Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին հավաքվել եւ նիստ է արել, սակայն Սահմանադրական դատարանի անդամների ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նախ նշենք՝ Սահմանադրական դատարանի անդամների ընտրության օրը հայտնի է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը կկայանա հենց սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկի առաջին օրը: Ընդ որում, երեք անդամների ընտրության հարցը քննարկվելու է նիստի ամենասկզբում, եւ քվեարկությունն էլ կկատարվի նույն օրը: Ինչպես հայտնի է, մինչեւ այժմ բուռն քննարկումներ էին ընթանում հատկապես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածության շուրջ, ում մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մասով քննարկումները երեկ կրկին թեժ են եղել, եւ խմբակցությունը վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել. չի բացառվում, որ կոնկրետ այս թեկնածուի մասով ազատ քվեարկություն տեղի ունենա: Իսկ, ահա, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունն «Իմ քայլ»-ի համար ի սկզբանե էր տարօրինակ եղել, եւ երեկ որոշում է կայացվել դեմ քվեարկել նրան, եւ չնայած կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանի հարցը խորհրդարան հասավ միայն երկրորդ փորձից հետո, սակայն նրա հանդեպ դրական տրամադրվածություն է առկա, եւ նա միանշանակ կընտրվի այդ պաշտոնում: Հավելենք, որ «Աժ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է կազմում: Այսինքն՝ այդքան պատգամավոր պետք է կողմ լինի թեկնածուին, որպեսզի նա դառնա Սահմանադրական դատարանի դատավոր: Այս պահին միանշանակ է, որ երեք թեկնածուներից ընտրվելու է Էդգար Շաթիրյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով հիմնականում զբաղվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նշենք, որ սեպտեմբերի 16-ին խորհրդարանում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, եւ հենց այդ քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունը անվստահություն է հայտնելու Արայիկ Հարությունյանին եւ որպես հիմք ներկայացնելու է հենց դեռ հուլիսի 3-ին ԱԺ կայքում հրապարակված հարցադրման պատասխանը: Եվ, ահա, դրան զուգահեռ էլ պետք է ԼՀԿ-ի համակիրներն ու կուսակիցները բողոքի ակցիա անեն ԱԺ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Հենց այդ հարցերով էլ զբաղված է Գեւորգ Գորգիսյանը՝ ձգտելով այնպես անել, որ այդ օրը մարդաշատ լինի: Եվ ուշագրավ է, որ այդ օրը խորհրդարանում տեղի են ունենալու ավանդական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, եւ նախարար Հարությունյանը եւս խորհրդարան է գալու: Նշենք, որ դեռ ամիսներ առաջ ընդդիմադիր խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն եւ բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց եւ փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն նրանք չեն համոզվել, եւ բանը հասել է անվստահություն հայտնելուն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Րաֆֆի Ասլանյանին: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը որոշել է թողնել պետական ծառայությունը եւ համալրել գործող փաստաբանների շարքը։ Նշենք, որ Րաֆֆի Ասլանյանը 2016 թվականի հուլիսին նշանակվել էր Երեւան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Րաֆֆի Ասլանյանի փոխարեն ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ կնշանակվի արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը, որն Արմավիրի մարզի դատախազն է, ավելին՝ դատախազության հնաբնակներից է: Ընդ որում, Ռաֆայել Խաչատրյանը մինչեւ 2018 թվականը զբաղեցնում էր Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը, ապա 2018 թվականին փոխադրվել եւ նշանակվել էր ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, նշել էր, թե 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613 հազար 62 աշխատատեղ: «2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թվականի հուլիսին: Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը, այսինքն՝ այն աշխատավարձը, որ համախառն ստացել են բոլոր աշխատողները, այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով կամ 8.3 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին, եւ մեկ մարդու միջին աշխատավարձն ավելի է 13 հազար 841 դրամով կամ 7.14 տոկոսով», – նշել էր Փաշինյանը: Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 88 հազար 196 մարդ, ինչը 5376 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 5387 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 60 հազար 126 մարդ, ինչը 3117 մարդով կամ 4.9%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 7951 մարդով կամ 11.7%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ստացվում է՝ Հայաստանում առկա է 613 հազար 62 աշխատատեղ, սակայն 88 հազար 196 մարդ աշխատանք է փնտրում, 60 հազար 126 մարդ էլ գործազուրկ է: