ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը։ Դիմորդների դիմում-հայտը եւ փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա սեպտեմբերի 10-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն: Քննություններն անց են կացվում հոկտեմբերի 5-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվում են մինչեւ հոկտեմբերի 22-ը: Հեռակա ուսուցում իրականացնող բուհը հրապարակում է ընդունելության վերաբերյալ հայտարարություն` նշելով փաստաթղթերի ընդունելության ժամկետները եւ պահանջվող փաստաթղթերի ցանկը։
Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար պահանջվում է ընդունելության մրցութային միեւնույն առարկայի քննությունը:
Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական եւ ներբուհական հանձնած քննությունների դրական գնահատականները իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաեւ միասնական եւ ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական եւ ներբուհական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում` համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան: Քննության վերահանձնում չի թույլատրվում։
Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ` ըստ մասնագիտությունների, հատկացված տեղերի եւ միավորների: Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, դիմորդի միավորներով, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:
Բուհերում կսահմանվի հերթապահություն՝ ընդունելության քննությունների անցկացման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում անհրաժեշտ կարգուկանոն ապահովելու համար, եւ կտեղծվի բժշկական սպասարկման կետ՝ պահպանելու ՀՀ առողջապահության նախարարության սահմանած հակահամաճարակային կանոնները: Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում դիմում-հայտ ներկայացրած, սակայն կորոնավիրուսի (COVID-2019) վարակակիր կամ կոնտակտավոր լինելու պատճառով (ՀՀ առողջապահության նախարարության սահմանած կարգով տրամադրված փաստաթղթով հաստատված) միասնական քննությանը չներկայացած դիմորդը, այդ թվում 2020 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, իր ընտրությամբ կարող է.
1) հայտագրել եւ մասնակցել տվյալ բուհի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին՝ հանձնելով հայտագրած մասնագիտության համար բուհի սահմանած քննությունը, կամ
2) հայտագրել եւ հանձնել համապատասխան առարկայի միասնական քննությունը՝ 2020-2021 ուստարվա համար տվյալ առարկայի միասնական քննությանը ներկայացվող պահանջներին համապատասխան, ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում ներկայացված դիմում-հայտում (առանց հայտի փոփոխության) առաջինը նշված բուհում՝ հեռակա ուսուցման քննատախտակով նախատեսված օրը՝ բացառությամբ այն մասնագիտությունների, որոնց համար նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձեւ, երբ տվյալ առարկայի միասնական քննությունը կազմակերպվում է այլ բուհում հեռակա ուսուցման համապատասխան մասնագիտության համար նախատեսված տվյալ առարկայի քննությունը հանձնող դիմորդների հետ: Քանի որ բժշկական մասնագիտություններով հեռակա ուսուցում չի կազմակերպվում, դիմորդը կարող է դիմել ԵՊՀ։
Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ընդունելությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրով (հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի թիվ 1408-Ն որոշման համապատասխան՝ ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի սեպտեմբերի 3-ի թիվ 1144-Ա/2 հրամանով 2020/2021 ուսումնական տարվա համար հաստատված բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում հեղափոխական բարեփոխում են իրականացնում։
«Կառավարության կողմից հաստատված փաթեթով կապահովենք Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցնենք վարչարարությունը, կկրճատենք ժամկետները:
Օրենքների ընդունման արդյունքում կունենանք հետեւյալ պատկերը.
կհանենք ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու եւ առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը։
Կկրճատվի ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրաման համար ժամկետը 7 օրից՝ տեղում: Կսահմանենք ամուսնության գրանցումների ժամկետներ. ներկայում գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 օրից մինչեւ 3 ամիս, սահմանել ենք դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչեւ 6 ամիս՝ իր նախընտրած օրը։
Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձեւաչափով, ընդ որում՝ ներկա 2 կամ 3 օրվա փոխարեն 1 օրում:
Կկրճատվեն անվան փոխման գրանցման ժամկետները. մինչեւ 5 ամսից դարձրել ենք 15 օր։
Կկրճատենք ուղղում, փոփոխություն եւ լրացում կատարելու, ինչպես նաեւ ակտի վերականգնում կատարելու համար մինչեւ 4 ամիս ժամկետը մինչեւ 15 աշխատանքային օր:
Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատենք մինչեւ 3 օր։
Կսահմանենք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ՝ front եւ back office ձեւաչափով: Այսինքն՝ դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն ԱՆ կողմից՝ բացառելով դիմող եւ որոշում կայացնողների շփումները:
Կսահմանվի էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգ, որի արդյունքում ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը կիրականացնենք նաեւ օնլայն հարթակի միջոցով, կընդլայնենք պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունները։
Առեւտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կկրճատվի, ու կսահմանվի 1 աշխատանքային օր:
Լիազորված անձի միջոցով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հնարավորություն կընձեռենք:
Առաջին անգամ հնարավորություն կտանք ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը կարող է նպաստել ներդրումների ներգրավման գործընթացին: Նախագծերի փաթեթով կբարձրանա ընդամենը մի քանի ծառայությունների պետտուրքերի չափը՝
կուսակցությունների գրանցումը կդառա 50 հազար դրամ, իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ 10 հազարից 50 հազար դրամ, անվան փոխման համար պետտուրքը կդառնա 30 հազար դրամ, ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի պետտուրքը կդառնա 5 հազար դրամ եւ այլն։