Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:
Ընկերությունը գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների` Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախագիծը նեկայացնելիս հիշեցրել էր, որ ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների մակարդակը: Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում՝ նաեւ կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ՝ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությամբ: