«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սահմանադրական դատարանն արդեն երեք նոր դատավոր ունի: Ազգային ժողովը ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ասում է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ: Սակայն երեկ խորհրդարանում նորընտիր անդամները չերդվեցին, քանի որ ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երկուսի դեպքում անհամատեղելիություն է առկա աշխատանքի հետ: Երդվելուց հետո արդեն ՍԴ բոլոր անդամները կհավաքվեն եւ իրենց միջից կընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ չնայած ի սկզբանե ակնհայտ էր, որ Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու մտադրությամբ է հրաժարվել իր այժմյան պաշտոնից, սակայն անակնկալները չեն բացառվում: Բանն այն է, որ ի սկզբանե Վահե Գրիգորյանը հենց Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար էր գործուղվել Սահմանադրական դատարան, սակայն այդպես էլ նրա ծրագիրը չիրագործվեց, եւ չի բացառվում, որ այժմ նա փորձի իր ուժերը եւ ինքնաառաջադրվի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։