ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵԺ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովի խորհրդի նիստ, որի ժամանակ հաստատվեց սեպտեմբերի 14-ից մեկնարկող հերթական նստաշրջանի օրակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 51 հարց: Այսքան հարցերի առատությունը պայմանավորված է նրանով, որ արդեն մի քանի ամիս է՝ նիստեր չեն եղել, եւ օրակարգային հարցեր են մնացել, որոնք պետք  է քննարկվեն:

 

Նշենք, որ նիստերի օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերի թվում են նաեւ Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցը: Սակայն հետաքրքիր է, որ օրակարգում միայն երկու թեկնածուի հարց է՝ Երվանդ Խունդկարյանի եւ Արթուր Վաղարշյանի: Այս պահի դրությամբ կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրության հարցը նստաշրջանի օրակարգում ընդգրկված չէ: Պարտադիր քննարկման ենթակա հարցերը 31-ն են լինելու: Բացի Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունից, այդ 31 հարցերի թվում են Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման՝ 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը կառավարության կողմից ուղարկված հարցապնդման պատասխանը, որը ամբողջովին վերաբերում էր կրթության ոլորտին:

Հարցապնդմամբ մասնավորապես բարձրացվել են կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի այնպիսի հարցեր, որոնք Արայիկ Հարությունյանի կողմից նախարարի պաշտոնն ստանձնելուց ի վեր լուծում չեն ստանում կամ ավելի են խորանում։

Այսպես, հարցերը վերաբերում են՝

  1. սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներում ուսուցիչների թվի պակասությանը,
  2. կրթության որակի բարձրացմանն ու արդիականացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցմանը,
  3. «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորմանը,
  4. «Այբի» աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելուն,
  5. կրթական հաստատությունների ղեկավարների փոփոխությանը,
  6. ուսուցիչների վերապատրաստմանը,
  7. ներառական կրթությանը,
  8. հեռավար դասապրոցեսի իրականացման հացերին,
  9. կրթական հաստատությունների կառավարման խորհուրդների կուսակցականացմանը,
  10. սոցիալապես անապահով երեխաներին դասագրքերի տրամադրման խնդրին,
  11. կրթություն չստացող երեխաներին,
  12. հայրենադարձ աշակերտների եւ ուսանողների ինտեգրմանը,
  13. մայր բուհում ռեկտորի բացակայությանն ու պաշտոնավարման ժամկետը լրացած հոգաբարձուների խորհրդին,
  14. գրագողությանը,
  15. կրթամշակութային հաստատությունների անհամաչափ բաշխմանը մայրաքաղաքի ու մարզերի միջեւ,
  16. Ազգային կինոկենտրոնի գործունեության արդյունավետության հարցին,
  17. հուշարձանների պատշաճ վերանորոգմանը,
  18. հեռուստաեթերը ցածրորակ լեզվական արտադրանքից ու ագրեսիվ ենթատեքստ պարունակող նյութերից զերծ պահելու խնդրին,
  19. նախարարության եւ ենթակա գերատեսչությունների աշխատանքի ներդաշնակությանը,
  20. մեկ նախարարության կազմում մի քանի մասշտաբային ոլորտների մեկտեղման արդյունքներին։

Օրակարգում էր նաեւ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին: Նկատենք, որ այսպիսի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերը: Բացի այդ, օրակարգում է նաեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Այս նախագծով էլ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ  դրության ժամանակ, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների  կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով: Այսինքն՝ ստացվում է՝ հաջորդ շաբաթը թեժ է լինելու, եւ պարտադիր քննարկման հարցերը կարեւոր են լինելու:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿՄԵԿՆԻ ԵԳԻՊՏՈՍ

Սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

ԴԻՄԵԼ Է ՊԵՏԴՈՒՄԱՅԻՆ

«Ամիսներ շարունակ Ռուսաստանում ապրող եւ աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ, փաստորեն, չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ միանալ իրենց ընտանիքներին եւ հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում»,- հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Պետությունը չպետք է անտարբեր գտնվի եւ անտեսի այս խնդրի հրատապ լուծումը: Առավոտյան նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ. Ի. Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել այս խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ, եւ մեր հայրենակիցները կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն»,- հայտնել է պատգամավորը:

 

 

ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգեւատրելու մասին կարգադրություն է ստորագրել: «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով` համաձայն հավելվածի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԱՄՆ-ում 19 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը: «2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի համար։ Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը եւ վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում եւ կարող է հաղթահարվել ու կանխվել միայն համատեղ ջանքերի միջոցով: Հայաստանը շարունակելու է օգտագործել գոյություն ունեցող միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,-նշել է Լ. Մակունցը:

 

 

ԲՈՂՈՔԵԼ Է

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Իսկ, ահա, քննիչի մյուս միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին, կալանավորելու վերաբերյալ, բավարարել էր: Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։ Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նրանք վրդովվել են  իրենց արված դիտողությունից, հնչեցրել են հայհոյանքներ եւ բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները նոր բացահայտում են արել «ԿՈՇ» ՔԿՀ նախկին պետ Լեւոն Բաղդասարյանի մասով: Մասնավորապես, Գրիգոր Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լ. Բաղդասարյանի 2018թ. մարտի 28-ի թիվ 38-Ա հրամանով նշանակված լինելով նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի պաշտոնում, մինչեւ 2019թ. սեպտեմբերի 25-ը ըստ հաստիքային ցուցակի ստանալով աշխատավարձ եւ պարգեւավճարներ, Լ. Բաղդասարյանի գիտությամբ եւ ցուցումով չի կատարել այդ պաշտոնում իր պարտականությունները, դրա փոխարեն իրեն կցված ավտոմեքենայով կատարել է Լ. Բաղդասարյանի անձնական վարորդի պարտականությունները։ Այդպիսով՝ միջոցներ տրամադրելու եւ խոչընդոտները վերացնելու եղանակով Գրիգոր Առաքելյանն օժանդակել է պետական գույքի խոշոր չափերով վատնմանը, այն է՝ 2406020 ՀՀ դրամ։

Ինչպես հայտնի է, 2019թ. սեպտեմբերի 18-ին ԱԱԾ-ն «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կաշառքի գործով ձերբակալեց, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց: Այս գործը դատարանում է: Նշենք, որ  Լյովա Բաղդասարյանը հայտնի է նաեւ Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: ՀՀ վարչապետը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010թ. «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով: Իսկ, ահա, այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը:




Լրահոս