Իրավապահները շարունակում են բացահայտումներ իրականացնել բանակից ազատվելու գործընթացում: Այս անգամ մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու կին եւ մեկ տղամարդ: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ Նվարդ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, չունենալով մշտական կամ ժամանակավոր աշխատանք, 2014-2018թ․ ընթացքում խարդախությամբ՝ խաբեության եղանակով գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ մի շարք ՀՀ քաղաքացիներին ներկայացել է որպես բժշկական հիմնարկների, ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կապիտալի կամ պաշտպանության նախարարությանաշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից և այդ կերպ հավաստիացրել է, իբր կարող է ՀՀ ներկրել համապատասխան դեղորայք, համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալով կարող է կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելը, ինչպես նաև նրանց որդիներին ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, տեղափոխել հետագա ծառայության նախընտրելի վայր, ապա պահանջել և խարդախությամբ հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնցից երեքի դեպքում կատարել է նաև կաշառք տալու փորձի դրդչություն։
Վարդան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որդու՝ Թաթուլ Կիրակոսյանի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2016թ․ մայիսին համաձայնություն է ձեռք ներել Նվարդ Օսիպյանի հետ՝ վերջինիս միջոցով պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով՝ 3,086,915 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար կաշառք տալու շուրջ, սակայն Նվարդ Օսիպյանի կողմից նշված գումարը խարդախությամբ հափշտակելու արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում։
Սոֆյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր որդի Կարեն Դավթյանին պարտադիր ժամկետային զինծառայության վայրից հոսպիտալ տեղափոխելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու համար Նվարդ Օսիպյանին տվել է առանձնապես խոշոր չափի՝ 1,192,500 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Ք.Մ.