ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ծավալուն հայտարարություն-զեկույց է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը եւ որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, թեեւ ներդրողները դեռեւս մատնանշում են առկա մի շարք խոչընդոտներ:

 

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային ինդեքսներում ստացել է պատկառելի վարկանիշներ, որոնք գնահատում են երկրի բիզնես-միջավայրը եւ  ներդրումային միջավայրը: Հայաստանում առկա են ԱՄՆ նշանակալի ներդրումներ: ԱՄՆ ներդրողները Հայաստանում բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հանքարդյունաբերության ոլորտներում, ի թիվս այլոց, մուտք են գործել կամ ձեռք բերել ակտիվներ:

ԱՄՆ պետդեպարտամենտը հիշեցրել է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության կտրուկ փոփոխություն: «2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները հանգեցրին բազմաթիվ խորհրդարանականների իշխանությունից դուրս գալուն, որոնք, ինչպես հայտնի է, Հայաստանում  ունեին նշանակալի բիզնեսներ եւ տնտեսության խոշոր հատվածներում մեծ բաժինների էին տիրապետում: Համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակում ընթանում է հակակոռուպցիոն արշավ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, բայց որոշ բիզնեսներ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական եւ իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ նվաճումները մեծացնելու համար:

Շեշտվում է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները: Հայաստանի ներդրումային եւ առեւտրային քաղաքականությունը համեմատաբար բաց է: Օտարերկրյա ընկերություններն օրենքով արժանանում են նույն վերաբերմունքին, ինչ հայկական ընկերությունները: «Հայաստանն ունի ուժեղ մարդկային կապիտալ եւ լավ կրթված բնակչություն մասնավորապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտներում, որոնք նշանակալի ներդրումներ են կատարում բարձր տեխնոլոգիաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Բազմաթիվ միջազգային ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ են հիմնել՝ օգտվելով երկրի մի խումբ որակյալ մասնագետներից եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում  ունեցած դիրքերից»,-ասված է զեկույցում:

Իշխանափոխությունից հետո բացահայտվել են մի շարք աղմկահարույց գործեր՝ համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակներում: «Այս զարգացումները ծառայում են Հայաստանի ներդրումային միջավայրի եւ մրցակցային միջավայրի բարելավմանը, չնայած կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալացվի երկարաժամկետ կտրվածքով հատկապես կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային եւ մաքսային գործառնությունները, առողջապահությունը, կրթությունը, ռազմական եւ իրավապահ հատվածները: Օտարերկրյա ներդրողները դեռ մտահոգված են օրենքի գերակայությամբ եւ հավասար վերաբերմունքով: ԱՄՆ ընկերությունները նաեւ հաղորդել են, որ ներդրումային միջավայրը աղտոտված է նրանով, որ մտավոր սեփականության իրավունքը չի կիրառվում: Եղել են մտահոգություններ անկախ եւ ուժեղ դատական համակարգի բացակայության վերաբերյալ, ինչը խարխլում է կառավարության կողմից հավասար վերաբերմունքի եւ թափանցիկության հավաստիացումները»,-ասված է զեկույցում:

Ներդրողները, սակայն, որոշակի խոչընդոտներ տեսնում են Հայաստանում: Նշվում է նաեւ, թե բազմաթիվ ուսումնասիրություններով՝  տեղական շուկաներում շարունակվում է մրցունակության պակասը: Բանկային վերահսկողությունը համեմատաբար լավ զարգացած է եւ հիմնականում համապատասխանում է Բազելի հիմնական սկզբունքներին:

Բիզնեսները, սակայն, հակված են կարծելու, որ Հայաստանի շատ դատարաններն ունեն  արդյունավետության, անկախության եւ պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ, ինչը խթանում է դատական համակարգը ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Ն.Պ.

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում է պահանջել: Պատգամավորը հետաքրքրվում է, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում: «Ի՞նչ է տեղի ունեցել Գյումրիում:  Գյումրու թիվ 29 դպրոցի 65 աշխատակից թեստավորվել են, եւ 8-ի մոտ ստացվել է COVID 19-ի դրական պատասխան: Աշխատակիցներից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել «Գյումրի» բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։ Սակայն աշխատակիցներին տեղեկացրել են, որ պարետատունը հիմք է ընդունում առաջին թեստի պատասխանը, եւ նրանք ստիպված են ինքնամեկուսանալ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում եմ պահանջել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- նշել է պատամավորը:

 

 

ԱՌԱՆՑ ԱՅՑԵԼԵԼՈՒ

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը։ Դրա միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլեւ այսուհետ նաեւ ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով եւ վավերացված ապոստիլով։

Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։ Դիմումների ընդունումը էլեկտրոնային ձեւաչափով հնարավորություն է տալիս դիմող անձանց այլեւս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը եւ վկայականի կրկնօրինակը վարույթը ավարտելուց հետո ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը կարող է արտատպվել եւ ներկայացվել՝ ըստ պահանջի:

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանին ձեւավորվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին, երբ կայացան Նոյեմբերյան քաղաքի եւ սահմանամերձ 8 գյուղերն ընդգրկող խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։ Ձեւավորվեց 15 անձից բաղկացած ավագանի։  Ավագանի անդամներից 2-ը՝ Գառնիկ Շահնազարյանը եւ Սլավիկ Խաչիկյանը, սահմանամերձ Կոթի գյուղից են։ Նրանք վերջերս դիմում են ներկայացրել համայնքի ավագանու կազմից դուրս գալու համար։  Նրանց  անունները  դեռեւս առկա են Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում։

Սեպտեմբերի 1-ով թվագրված Սլավիկ Խաչիկյանի հայտարարության մեջ նշված է, որ ինքը, տեսնելով համայնքապետի խտրական վերաբերմունքը  համայնքի բնակիչների՝  հանձնիս սահմանապահ Կոթի գյուղի բնակիչ Սպարտակ Խաչիկյանի նկատմամբ, հրաժարվում  է ավագանու լիազորություններից՝ հայցելով նաեւ իրեն ձայն տված քաղաքացիների  ներողամտությունը։ Սպարտակ Խաչիկյանը սահմանագոտում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին՝ Բաղանիս-Ոսկեվան  գյուղերի խաչմերուկում գործող իր ճաշարանին կից  ինքնակամ  կերպով օբյեկտ  է  կառուցել, որը նա կոչում է պաշտպանիչ պատ։  Նոյեմբերյան  համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն այդ ինքնակամ շինարարության ընթացքում Ս. Խաչիկյանին բազմիցս զգուշացրել է ապօրինի շինարարության անթույլատրելիության մասին, սակայն ապարդյուն։ Այժմ ինքնակամ կառույցի համար Ս. Խաչիկյանին մեծ տուգանքներ է սպասվում։ Նոյեմբերյանի ավագանու 2 այլ  անդամներ զինվորական աշխատանքի անցնելու կապակցությամբ նախկինում հրաժարվել են  ավագանու իրենց լիազորություներից։ Ավագանու մեկ այլ անդամ դարձել է  համայնքապետարանի ենթակա  մշակութային հիմնարկի տնօրեն  եւ, ըստ օրենքի, պետք է հրաժարվի ավագանու անդամությունից։  Այսպիսով, ավագանու 15  անդամից կմնա 10-ը, որը, սակայն,  բավարար  է ավագանու նիստերի քվորում ապահովելու համար։

 

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Կատարված թեստավորման արդյունքում Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի աշխատակիցներից  6 հոգու մոտ  կորոնավիրուսէ բացահայտվել, եւս  մեկ անձ  վարակակիր է հայտնաբերվել  հիմնական դպրոցի հարեւանությամբ գործող Նոյեմբերյանի ավագ դպրոցում։  Բերդ քաղաքի դպրոցներից մեկի  հավաքարարուհին եւս  վարակակիր է։  Համապատասխան  մարմիններից հայտնեցին, որ Տավուշի մարզի դպրոցների աշխատողների շրջանում կորոնավիրուսի թեստավորումները շարունակվում են, վարակակիրները  հիվանդության  բացահայտ նշաններ չունեն,  նրանք կինքնամեկուսանան  իրենց տներում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս