Ռ․Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմի 13 աշխատակից աշխատանքից ազատման դիմում են գրել: Տեղեկությունը հայտնել է կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:
«Հաշվի առնելով առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ)՝ մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին», – ասված է գրառման մեջ։
Աշխատակիցների թվում են կլինիկայի ղեկավարը, բաժանմունքի վարիչը, ուռուցքաբաններ, բուժքույրեր, մայրապետեր։ Նրանք աշխատանքի դուրս չեն գա հոկտեմբերի 1-ից։
Հավելենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել չշարունակել հիվանդանոցի տնօրենի՝ Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը։ Հաջորդ օրը հիվանդանոցի 41 աշխատակից նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որոշումը վերանայելու խնդրանքով։
Բացի այդ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նույնպես ազատման դիմում էր ներկայացրել՝ նույն պատճառով։