Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Տեւական ժամանակ է՝ Աբովյան 22 ա շենքի բակն այս վիճակում է։ Արդեն քանի օր որեւէ պատասխատու մարմին չի զբաղվում այս հին հաշվիչների տեղափոխմամբ։ Հուսանք՝ մոտակա օրերին այս պատկերն այլեւս չի լինի։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ամուսնությունից հետո անձի ազգանվան փոփոխության դեպքում, եթե կադաստրի պետական կոմիտեի կողմից նախկինում տրամադրված վկայականում գրված է մինչամուսնական ազգանունը, հնարավոր է փոփոխել ազգանունը նաեւ վկայականում: Եթե այո, ապա որքա՞ն գումար է պետք վճարել:
Դավիթ Հարությունյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նման դեպքում ամուսնության գրանցման վկայականը՝ ազգանվան փոփոխության մասին համապատասխան նշումով, անշարժ գույքի գրանցման վկայականի հետ միասին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որտեղ ներկայացված փաստաթղթերի հիման վրա վկայականում կկատարվի ազգանվան գրառման փոփոխություն (2012 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վկայականների դեպքում՝ կտրամադրվի նոր վկայական): Ընդ որում, վկայականում փոփոխություն կատարելու կամ փոփոխված ազգանվամբ նոր վկայական ստանալու համար գանձվում է անվանափոխման գրառման վճար՝ 2000 դրամի չափով:
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ովքեր կարող են ընդունվել միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:
Մարի Հովակիմյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Միջին մասնագիտականն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա (ստացիոնար) ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի: Արգելվում է նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Անվճար ուսուցման տեղերում մրցութային հիմունքով ընդունվում եւ ուսումնառում է.
1) մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը մինչեւ ուսումնառության ավարտը,
2) 19 եւ ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը մինչեւ 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո թափուր տեղի առկայության դեպքում,
3) միջնակարգ կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը,
4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված եւ ՀՀ օրենքներով սահմանված արտոնություն ունեցող ուսանողը:
ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: