«ՔԵԶ ՎԱՐԻ ԵՄ ՏԱԼՈՒ, ՔԵԶ ԺԱՄԱՆԱԿ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վիգեն Պետրոսյանը  եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։ Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում էին Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին:

 

Այսպիսով, սույն քրեական գործից մեզ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու են ցանկացել պայթեցնել դատախազի մեքենան: Ն. Հովհաննիսյանը, համաձայն չլինելով 2019թ. հունիսի 1-ին իր վարած «ՎԱԶ 21074» մակնիշի եւ Աշոտ Մաթեւոսյանի վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի ավտոմեքենաների բախման դեպքի առթիվ հարուցված եւ կարճված քրեական գործի հետ, սկսել է հետապնդել ՃՏՊ գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանին եւ, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, վերջինիս եւ նրա մերձավոր ազգականի երեխայի, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք պարունակող դիմումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին՝ այդպիսով սպառնալով բռնություն գործադրել իշխանության ներկայացուցչի եւ նրա մերձավոր ազգականի նկատմամբ:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվել:

2018թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Նորայր Հովհաննիսյանն իր վարած «Վազ 21074» մակնիշի մեքենայով Երեւանի Իսակով-Կիլիկիա փողոցների հատման խաչմերուկից հետապնդել է Վահագն Հովհաննիսյանի կողմից վարած «ՇԵՎՐՈԼԵՏ» մակնիշի մեքենան, որի ընթացքում դիտավորյալ ավտոմեքենան վարել է Վահագն Հովհաննիսյանի վարած ավտոմեքենայի դիմացով, կտրուկ արգելակումներ է կատարել, ճանապարհը ազատ լինելու պայմաններում դիտավորյալ դանդաղ է վարել իր ավտոմեքենան, որի պատճառով Վահագն Հովհաննիսյանը Երեւանի Արշակունյաց պողոտայով ընթանալիս Նորայր Հովհաննիսյանի հետապնդումից խուսափելու նպատակով իր ավտոմեքենայով մուտք է գործել բնակելի շենքերից մեկի բակ եւ թաքնվել:

Դրանից հետո Ն. Հովհաննիսյանի կողմից իրեն սպառնալու կապակցությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վ. Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում տվել է հաղորդում, որի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2019թ. նոյեմբերի 22-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել եւ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի վարույթում քննվել է թիվ 16895019 քրեական գործը:

Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով Նորայր Հովհաննիսյանը 2020թ.հունվարի 29-ին գնացել է Երեւան քաղաքի Սեբաստիա 37-րդ հասցեում գտնվող, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` թիվ 16895019 քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Վիգեն Պետրոսյանի մոտ ընդունելության: Վերջինիս աշխատասենյակում ագրեսիվ պահվածք դրսեւորելով՝ Նորայր Հովհաննիսյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել իր վարած ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ վարույթով ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի աշխատակցի կողմից կաշառք ստանալու եւ վարչական վարույթն ապօրինի կարճելու մասին, դժգոհել է քննիչի կողմից իրեն հարցաքննության կանչելու հանգամանքից, դատախազ Վ. Պետրոսյանին նույնպես զրպարտել է կաշառք ստանալու մեջ՝ սպառնալով, որ քննիչի կողմից իրեն մոտենալու դեպքում կհրկիզի նրան: Այդ գործով իր համար ցանկալի որոշում կայացնելու համար պահանջ ներկայացնելով դատախազ Վ. Պետրոսյանին՝ ճնշում է գործադրել նրա նկատմամբ, վիրավորական արտահայտություններ հնչեցրել վերջինիս հասցեին՝ սպառնալով՜ «քեզ մինչեւ երկուշաբթի ժամանակ, գործերս անես», որից հետո հեռացել է:

Այնուհետեւ 2020թ. փետրվարի 1-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Ն. Հովհաննիսյանն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով կրկին գնացել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության մոտ եւ ավտոկայանատեղիում սպասել է դատախազ Վիգեն Պետրոսյանին: Վերջինիս աշխատավայրից դուրս գալուց հետո Ն.Հովհաննիսյանը մոտեցել է նրան եւ հարցրել՝ «ի՞նչ արիր գործս», որին ի պատասխան՝ Վ. Պետրոսյանը հայտնել է, որ գործի ընթացքի մասին սահմանված կարգով կտեղեկացվի քննիչի կողմից: Այդ ժամանակ Ն. Հովհաննիսյանը, Վ.Պետրոսյանի կողմից քրեական գործի նախնական քննություն վարելու ընթացքում դատախազական լիազորություններն իրականացնելու հետ կապված, նրա գործունեությանը միջամտելու նպատակով սպառնալիքներ է հնչեցրել վերջինիս հասցեին՝ ասելով` «քեզ վարի եմ տալու, քեզ մինչեւ երկուշաբթի ժամանակ»: Դրանից հետո, երբ Վ.Պետրոսյանը, վարելով իր անձնական օգտագործման «ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ» մակնիշի մեքենան, հեռացել է, Ն. Հովհաննիսյանն իր վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի մեքենայով հետապնդել է նրան, Երեւանի Սեբաստիա փողոցում ավտոմեքենան վարել է նրա հետեւից՝ ընթացքում ձայնային ազդանշաններ տալով եւ մանեւրումներ կատարելով: Սեբաստիա փողոցում վազանց կատարելով՝ ավտոմեքենան կտրուկ քաշել է Վ. Պետրոսյանի ավտոմեքենայի դիմաց, որի հետեւանքով Վ. Պետրոսյանն իր վարած ավտոմեքենան հարկադրաբար մասամբ դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս եւ կանգնել:

Վ. Պետրոսյանի վարած մեքենան հարկադրաբար կանգնեցնելուց հետո Ն. Հովհաննիսյանը, իջնելով իր ավտոմեքենայից, մոտեցել է Վ. Պետրոսյանի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ» մակնիշի մեքենային, փորձել է բացել ավտոմեքենայի դուռը, սակայն դռները եղել են փակված վիճակում: Ն. Հովհաննիսյանը, տեսնելով, որ դռները փակված են, դատախազի ծառայողական պարտքը կատարելու հանգամանքով պայմանավորված, վերջինիս գույքը վնասելու դիտավորությամբ իր հետ նախապես ավտոմեքենայից վերցրած պտուտակահանի սուր մասով հարվածներ է հասցրել վարորդի դռան ապակուն: Բացի այդ, դատախազ Վ. Պետրոսյանի ավտոմեքենան վնասելուց անմիջապես հետո՝ 2020թ. փետրվարի 1-ին` ժամը 18:35-ին, Ն. Հովհաննիսյանն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի «1-02» հեռախոսահամարին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելով՝ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վ. Հովհաննիսյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին կաշառք տալու մասին: Միեւնույն ժամանակ Ն. Հովհաննիսյանը նախնական քննություն վարելու ընթացքում, դատախազական լիազորություններն իրականացնելու հետ կապված, զրպարտել է դատախազ Վ. Պետրոսյանին, այն է՝ տեղեկություն է հաղորդել, թե, իբր, վերջինս կաշառք է վերցրել ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վ. Հովհաննիսյանից եւ հանձնարարել է գործը քննող քննիչին ձերբակալել իրեն: Ահազանգի ժամանակ Ն. Հովհաննիսյանը հայտնել է նաեւ, որ ձայնագրել է դատախազին, ով ասել է. «Լավ եմ արել՝ վերցրել եմ»:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցի հարցին, թե ենթադրում է արդյոք, որ դատախազը կաշառք է վերցրել, Ն. Հովհաննիսյանը ստելով պատասխանել է, որ այդ կապակցությամբ ունի ձայնագրություն, որպիսի հանգամանքը պնդել է նաեւ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներով:

Բացի այդ, Ն. Հովհաննիսյանը դատախազի ծառայողական պարտքը կատարելու հետ կապված վերջինիս գույքը վնասելու դիտավորությամբ 2020թ. փետրվարի 27-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, կրկին գնացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության շենքի մոտ եւ իր հետ նախապես վերցրած, ցինկի միացություն պարունակող, համեմատաբար կոշտ կաղապար չունեցող /ստվարաթղթյա/ պայթուցիկը նետել է վարչական շրջանների դատախազության դատախազ Վիգեն Պետրոսյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի մեքենայի վրա, վնասել դիմապակին` պատճառելով նրան զգալի չափի՝ 55.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նորայր Հովհաննիսյանը կալանավորված է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ՝ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Օրենքով գող» Զապի գործով հետախուզում է հայտարարվել արդեն 3 անձի նկատմամբ:  Ավելին՝ նախաքննական մարմինը, «օրենքով գողից» բացի, կալանավորել է եւս մեկ անձի՝ Աշոտ Մուշեղյանին, որը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում: Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն դատարան էր դիմել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանավորման հարցով, ինչը դատարանը բավարարել է:

Իրավապահ մարմինները հայտնել էին, որ քաղաքացին իրենից առերեւույթ խարդախությամբ հափշտակված արժեքները հետ վերադարձնելու համար տարբեր անձանց միջոցով դիմել է քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով մասնավոր հարցին առնչվող այդ վեճի լուծումը՝ միաժամանակ անօրինական օգուտ ստանալու նպատակով նախապես պահանջելով վեճի լուծման դիմաց վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը:

Պարզվել է, որ «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, տեղեկանալով, որ գումար պարտք մնացած անձը, քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից տեղափոխվել ու պահվում է, գումարային հարցի վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար հանձնարարել է քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող անձին բաց թողնել գումարը պարտք մնացած անձին հետագայում նշված խնդիրը (վեճը) անձամբ լուծելու նպատակով: Հանձնարարությունը քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող անձի կողմից կատարվել է:

Եվ, ահա, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. օգոստոսի 26-ի որոշմամբ՝ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այդ անձը «օրենքով գող» Զապն է՝ Անդրանիկ Սողոյանը: Իսկ կոնկրետ գումարի չափն էլ եղել է 4.000.000 ՀՀ դրամ:

Ի՞նչ է ասել «օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը. մինչ օրս ցուցմունք չի տալիս եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահներին հայտնել է, որ օգտվում է իր դատավարական իրավունքից եւ հրաժարվում է իր դեմ հարուցված քրեական գործով ցուցմունք տալ:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` «ԿԳԲ-ի պադվալ»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս