2020թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները՝ համապատասխանաբար՝«որովայնի առաջային պատի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք», «կրծքավանդակի և որովայնապատի քերծվածքներով և ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, «Արմենիա» բժշկական կենտրոնից առգրավվել են Երևանի վերոնշյալ բնակիչների հագուստները:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է՝ ծնված 1992թ.:
2020թ. սեպտեմբերի 13-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն’ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: