Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը. Արարատ Միրզոյանը հայտարարություն տարածեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

Իր հերթին Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ ծառայությունը շարունակելու է գործադիրում․

«Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում:

Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ:

Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ հայրենի իշխանությունները որոշել են առաջիկա օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար: Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նպատակ կա անգամ Փամբուխչյանին նշանակել նախարար, բայց դա առաջիկա պլաններում է լինելու:




Լրահոս