Այսօր խորհրդարանում ամրագրվեց կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
Հանձնաժողովը դեռ հուլիսին էր ստեղծվել՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նախաձեռնությամբ եւ իրավունքի ուժով, սակայն որպեսզի այն փաստացի գործի, Ազգային ժողովը պետք է սահմանի հանձնաժողովի անդամների թիվը, այս դեպքում արդեն` խորհրդարանի որոշմամբ, որն էլ այսօր կատարվեց:
Հանձնաժողովը 12 անդամ կունենա, 7-ն «Իմ քայլից» կլինեն, 3-ը` «Բարգավաճ Հայաստանից», 2-ը` «Լուսավոր Հայաստանից»։ Եթե տրամադրվածությունը դրական լինի, հանձնաժողովը կղեկավարի Արկադի Խաչատրյանը:
Ընդդիմադիրներն ուզում են հանձնաժողովի քննության առարկա դարձնել ոչ միայն համաճարակի վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, այլև արտակարգ դրության ընթացքում մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունը։
Երեկ խորհրդարանում քննարկումները թեժ էին, իշխանությունն ու ընդդիմությունը իրար հիշեցրեցին կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո տեղի ունեցածը, ասածն ու արածը: Իրավիճակն այնքան թեժացավ, որ հիշեցին նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ «կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում» արտահայտությունը, որին էլ ընդդիմությունից հակադարձեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կորոնավիրուսն ում շունն է» արտահայտությամբ:
Ամեն ինչ սկսվեց, երբ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նախաձեռնության հեղինակներից Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ արդյո՞ք ընդդիմության ապակողմնորոշող հայտարարությունները ու վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում ևս հանձնաժողովը քննելու է, որին էլ արձագանքեց Մարուքյանը:
Երկու ընդդիմադիր խմբակցություններից էլ կարծիք է հնչում` կորոնավիրուսի դեմ պայքարը իշխանությունը տապալել է: Եվ չնայած փոխադարձ մեղադրանքներին, իշխանականները կտրուկ ոչ էլ չէին ասում և առաջարկում էին հարցեր, որոնք կարող էին դառնալ քննարկման առարկա:
Մանրամասները՝ տեսանյութում