գնահատում
COVID-19 փոխանցվում է հիմնականում շնչառական կաթիլների կամ աղտոտված մակերեսների հետ շփման հետեւանքով: Աշխատանքի բերումով վարակվելու վտանգին կարելի է ենթարկվել ցանկացած պահի՝ աշխատավայրում, աշխատանքի բերումով համայնք այցելելու ժամանակ, որտեղ տարածված է հիվանդությունը, ինչպես նաեւ աշխատանքի գնալիս եւ այնտեղից վերադառնալու ճանապարհին:
Աշխատանքի բերումով COVID-19 վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկը կախված է պացիենտների կամ անախտանիշ անձանց հետ սերտ (1 մետրից պակաս) կամ հաճախակի շփվելու հավանականությունից:
Միեւնույն աշխատանքային միջավայրում կարող են լինել տարբեր մակարդակի ռիսկեր պարունակող աշխատանքներ կամ առաջադրանքներ:
Հետեւաբար ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել յուրաքանչյուր կոնկրետ աշխատանքային միջավայրի եւ յուրաքանչյուր աշխատանքի կամ աշխատանքների խմբի համար: Ռիսկերի յուրաքանչյուր գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել միջավայրը, առաջադրանքը, սպառնալիքը, եթե այդպիսիք կան (օրինակ՝ պացիենտների կամ նրանց կոնտակտների հետ աշխատողների համար), եւ առկա ռեսուրսները, ինչպիսիք են անհատական պաշտպանության միջոցները:
Հիմնական հանրային ծառայությունները, սննդի մանրածախ եւ մեծածախ վաճառքը, օթեւանատները, հասարակական տրանսպորտը, առաքման ծառայությունները, ջրամատակարարման ու կոմունալ ծառայությունները եւ պացիենտների կամ նրանց կոնտակտների հետ աշխատողները կարող են առողջության եւ անվտանգության առումով ենթարկվել վտանգի՝ մեծացնելով վարակվելու ռիսկը, հաջորդիվ հիվանդության բարդություններով ընթացքը:
Գործատուի կողմից աշխատատեղերի ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար՝ խորհրդակցելով հանրային առողջապահական մարմինների հետ:
Աշխատավայրի գործողությունների ծարգիր
Ծրագիրը ներառում է առողջության ապահովմանն ու անվտանգությանն ուղված միջոցառումներ՝ ուղված աշխատավայրի գործունեության ժամանակավոր դադարեցմանը, վերսկսմանը եւ, անհրաժեշտության դեպքում, աշխատանքային պայմանների փոփոխմանը:
Աշխատավայրերի գործունեության վերսկսումը մանրամասն պլանավորվում է նախապես, իսկ առողջության ու անվտանգության հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը պատշաճ գնահատվում են: Գործողությունների ծրագիրը եւ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները պարբերաբար թարմացվում են՝ ելնելով համաճարակային իրավիճակից եւ դրա զարգացման միտումներից, աշխատավայրում COVID-19-ի նոր դեպքերի կամ աշխատակիցների, այցելուների եւ պատվիրատուների կամ հաճախորդների կողմից անվտանգության կանոններին չհետեւելու դեպքում:
COVID-19 կանխարգելման եւ հետեւանքների մեղմմանն ուղղված գործողությունները պետք է իրականացնել աշխատանքային անվտանգության եւ առողջության հետ կապված մյուս ռիսկերի հաղթահարմանն ուղղված գործողությունների հետ միասին, ինչպիսիք են էրգոնոմիկական խնդիրները, աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու երկար աշխատանքային ժամերը, հեռավար աշխատանքը, հոգեսոցիալական ռիսկերը եւ այլն:
COVID-19 կանխարգելման եւ հետեւանքների մեղմմանն ուղղված գործողությունների ծրագրերի մշակման եւ իրականացման ընթացքում անհրաժեշտ է խորհրդակցել հանրային առողջապահական մարմինների հետ, ինչպես նաեւ վերջինիս եւ ներդրված միջոցառումների մասին տեղեկացնել աշխատակիցներին:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԵՐԸ ԱՎԵԼԻ ԵՆ
2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ, 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով կամ 1,1 տոկոսով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով ավելի է կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավել է 13 841 դրամով կամ 7,14 տոկոսով: Պետք է հուսալ, որ օգոստոսին ցուցանիշներն ավելի լավը կլինեն, որովհետեւ օգոստոսին ներքին զբոսաշրջության բավականին ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,-ասաց նա:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին: Ըստ նախագծի՝ նշված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020թ. սեպտեմբերի 5-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց, ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված, 3 տարի ժամկետով: Բարձրորակ բժշկական դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է արտադրել 2-3 մլն հատ դիմակ։ Արտադրանքն իրացվելու է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։ Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 242 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7.2 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2.4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2.4 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՉԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՊԵԿ ԱՇԽԱՏՈՂԻՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բագրատաշեն գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Սեդրակ Մինասյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է այն բանում, որ 2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, իրենց բակում գործող ավտոլվացման կետի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով ժամանած, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող օպերլիազորներ Դանիել Աթոյանից, Արմեն Ծատուրյանից եւ Կարեն Սարգսյանից տեղեկանալով, որ նրանք հանդիսանում են ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին՝ գործունեություն ծավալելու համար որպես տնտեսվարող հաշվառվել ՀՀ ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումում, որի պատճառով Դանիել Աթոյանի կողմից իր ծառայողական պարտականություննները կատարելու հետ կապված նրա նկատմամբ գործադրել է առողջության համար վտանգավոր բռնություն՝ ավտոլվացման կետի մոտից վերցնելով բահ՝ հարվածել է նրա աջ ձեռքին, որի հետեւանքով վերջինիս առողջության պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, աջ նախաբազկի փափուկ հյուսվածքների սալջարդի, ենթամաշկային արյունահավաքի, արյունազեղման եւ քերծվածքի տեսքով։ Նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, նա բահով հարվածներ է հասցրել ՊԵԿ-ին պատկանող «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենայի տանիքին առջեւի դիմապակուն եւ շարժիչի ծածկոցին։ Ս. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ 185 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը նախնական դռնբաց դատական նիստում քննության է առել Ս. Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։ Ս. Մինասյանը դատարանում հայտնել է, որ իր բնակարան ներխուժած անձանց ինքը չի վնասել, այլ դուրս է հրավիրել, նրանք չեն ներկայացել որպես հարկային մարմնի աշխտակիցներ, ինքը ընդունում է միայն ավտոմեքենան վնասելու մեղադրանքը, դեպքից հետո ինքն է զանգել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, պատմել դեպքի մասին, ներկայացել ոստիկանություն, սակայն իրեն ձերբակալել են՝ նշելով, որ բերման են ենթարկել։ Ս. Մինասյանը հայտնել է, որ ինքը ծառայողական ավտոմեքենայի ձախ մասին է հարվածել, սակայն նկարներում մեքենայի աջ մասն էլ է վնասված։ Դատարանը, հաշվի առնելով նրան մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը եւ ընտանեկան պայմանները, խնամքի տակ գտնվող անձանց առկայութունը, Այրում համայնքի ղեկավարի միջնորդությունը, չանդրադառնալով մեղադրանքի հիմնավորվածության հարցին, սակայն նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած նրա կողմից իրավախախտում կատարած լինելու վերաբերյալ, գտել է, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը պետք է փոխել եւ ընտրել «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը մինչեւ դատական քննության ավարտը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ