ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը, 2015թ. հանդիսանալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու և մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն: Վերջինս, վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2015թ. հուլիսի 3-ին կնքված համաձայնագրի շրջանակներում մինչև 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար՝ բանկային եղանակով փոխանցելով վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս