Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի մասին կնկարահանվի փաստավավերագրական ֆիլմ՝ «Սպիտակ խաչի պաշտպանը»: Նախագծի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանն այս մասին խոսել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:
-Էդգա՛ր, կներկայացնե՞ք՝ ինչի մասին է պատմելու ֆիլմը:
-Նախ՝ ֆիլմի մտահղացման հեղինակը հենց ինքը ռեժիսորն է՝ Մանանա Հակոբյանը, եւ երբ տեղեկացա, որ նման խոշոր պրոյեկտ է նախաձեռնում, ստացա առաջարկ մասնակցության եւ մեծ սիրով հայտնեցի իմ համաձայնությունը, որ զբաղվեմ պրոդյուսինգով եւ ֆիլմի գեղարվեստական մասով: «Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմը նկարահանելու հարցը քննակվել է դեռեւս տարիներ առաջ, սակայն այս պանդեմիայի շրջանում իրականում այն ավելի քան անհաժեշտ է հանրությանը եւ մեր սփյուռքում գտնվող հայրենակիցներին, քանի որ թեման ինքը շատ հարուստ է: Ֆիլմը պատմելու է Պարգեւ սրբազանի անցած ուղղու մասին, Արցախի թեմի վերակազմավորման, բոլոր մեր արցախյան հաղթանակների, Շուշիի ազատագրման մասին: Այն բոլոր հաղթանակները, որ մինչեւ այսօր մենք ունենք, ամփոփվելու է այս ֆիլմում: Լինելու են դոկումենտալ կարդրեր, եւ նաեւ կենդանի նկարահանումներ են տեղի ունենում այս պահին: Վստահ եմ, որ ուսուցողական, պատմամշակութային ֆիլմ է սպասվում մեր հայրենակիցներին, եւ վստահ եմ՝ շատ սիրվելու է մեր հանդիսատեսի կողմից:
-Ինչպե՞ս ընդունեց Ձեր առաջարկը Պարգեւ սրբազանը, ինչպիսի՞ն էր նրա արձագանքը:
-Մեր առաջարկն ընդունեց շատ մեծ ոգեւորությամբ եւ մեզ աջակցելով: Նկարահանուներն անցնում են շատ հետաքրքիր եւ բովանդակալից, քանի որ ունենք նրա օրհնությունը, նրա ողջ աջակցությունն ու լավ տրամադրությունը, որն էլ մեզ է՛լ ավելի ուժ է տալիս, որպեսզի աշխատենք ավելի պրոֆեսիոնալ: Իրականում շատ են եղել ցանկությունները նրա մասին ֆիլմ նկարահանելու, նրա անցած ուղղու մասին, եւ դա մեզ է հաջողվել իրականացնել: Կարելի է ասել՝ դժավարությամբ հասանք նրան, որ սրբազանը համաձայնեց իր մասին ֆիլմ նկարահանելու, ուրիշ այլ ինտրիգային իրադարձություններ չեն եղել: Մեզ համար պատիվ է լինել նրա կողքին եւ միեւնույն ժամանակ ստեղծագործել: Ֆիլմը փաստավավերագրական է, եւ ավելի շատ շեշտադրումը դրված է անձի վրա, թե ովքեր են եղել նրա կողքին, ինչ մարդկանցով է նա շրջապատված եղել եւ ինչ դժվարին ճանապարհ է անցել նա: Ֆիլմում հերոսները իրական են, եւ բոլորն էլ անցնում են նկարահանման փուլով: Պարգեւ սրբազանի կենսագրությունը ինքը հենց Արցախն է, եւ նրա այցից հետո Արցախը զարթոնք է ապրել, եւ այդ ժամանակ է լիարժեք դարձել Արցախը եւ արցախցին: Ֆիլմը ոչ միայն Պարգեւ սրբազանի մասին է, այլ նաեւ Արցախի, որի վառ ներկայացուցիչն է նա:
-Իսկ որքա՞ն ժամանակ է՝ նկարահանումները տեղի են ունենում: Գիտեմ, որ լայնամասշտաբ է այն իրականացվում: Ո՞ր երկրներում եք անցկացրել նկարահանուներ եւ դեռ որտե՞ղ պետք է իրականացնեք:
-Նկարահանումները սկսվել են այս տարվա հունիս ամսից: Նկարահանումներն իրականացվել են Շուշիում, Ստեփանակերտում, Դադիվանքում, Գանձասարում, Երեւանում եւ հենց այս պահին էլ շարունակվում են Փարիզում, որից հետո նկարահանումները շարունակվելու են ԱՄՆ-ում, Երեւսաղեմում, Մոսկվայում, Պրագայում, որտեղ որ կյանքի բերումով նրա հետ հաղթանակ տարած մարդիկ այսօր ինչ-ինչ պատճառներով գտնվում են:
-Էդգա՛ր, այս պանդեմիայի պայմաններում, երբ ավիահաղորդակցությունը սահմանափակ է, ինչպե՞ս եք իրագործում երկրից դուրս նկարահանումները:
-Այո, չնայած այդ ամենին՝ հաղթահարում ենք այդ խոչընդոտները: Խումբը մեկնում է երկրից հատուկ թույլտվությամբ, ներկայացնում ենք համապատասխան դիմումը, որից հետո կարողանում ենք մեկնել: Մենք այնպիսի մարդու մասին ենք ֆիլմ նկարահանում, որ մեր ճանապարհն ինքնըստինքյան ընթանում է լուսավոր:
-Խոսեցիք պրեմիերայի մասին. ե՞րբ եք պլանավորում ներկայացնել «Սպիտակ խաչի պաշտպանը» ֆիլմը հանդիսատեսին:
-Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ նոյեմբեր, իսկ պրեմիերան նախատեսվում է դեկտեմբեր ամսին ներկայացնել Արցախում եւ Երեւանում, իսկ հաջորդ տարի գարնանը՝ Փարիզում եւ Լոս Անջելեսում, այնուհետեւ հասանելի կլինի նաեւ հեռուստադիտողներին: Ֆիլմը կթարգմանվի նաեւ ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ
Թուրինի «Յուվենտուսը» բանակցություններ է վարում 3 հարձակվողի հետ. տեղեկացնում է Sky Italia-ն: «Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակը կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն է, որի հետ համաձայնության չգալու դեպքում ակումբը պայմանագիր կկնքի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ: Եթե «Յուվենտուսը» չկարողանա ձեռք բերել նաեւ Ժիրուին, ակումբը ձեռք կբերի «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» ղեկավարությունն անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Լուիս Սուարեսի հետ:
ԳՐԱՆՑՈՒՄԸ ՉԻ ՓՈԽԻ
Ֆրանսիական «Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը: Marca-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված «Ռեալն» ու ՊՍԺ-ն Կամավինգային ձեռք բերելու փորձեր կկատարեն 2021 թվականին: Էդուարդո Կամավինգայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո, սակայն Զինեդին Զիդանի հեղինակությունը կարող է լուրջ դեր ունենալ հնարավոր բանակցություններում: «Ռենի» հիմնական թիմի կազմում Կամավինգան մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»:
«ԼՈՌԻ» Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել իսրայելցի կիսապաշտպան Նաոր Աբոուդին: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Իսրայելի բարձրագույն լիգան ներկայացնող «Կիրյատ Շմոնա», «Աշդոդ», ինչպես նաեւ «Հապոել Ակկրե», «Իրոնի Նեշեր» թիմերում։ Աբոուդին Իսրայելի գավաթակիր է: Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։
ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը վնասվածք է ստացել թենիսի ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակիչի՝ Վիկտորիա Ազարենկայի հետ խաղում: 38-ամյա Ուիլիամսը ստացել է ձախ ոտնաթաթի վնասվածք: Հիշեցնենք, որ Վիկտորիա Ազարենկան հաղթանակ է տարել Ուիլիամսի նկատմամբ 1:6, 6:3, 6:3 հաշվով եւ դուրս եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ սեպտեմբերի 13-ին կմրցի ճապոնացի Նաոմի Օսակայի հետ: