ԵԹԵ ՉԸՆՏՐԵՆ, ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ՝ պարզելու համար, թե վերջինս ինչ դիրքորոշում ունի՝ ՍԴ դատավորի ընտրության հետ կապված, քանի որ տեւական ժամանակ է՝ քննարկվում է, թե երբ է այն կայանալու, ու արդյոք առաջադրված թեկնածուները խորհրդարանականների սրտով են: Զրուցակցից փորձել ենք պարզել նաեւ, թե վերջինս ինչ կարծիք ունի նրանց մասին, որոնք առաջադրվել են ՍԴ դատավորի թեկնածության համար: 

 

-Պարո՛ն Շաթիրյան, ե՞րբ է տեղի ունենալու Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունը: Շրջանառվում էր, որ այն պետք է կայանար երեկ արտահերթ նիստով, բայց, կարծես թե, այն նախատեսվում է հաջորդ շաբաթ: Ո՞րն է խնդիրը: Ի՞նչ տեղեկություններ ունեք:

-Բացարձակապես անտեղյակ եմ՝ երբ է տեղի ունենալու ընտրությունը: Ամեն  դեպքում, հարցի լուծումը գտնվում է Ազգային ժողովի իրավասության տիրությում. եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Աժ-ի հերթական նստաշրջանը, իսկ հարցին լուծում կտրվի հերթական, թե արտահերթ նիստի միջոցով՝ դա արդեն Ազգային Ժողովի որոշելիքն է: Այս պահին այս առնչությամբ որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում:

-Այսինքն՝ Դուք իշխանության ներկայացուցիչների հետ այս հարցով որեւէ զրույց չե՞ք ունեցել:

-Բացարձակապես:

-Հանդիպում ունեցել եք միայն իշխանությա՞ն ներկայացուցիչների հետ, թե՞ ընդդիմության հետ եւս հանդիպել եք:

-Եթե նկատի ունեք ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին, հանդիպում եղել է իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ: Մյուս երկու խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում չի եղել. իրենց կողմից այդպիսի նախաձեռնություն չի դրսեւորվել: Ես ինքս պատրաստ եմ հանդիպել, որեւէ խնդիր չեմ տեսնում:

-Ընդդիմությունն էլ ասում է, որ պետք էր թեկնածուն իր ցանկությունը հայտներ, որպեսզի իրենց հետ հանդիպեիք: Փաստորեն, երկու կողմից էլ առաջարկ չի՞ եղել:

-Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ այդ ձեւաչափով շփումների  կոնտեքստում նախաձեռնությունը ումից պետք է գա: Ես կարծում եմ՝ էստեղ որեւէ հստակ բան չկա: Ինքս մեկ անգամ էլ վերահաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել բոլոր ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, եթե նման ցանկություն դրսեւորեն:

-Պարո՛ն Շաթիրյան, մի տեղեկություն  էլ կա, որ Դուք միակ թեկնածուն եք, որ կարող եք այս պահին ընտրվել խորհրդարանի կողմից, դրական եզրակացություն կա՝  Ձեր ընտրութան հետ կապված: Մյուս թեկնածուներն են խնդիրը՝ Երվանդ Խունդկարյան եւ Արթուր Վաղարշյան: Դուք իրենց ճանաչո՞ւմ եք, համարո՞ւմ եք, որ իրենք այն անձինք են, որոնք պետք է լինեն Սահմանադրական դատարանում:

-Մասնագիտական էթիկայից ելնելով՝ ձեռնպահ կմնամ թեկնածուների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց կամ պդնելուց՝ արժանի են կամ ոչ, քանի որ անգամ իմ արժանիքների մասով զուտ թող գնահատականներ տան ինձ ընտրելու իրավասություն ունեցող սուբյեկտները: Այս հարցի վերջնական որոշումն Ազգային Ժողովինն է: Նպատակահարմար կհամարեն ընտրել՝ շատ լավ, չեն համարի՝ կյանքը շարունակվում է:

-Պարո՛ն Շաթիրյան, բացասական եզրակացություն է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Երվանդ Խունդկարյանի հետ կապված: Դուք՝ որպես դատավոր, իրեն չե՞ք ճանաչել:

-Նախ՝ պարոն Խունդկարյանին անձնապես չեմ ճանաչում, առավել եւս ձեռնպահ կմնամ իր թեկնածության շուրջ եւ, ընդհանրապես, գործունեության շուրջ գնահատականներ հնչեցնելուց: Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացություններին, ապա օրենքով հստակ ամրագրված է, որ դրանք իրենց բնույթով խորհրդատվական լինելուն զուգահեռ խորհրդապահական են, այիսնքն՝ գաղտնի: Իսկ թե այս արտահոսքը որտեղից է եղել, ես չեմ կարող պատասխանել: Ես անգամ անտեղյակ եմ, թե իմ վերաբերյալ ինչ եզրակացություն է ներկայացվել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԻՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթն արդեն պատրաստ է: Նախագծի հեղինակներն են  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԿԳՄՍ հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նկատենք, որ նախագիծը ներկայացվել էր դեռեւս անցած տարի, սակայն այս ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում այն լրամշակվել է եւ կրկին ներկայացվել խորհրդարանին:

 

Նկատենք՝ այսպիսի նախագիծ ունենալը վաղուց էր քննարկվում, որը ենթադրում է չծառայած անձանց համար կարգավորումներ, սակայն առաջարկվող օրինագիծն ավելի խիստ է: Մասնավորապես, այն ավելի է խստացնում պատասխանատվությունը զինծառայությունից խուսափելու համար։

Նախագծում ասվում է, որ պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի եւ հավելավճարների չափով գումարի վճարումը, որպես քրեական պատասխանատվությունից ազատման հիմք, տրամաբանական է, քանի որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձին փաստացի փոխարինում է պայմանագրային զինծառայողը, որի նկատմամբ պետությունը կրում է բազմաթիվ պարտավորություններ, այդ թվում՝ վարձատրության պարտավորություն, եւ դրա չափով վճարումը որոշակիորեն վերականգնում է սոցիալական արդարությունը:  Նախագծով սահմանվում է նաեւ, որ քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո, եթե անձը ցանկանում է վերադարձնել իր վճարած գումարը, պայմանագրային ծառայության պետք է անցնի երեք տարվա ընթացքում:

«Շատ դեպքերում զորակոչիկները, ստանալով տարկետում, խուսափում էին վերջին զորակոչերից, եւ արդեն ուժը կորցրած «Սահմանված կարգի խախտմամբ  պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումը կատարվում էր խուսափած զորակոչերի դիմաց, վճարվող գումարը չափազանց քիչ էր կազմում, արդյունքում հետեւությունն այն է, որ հաշվի առնելով, որ քննարկվող արարքը տեւող է՝ չպետք է այն գնահատել դրվագներով կամ հատվածներով, եւ պատճառված վնասը հարթող վճար սահմանվելու դեպքում այն պետք է միանվագ լինի»,- ասվում է նախագծում։

Այս նախագծին զուգահեռ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ պետությունը համաներում հայտարարի ու քրեական պատասխանատվությունից ազատի բոլոր նրանց, ում 27 տարին լրացել է, բայց նրանք գտնվում են արտերկրում եւ չեն կարող վերադառնալ, քանի որ Հայաստանում ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

Իսկ 3 պատգամավորների առաջարկած նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացուն 27 տարին լրանալուց հետո առաջարկվում է կա՛մ վճարել ծառայության դիմաց սահմանված գումարը, կա՛մ գնալ ծառայել ամսական բարձր աշխատավարձով եւ ծառայությունից հետո հետ ստանալ ծառայությունից խուսափելու համար վճարված ամբողջ գումարը։

Ն. Հ.

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ՝ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ նիստ է անցկացրել եւ  առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենսդրական փաթեթը: Հեղինակներն առաջարկում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի փաթեթն ուղղված է դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանման ապահովմանը: Նշվում է նաեւ, որ այժմ  դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգը տարբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված հաշվարկման կարգից, որը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Մինչդեռ  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգ նախատեսված չէ, եւ նման խտրական մոտեցումը հակասում է դատավորների համար ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված միասնական կարգավիճակի էությանը: Եվ այս նախագծի ընդունման պարագայում հավասար հնարավորություններ կստեղծվեն:

 

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԶՐԿՎԵՑ

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, ԱԺ խորհրդի որոշմամբ, կզրկվի բարեկամական խմբերի եւ պատվիրակության կազմերի անդամությունից: Ինչպես հայտնի է, Բագրատյանն այլեւս չի հանդիսանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության անդամ եւ այդ պատճառով նա ոչ միայն զկվեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, այլ նաեւ բարեկամական խմբերի կազմում լինելուց: Օրինակ՝ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբում նա այլեւս չի լինի, իսկ Հայաստան-Թաիլանդ բարեկամական խմբում նրան կփոխարինի Վահե Էնֆիաջյանը:

Բացի այդ, ՀՀ ԱԺ-ի եւ ԱՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում նրան կփոխարինի Արտյոմ Ծառուկյանը:




Լրահոս