ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաք է նախատեսված, որին կմասնակցեն ոչ միայն կուսակցության վարչության անդամները: Մեր տեղեկություններով, այսօր հավաքին մասնակցելու են նաեւ մարզպետները, կառավարության մյուս անդամները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես, առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան եւ կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
Հետաքրքիր է, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին որոշումը վախեցրել է իշխանություններին եւ նրանք ցանկանում են հասկանալ՝ ինչու է թիմի ներսում այսպիսի իրավիճակ ստեղծվել եւ ներսում դժգոհողների նոր ալիք է հասունանում: Հավելենք, որ առաջիկայում նաեւ մարզպետների փոփոխություն է սպասվում. նիստում կքննարկվի նաեւ այդ հարցը:
Սոնա Գրիգորյան